Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐՍՈՒՄ ՉԳԻՏԵՆ ՀԱՅ ԿԻՆՈՆ

Մարտ 28,2003 00:00

ԴՐՍՈՒՄ ՉԳԻՏԵՆ ՀԱՅ ԿԻՆՈՆ 90-ական թվականներին երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամը բնականաբար պետք է անդրադառնար նաեւ կինոարվեստի վրա։ Պետությունը հնարավորություն չուներ ժամանակին վճարել տարեկան նույնիսկ մեկ ֆիլմի արտադրության համար նախատեսված գումարը։ Ժամանակին, սակայն, «Հայֆիլմ» կինոստուդիան 1100 աշխատակից ուներ, տարեկան արտադրվում էր 4 լիամետրաժ գեղարվեստական, նույնքան մուլտիպլիկացիոն եւ 2 կարճամետրաժ ֆիլմ։ «Հայֆիլմի» վերելքի տարիներին էլ հանդես եկան այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Մալյանը, Դովլաթյանը, Փարաջանովը՝ իրենց «Եռանկյունի», «Բարեւ, ես եմ», «Նռան գույնը» ֆիլմերով։ Վերջին տարիներին, թեեւ ուշացումով ու դժվարությամբ, բայց այնուամենայնիվ նկարահանվեցին ֆիլմեր, որոնց վերնագրերն իսկ հուշում են, որ դրանցում իր արտացոլումն է գտել երկրի ծանր վիճակը՝ «Աղետ», «Արյուն», «Անիծվածներ», «Սեւ պատը»։ Ցուրտ ու խավար տարիներն արդեն անցյալում են, բայց չեն մոռացվել այսօր էլ նկարահանվող ֆիլմում։ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռը» պատմում է դրանց մասին։ Ներկայումս պետականորեն կինոստուդիային ընդամենը տրամադրվում է տարեկան 1 լիամետրաժ ֆիլմի արտադրությանն անհրաժեշտ գումար։ Իսկ նկարահանվող ֆիլմերը օտարերկրացիների հետ համագործակցության արդյունք են։ «Համագործակցությունը թույլ է տալիս տնտեսել ֆինանսական ռեսուրսները, մեկ ֆիլմի գումարով նկարահանել 2-3-ը, ինչպես նաեւ հայկական ֆիլմերը ներկայացնել միջազգային շուկայում։ Այս տարի եւս արտադրության կիջեցվեն գեղարվեստական ու մուլտիպլիկացիոն նոր ֆիլմեր»,- կարծում է «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը։ Հետաքրքիր է, որ ներկայումս երիտասարդ ռեժիսորների «ավելցուկ» կա, որովհետեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ու Մանկավարժական համալսարանը տարեկան «արտադրում» են 20-30 ռեժիսոր, որոնց մեծ մասը որոշում է բախտը փորձել հեռուստատեսությունում։ «Հայֆիլմ» ստուդիայի տնօրենը պլանավորել է տարեկան 2-3 դեբյուտային ֆիլմի նկարահանում եւս։ Վերջերս կառավարության հավանությանն արժանացան կինոարվեստի պահպանման, տարածման, զարգացման հայեցակարգային հիմնադրույթները։ Կինոարվեստը, կինոմշակութային արժեքները պետականորեն պահպանվեցին։ Դժվարությամբ, բայց հաջողվեց «Հայֆիլմ» ստուդիան դարձնել պետական ոչ առեւտրային հիմնարկ։ Մինչդեռ կինոարվեստի տարածումը Հայաստանում եւ միջազգային շուկայում շատ դանդաղ է ընթանում։ Պետության կողմից տարեկան հատկացվում է որոշակի, գրեթե չնչին գումար՝ կինոփառատոներին մասնակցելու համար։ Սակայն այս երեւույթը Գ. Գեւորգյանը ձեւականություն է համարում։ Ըստ նրա, տրամադրվող գումարը գրոշաչափ է, բավարարում է հազիվ 1-2 փառատոնի մասնակցելու, մինչդեռ հայկական կինոարվեստի տարածման համար անհրաժեշտ է բավականին գումար, առանց որի հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես պետք է ներկայացվի հայ կինոն արտաքին աշխարհում։ «Ամենամեծ խոչընդոտն այն է, որ դրսում մեզ չեն ճանաչում։ Վերջերս Իտալիայում կազմակերպված փառատոնի ժամանակ ներկայացվեց հայկական 10 ֆիլմ՝ «Շոր ու Շորշորից» մինչեւ «Լռության սիմֆոնիան»։ Ու թեեւ կինոմասնագետները շատ հավանեցին մեր ֆիլմերը, բայց չգնեցին, որովհետեւ ծանոթ չեն մեր արվեստին, մեզ,- նշեց Գ. Գեւորգյանը եւ ավելացրեց,- Հայաստանում այսօր շատ հեռուստաընկերություններ ցանկանում են ցուցադրել հայկական ֆիլմեր։ Սակայն նրանք հնարավորություն չունեն վճարելու։ Ցավոք, գրեթե չեն գործում կինոպրոկատները, չկա նաեւ կինոթատրոնների լայն ցանց»։ Ինչ վերաբերում է կինոարվեստի զարգացմանը, ապա դա պահանջում է նախեւառաջ տեխնիկական վերազինում, նոր «կինոլեզվի» յուրացում։ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրենը փորձում է համոզել, որ ստուդիան իսկապես պատրաստ է այսօր ընդունելու օտարերկրացի կինոմասնագետների։ Նա տեղեկացրեց նաեւ, որ շուտով նրանք Հայաստան կգան, քանի որ կան պայմանագրեր, որոնց համաձայն էլ ֆիլմեր կնկարահանվեն, եւ ստուդիան կվերանորոգվի ու տեխնիկապես կվերազինվի։ Հայկական կինոարվեստը, որ շուրջ 80 տարվա պատմություն ունի, այժմ չունի նախկին փառքը։ Չնայած այս ամենին, Գ. Գեւորգյանը համոզված է, որ Հայաստանում ստեղծագործական մեծ ներուժ կա, որը ի վիճակի է ապահովելու հայ կինոարվեստի զարգացումը։ ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել