Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍՊԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՇԻՎԸ ԽԱՂԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑ

Ապրիլ 05,2003 00:00

ԻՍՊԱՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՇԻՎԸ ԽԱՂԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակն Իսպանիայում կտրուկ մեծացրել էր հետաքրքրությունը մեր ազգային հավաքականի նկատմամբ։ Համենայնդեպս, այդ բանը զգացինք Իսպանիայում գտնվելու ողջ ընթացքում։ Լեոն քաղաքը, ուր հանգրվանել էր մեր ազգային հավաքականը եւ որտեղ կայանալու էր Իսպանիա-Հայաստան հանդիպումը, ամբողջությամբ ապրում էր այդ խաղի սպասումով։ Լրատվամիջոցները, ֆուտբոլասերները, անկախ տարիքից ու սեռից, պարզապես պաշարել էին մեր թիմին, առաջինները՝ հարցազրույցներ վարելու, մյուսները՝ ինքնագիր վերցնելու նպատակով։ Երեւանյան հաղթանակը հարկադրել էր մեր ընտրանուն ամենայն լրջությամբ վերաբերվել նաեւ տանտերերի հավաքականի մարզիչներին ու ֆուտբոլիստներին։ Մասնավորապես, դեռ Իսպանիա ժամանելուց առաջ տեղական թերթերին տված հարցազրույցներում իսպանացիների գլխավոր մարզիչ Ինյակի Սայեսն ասել էր, որ Հայաստանի թիմի հեղինակությունը բավականաչափ բարձրացել է, իսկ հավաքականի աստղ Ռաուլն ավելացրել էր, թե եթե իրենք ամբողջությամբ չնվիրվեն խաղին, դժվար կլինի մերոնց հաղթելը։ Այս տեսակետը եւս մեկ անգամ հաստատվեց հանդիպման նախօրեին Սայեսի հրավիրած ասուլիսում։ Պատասխանելով իսպանացի լրագրողների եւ մեր հարցերին՝ անվանի մասնագետը հայտարարեց, թե իրենք շատ բան չգիտեն Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս կազմի, խաղամակարդակի մասին, սակայն ինքն ու իր սաները ուշադիր դիտել են Հունաստանի, Իսրայելի եւ Հյուսիսային Իռլանդիայի հետ անցկացրած խաղերը ու եկել այն եզրակացության, որ թիմը խաղից խաղ բարձրացնում է մակարդակը ու իրենք Հայաստանին համարում են լուրջ մրցակից։ Սայեսը խուսափեց նաեւ հավանական հաշվի մասին որեւէ բան ասելուց՝ նշելով միայն, որ չհաղթելը, առավել եւս պարտվելը (ինքն այս մասին չի մտածում, բայց եւ զգացվում էր, որ չի էլ բացառում) իրենց համար աղետ կլինի։ Նույն միտքն էին արտահայտում նաեւ հաջորդաբար լրագրողներին հանդիպած եվրոպական ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Գուտին, Կանիսարեսը, Արանսարալը։ Նրանք բոլորն էլ հատկապես ընդգծում էին, որ իրենց առաջնային խնդիրը ժամ առաջ գոլ խփելն է։ Դա իրենց վստահություն կներշնչի։ Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլիստներին, թեեւ նրանց հետ մնում էինք նույն հյուրանոցում, աշխատում էինք չշփվել, որպեսզի չխանգարենք անչափ պատասխանատու խաղին նախապատրաստվելուն։ Բայց նաեւ գիտեինք մի բան. տղաները տրամադրված էին վճռական, պատրաստ էին ճակատամարտ տալ ահեղ մրցակցին՝ չերկնչելով նրա հեղինակությունից։ Այս բանի վկան դարձանք ապրիլի 2-ին Լեոնի «Էստրադո Անտոնիո Ամիլիվիա» ստադիոնում կայացած Իսպանիա-Հայաստան ազգային հավաքականների մրցավեճում։ Սայեսը խաղադաշտ էր դուրս բերել իր թիմի ամենամարտական կազմը՝ Կասիլիաս, Սալգադո, Ռաուլ Բրավո, Ալբելդա, Մարչենա, Էլգերա, Ռաուլ, Խավի, Վալերոն, Տրիստան, Էչեբերիա։ Հասկանալի է, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան մարտադաշտ էր մտցրել իր լավագույններին՝ Բերեզովսկուն, Մելիքյանին, Դոխոյանին, Հովսեփյանին, Վարդանյանին, Խաչատրյանին, Պետրոսյանին, Ոսկանյանին, Սարգսյանին եւ Քարամյան եղբայրներին։ Խաղադաշտում ծավալված գեղեցիկ պայքարը, որում մեր ֆուտբոլիստներն իրենց բարձր տեխնիկայով, գրագետ ու փոխհամագործակցված գործողություններով խառնեցին թե մրցակից աստղային թիմի, թե նրանց բազմահազար երկրպագուների հաշվարկները՝ հաճելի անակնկալ մատուցելով հայ ֆուտբոլասերներին, նկարագրելու հարկ, կարծում ենք, չկա, քանի որ հանդիպման ուղիղ հեռարձակումը դիտել են Հայաստանում։ Ասենք միայն, որ Իսպանիայում դրանից հետո կտրուկ փոխվեցին պատկերացումները մեր ազգային հավաքականի, հայկական ֆուտբոլի եւ Հայաստանի մասին։ Հաջորդ օրը մամուլը, ընդգծելով իսպանացիների տարած 3։0 հաշվով հաղթանակը, դրվատանքի բազում խոսքեր է շռայլել մեր հավաքականի, առանձին ֆուտբոլիստների եւ ընտրանու նոր գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հասցեին, որի ղեկավարությամբ կոլեկտիվը կարճ ժամանակում ձեռք է բերել նոր դեմք, նոր ձեռագիր, նոր ոգի։ Ֆուտբոլում ընդունված է, որ խաղի գնահատականը տրվում է վերջնական արդյունքով։ Այս առումով գրանցված հաշիվը չի կարող մեզ բավարարել։ 3։0-ն, այնուամենայնիվ, խոշոր հաշիվ է։ Ու սա ցույց է տալիս, որ մերոնք խոցելի տեղեր դեռ շատ ունեն, որ հավաքականում անելիքներ շատ կան։ Բայց ճշմարտությունը պահանջում է ասել նաեւ, որ այդուհանդերձ, գրանցված հաշիվը չի համապատասխանում տվյալ խաղում կողմերի ուժերի իրական հարաբերակցությանը։ Ավելին, հատկապես առաջին խաղակեսում մեր տղաներն այնքան գրագետ, վստահ էին գործում, որ որոշ դրվագներում թվում էր, թե հայաստանցիներն են դաշտի տերերը։ Ու դժվար է ասելը, թե խաղն ինչ զարգացումներ կարող էր ունենալ, եթե Արթուր Պետրոսյանը գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում գրեթե մեկ-մենակ դուրս գալով Կասիլիասի դեմ, բաց աներ հաշիվը։ Կամ, եթե Քարամյան եղբայրների հեռահար հարվածներն ավելի դիպուկ լինեին։ Առանձնակի գեղեցիկ էր երկրորդ խաղակեսում Արտավազդ Քարամյանի «մկրատ» հարվածը, երբ գնդակը մի փոքր բարձր անցավ հորիզոնական դարպասաձողի վրայով։ Ու միանգամայն բնական էր ստադիոնում տեղ զբաղեցրած 13 հազար ֆուտբոլասերների՝ ժամանակ առ ժամանակ դժգոհության իրենց երկրպագուներից հնչող՝ սուլոցները։ Երկրորդ խաղակեսում զգացվեց, որ մեր տղաները մի քիչ հոգնել են։ Ու դա բավական էր, որպեսզի դաշտի տերերն իրենց խոսքն ասեին։ Հայաստանը պարտվեց 0։3 հաշվով։ Բայց դա ուներ մի քանի օբյեկտիվ պատճառները, որոնք հաշվի չառնել չի կարելի։ Սկսենք նրանից, որ ուղեւորությունն Իսպանիա երկար էր ու հոգնեցուցիչ. օդանավով ութ ժամ՝ Երեւան-Փարիզ-Վալիադոլիդ, այնտեղից՝ ավտոբուսով մինչեւ Լեոն գրեթե 2 ժամ։ Ընդհանուր առմամբ ճանապարհի վրա ծախսվեց մոտ 10 հոգնեցուցիչ ժամ։ Եվ ուժերը վերականգնելու համար կար ընդամենը մեկ լիարժեք օր։ Բացի դա, մեր երկու առաջատար ֆուտբոլիստները՝ Արթուր Պետրոսյանն ու Հարություն Վարդանյանը, յոթ օրվա ընթացքում անցկացրին երեք շատ ծանր խաղ՝ նախ «Յանգ Բոյզի» կազմում Շվեյցարիայի գավաթի խաղարկությունում «Բազելի» հետ, որում նշանակվեց նաեւ լրացուցիչ 30 րոպե, այնուհետեւ Երեւանում եղանակային դժվար պայմաններում հանդես եկան Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի ու դրանից երեք օր անց՝ Իսպանիայի ընտրանու դեմ։ Հիմնական կազմի մեր մյուս անդամը՝ Ալբերտ Սարգսյանը, փաստորեն, Աթենքում կայացած Հունաստան-Հայաստան խաղից հետո չէր մասնակցել որեւէ պաշտոնական կամ ընկերական հանդիպման, ասել է թե՝ մի քանի ամիս խաղային փորձ էր կորցրել։ Ասվածին ավելացնենք նաեւ, որ Ռոմիկ Խաչատրյանն ու Արտավազդ Քարամյանը այդ օրը խաղադաշտ էին մտել վնասվածքները լրիվ չապաքինված։ Այնպես որ, պարտությունն այնքան էլ հուսահատեցնող չէ։ Պարզապես պետք է աշխատել այն հավատով ու համոզվածությամբ, որ Հայաստանի ազգային ընտրանին անկախության տարիների ընթացքում առաջին անգամ ոտք է դնում մեծ ֆուտբոլի սկիզբ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Լեոն-Փարիզ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել