Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ

Մարտ 22,2003 00:00

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ Երեքշաբթի օրը՝ մարտի 17-ին, Բուշը վերջնագիր ներկայացրեց Սադամ Հուսեյնին, որ վերջինս 48 ժամվա ընթացքում լքի սեփական երկիրը։ Բոլորին պարզ էր, որ դա պատերազմի հայտարարում է։ Իսկապես, մյուս օրը Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ պատերազմը կսկսվի նույնիսկ այն դեպքում, եթե Սադամը հեռանա Իրաքից։ Հետագայում պարզ դարձավ, որ նախագահ Բուշը պատերազմ սկսելու հրաման արձակեց վերջնագրի ժամկետը դեռ չավարտած։ Եվ պատերազմը սկսվեց մարտի 20-ի վաղ առավոտյան՝ Բաղդադի եւ Հարավային Իրաքի հրթիռակոծությամբ։ Առաջին հարվածի ժամանակ արձակվեց «ընդամենը» 40 թեւավոր հրթիռ։ Թվում է, որ ԱՄՆ-ն աշխարհը հոգեբանորեն պատրաստում է ավելի լայնածավալ գործողությունների եւ զոհերի։ Սակայն այդ հարվածից էլ, տարբեր տվյալներով, զոհվեց մոտ 10 խաղաղ բնակիչ եւ հրդեհ բռնկվեց Հարավային Իրաքում գտնվող նավթամշակող գործարանում։ Ակնհայտ է, որ ամերիկյան զորքերի մոտակա եւ կարեւոր նպատակն է գրավել հարավային Բասրա քաղաքը, որի շուրջ գտնվում են մի քանի տասնյակ նավթահորեր։ Լրագրողների վկայությամբ, Իրաքի եւ Քուվեյթի սահմանագծից լսելի են փոխհրաձգության եւ ծանր հրետանու ձայները։ Աշխարհի երկրների արձագանքը կանխատեսելի էր։ Առավել կոշտ արտահայտվեց Ռուսաստանի նախագահ Պուտինը, որն ԱՄՆ-ի քայլը քաղաքական սխալ համարեց եւ պահանջեց դադարեցնել պատերազմը։ Պարզ է, որ Ռուսաստանը այս պատերազմի հետեւանքով լրջագույն տնտեսական կորուստներ կունենա ինչպես Իրաքում, այնպես էլ ընդհանրապես՝ նավթի գների սպասվող անկման պատճառով։ Բացասական արտահայտվեցին նաեւ Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, համարելով, որ նման գործողությունները փլուզում են միջազգային հարաբերությունների ողջ համակարգը։ Չափազանց հետաքրքիր էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի գնահատականը՝ հայտարարված պատերազմի հենց նախօրեին, իրեն բնորոշ զսպվածությամբ։ Տիկին Օլբրայթը նշում է, որ սա առաջին նախադեպը կլինի, երբ ԱՄՆ-ն գործի է դնում ռազմական ուժը համապատասխան միջազգային որոշումների եւ երկրի համար ուղղակի սպառնալիքի բացակայության դեպքում։ Օլբրայթը, իհարկե, պատահական մարդ չէ եւ արտահայտում է լուրջ շրջանակների կարծիքը կամ ելույթ է ունեցել նրանց հանձնարարությամբ։ Եվս մի փոքրիկ դետալ՝ Բուշի ելույթի ժամանակ, երբ նա վերջնականապես հայտարարեց պատերազմը սկսվելու մասին, տեսախցիկը միացվեց ժամանակից շուտ եւ ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես են սանրում եւ նախապատրաստում ԱՄՆ-ի նախագահին, որը նույն ժամանակ ապագա ճառից հատվածներ էր արտասանում։ Թվում է, որ դա պատահականություն է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ քիչ են լինում։ Թույլ տվեք ենթադրել, որ պրն Բուշը ապագա քավության նոխազ է, որ նրա վրա կբարդեն բոլոր քաղաքական եւ պատերազմական սխալները եւ չեն վերընտրի երկրորդ անգամ։ Իսկապես, չէ՞ որ ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս է գալիս իրավական դաշտից եւ վաղ թե ուշ պետք է քայլեր մշակել այդ դաշտ վերադառնալու համար։ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ իր վրա մնա ագրեսորի պիտակը։ Նա կխոստովանի իր որոշ սխալները եւ կփորձի վերականգնել միջազգային կայունությունը։ Բայց «սեւ գործն» արդեն արված կլինի։ ԱՄՆ-ն կտիրանա Իրաքի նավթային պաշարներին եւ ավելի կամրապնդվի աշխարհի միանձնյա լիդերի դերում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ Հ. Գ. Ինչպես եւ ենթադրվում էր, հետագա օդային հարվածներն ավելի ուժեղ էին։ Ամերիկյան զորքերը 250 կմ խորացել են Իրաքի տարածք։ Կատաղի մարտեր են գնում Բասրայի մատույցներում։ Ամերիկացիները եւ բրիտանացիները արդեն կորցրել են առնվազն 16 զինվոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել