Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 18,2003 00:00

ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ցեղասպանության պատմությունը մասնագետների կարիք ունի «Հայկական հարցի ուսումնասիրության» հանձնախմբի ստեղծման գաղափարը երկար ժամանակ պտտվելուց հետո վերջապես իրագործվեց, եւ առաջին քայլը ԵՊՀ արհմիությունների ուսանողական ակումբների համադաշնության կազմակերպած տասնօրյակն է՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Նմանատիպ քայլերը վկայությունն են այն բանի, որ մեր երիտասարդ սերունդը պատրաստ է մտնել այս գործընթացի մեջ, եւ եթե կարողանանք առաջիկա 2-3 տարիներին ունենալ համապատասխան կառուցվածքները, տալ կազմակերպական լուծումներ, ապա Հայոց ցեղասպանության 90-ամյակին, միջազգային բոլոր ստանդարտներին համարժեք, կկարողանանք վերցնել այն դրոշը, որը մեզ է փոխանցվում արդեն 90 տարի: Սա նաեւ երաշխիքն է մեր անվտանգության. երկիրը, որը չի ճանաչում իր ոճիրը, որը չի ցանկանում ընդունել կատարվածը, չի զղջում դրա համար, այդ երկիրը, լինելով մեզ հարեւան, ամեն րոպե վտանգ է ներկայացնում մեր գոյության համար, ուրեմն նա պատրաստ է կրկնել այդ ոճիրը: Երկիրը, որը ճանաչում է իր մեղսագործությունը, ապաշխարում է եւ պատրաստ է դրա համար խոսակցություն սկսել, այդ երկիրն իբրեւ հարեւան արդեն բոլորովին այլ հարաբերությունների վրա է: Այս իմաստով պարտավոր ենք սերնդեսերունդ փոխանցել ճանաչման գաղափարը, որովհետեւ դա ավելացնում է ազգի դիմադրողականությունը, ավելի միացնում է աշխարհի հայությանը, եւ ցեղասպանության ճանաչման գաղափարը դառնում է հայ ազգի միավորման գործոններից մեկը՝ իր տարակարծություններով հանդերձ, որ իր հիմքում ունի հայրենիքի վերադարձի միավորող գաղափարը»,- ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Ըստ ամենայնի, երիտասարդների այս նախաձեռնությունը կունենա հստակ օժանդակություն, որովհետեւ հայագիտությունը, ՀՀ Կառավարության որոշմամբ, հայտարարվել է մեր գիտության առաջնահերթություններից մեկը: ԿԳ նախարարն այս հարցում կարեւորում է նաեւ երիտասարդների վերապատրաստման խնդիրը. «Կարիք ունենք ցեղասպանության պատմության մասնագետների, որովհետեւ դիվանագիտության, արտաքին քաղաքականության հիմնախնդիրների մեջ իբրեւ ուղղություններից մեկը նշում ենք ցեղասպանության ճանաչումը: Լավ կլիներ, որ երիտասարդներից 1-2 հոգի Երուսաղեմում կրթական ծրագիր անցնեին՝ Ցեղասպանության բարձրագույն կրթական հաստատությունում»: Թուրք լրագրող, Գերմանիայի թուրքերի «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը սկսեց հիշեցումից, որ ցեղասպանությունը կատարվեց քաղաքակիրթ արեւմուտքի անտարբեր հայացքների տակ եւ նրա ժխտումն էլ այդ նույն աչքի առաջ է կատարվում. «Իսկ Իրաքի օրինակը մեզ ցույց է տալիս, թե որքան քաղաքակիրթ են նրանք»: Թուրք լրագրողը նախ նշեց, թե իրենց գլխավոր պարտականությունը ցեղասպանության զոհերի սերունդներից ներողություն խնդրելն է, ավելին, որ պարտավոր են ընդունել ցեղասպանության բոլոր կործանարար հետեւանքները եւ բացի պատժամիջոցներից, վերադարձնեն այն, ինչ մեր ժողովրդից խլել են: Ապա անցավ ավելի իրատեսական մոտեցման, թե՝ «դժբախտաբար, մեր հնարավորությունները սահմանափակ են. թեպետ մենք ընդունում ենք ցեղասպանության իրագործման փաստը, բայց միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացրած որեւէ պետություն իր հանցանքը հենց այնպես չի ընդունում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել