Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ԴԵՄ Է ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆԸ

Ապրիլ 22,2003 00:00

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԸ ԴԵՄ Է ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆԸ Երկքաղաքացիությունն արգելող դրույթը Սահմանադրության փոփոխված տարբերակից (որը հանրաքվեի կդրվի մայիսի 25-ին) հանված է։ Սակայն դա չի նշանակում, թե երկքաղաքացիությունն ընդունված է՝ չկա համապատասխան օրենք։ Այս իրավիճակում հետաքրքիր է քննել կարծիքները, որոնք, ինչպես լինում է սովորաբար, խիստ տարբեր են։ Կան կողմ եւ դեմ կարծիքներ։ Իմ զրուցակիցը՝ 13 տարի Հայաստանի Հանրապետությունում բնակվող սփյուռքահայ Սարգիս Հացպանյանը, օրինակ, դեմ է երկքաղաքացիությանը. «Ես ինքս դեմ եմ երկքաղաքացիությանը, որովհետեւ քաղաքացիությունն իրավական կատեգորիա է, իսկ երկքաղաքացիությունը կրկնակի խնդիր է, որովհետեւ նշանակում է՝ մի քաղաքացիության սուբյեկտն այլ քաղաքացիության սուբյեկտի հետ պետք է շաղկապվի։ Օրինակի համար՝ ես աշխատում եմ, հարկատու եմ, հարկերը պետք է մուծեմ որտե՞ղ՝ այս երկրում, թե՞ զույգ երկրներում։ Հաջորդը զինակոչային ծառայությունն է, որը եւս շատ կարեւոր հանգամանք է։ Ուրեմն ես մեկ անգամ զինվորություն անեմ, ասենք՝ Ֆրանսիայում, հետո էլ այս երկրո՞ւմ։ Քանի որ այս հարցերը նախագծի տեսքով առայժմ քննարկման չեն դրվել, ուստի, միանշանակ տեսակետ հայտնելը շատ դժվար է, բայց ընդհանուր գաղափարի իմաստով, քանի որ տարբեր երկրներում կա երկքաղաքացիության օրինակը, մենք կարող ենք ուրիշի օրինակի վրա տեսակետ հայտնել։ Օրինակ՝ ես սփյուռքահայ եմ եւ 13 տարի ապրում եմ Հայաստանում եւ ինքս ընտրելու եւ ընտրվելու իրավունք չեմ ունեցել, եւ շատ բնական է, որ չեմ ունեցել, որովհետեւ չեմ էլ ձգտել։ Եթե ձգտեի՝ կհրաժարվեի իմ քաղաքացիությունից, կընդունեի ՀՀ քաղաքացիություն եւ կօգտվեի այդ իրավունքից»։ Պրն Հացպանյանին այս հարցերից բացի հետաքրքրում է ավելի շատ այս մեկը. «Ենթադրենք, ընդունվեց երկքաղաքացիության օրենքը, մեր ազգի գրեթե 2/3-ը կամ մի քիչ ավելին, դժբախտաբար, ապրում է ՀՀ սահմաններից դուրս։ Իսկ մեր բանակի թվաքանակը հայտնի է, զորակոչային տարիքը հայտնի է։ Արդյոք ԱՄՆ-ից, Կանադայից կամ այլ տեղերից հայերը երկքաղաքացիություն ձեռք բերելուց հետո գալո՞ւ են ծառայելու հայկական բանակում։ Կամ քաղաքացին իր երկրի հանդեպ այդ պարտականությունն ինչպե՞ս է իրականացնելու, կամ Աստված չանի, վերսկսվի պատերազմը։ Մենք պիտի ունենանք կրկնակի կատեգորիայով քաղաքացիներ՝ մի մասն ուզի-չուզի՝ պիտի կռվի սահմանը պաշտպանելու համար, մյուսը՝ անհայտ է, գալո՞ւ է եւ կռվելո՞ւ է, որեւէ մեկը նրան ստիպելո՞ւ է, թե՝ արի հայրենիքիդ սահմանը պաշտպանի։ Ահավասիկ, սա է ինձ հուզող կարեւոր հարցը»։ Հայաստանի քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Դաշնակցության ներկայացուցիչները եւս պնդում են, որ աշխարհով մեկ սփռված հայերի համար պարզապես պարտադիր է ունենալ երկքաղաքացիության մասին օրենք։ Սարգիս Հացպանյանը՝ մեր այս դիտարկմանն ի պատասխան, ասաց. «Ես հակառակն եմ մտածում հատկապես այդ հարյուրամյա կուսակցության արտահայտած մտքերի, որովհետեւ արդեն դրա փաստը կա։ Երբ որ ղարաբաղյան շարժումը ծավալվեց, ես Փարիզում շատ ակտիվ մասնակցություն ունեցա այդ շարժմանը։ Այդ ամբողջը Դաշնակցությունն էր կազմակերպել, ու երբ ցույցերի ժամանակ մենք կամավոր սկզբունքով Ղարաբաղ եկանք կռվելու, այդ բոլոր կազմակերպիչները չեկան երբեւիցե Ղարաբաղ, նույնիսկ թեկուզ տուրիստ չեկան, այն մարդիկ, ում ես շատ լավ եմ ճանաչում (Փարիզի մասին է խոսքը կամ Ֆրանսիայի այլ հատվածների)։ Փարիզից մենք մի քանի հոգով եկանք, մի քանի տարի պատերազմին մասնակցեցինք որպես կամավորականներ, բայց ովքեր որ դրա մասին շատ էին խոսում, գոռում եւ կանչում՝ չկային։ Իսկ ովքեր որ եկան, Դաշնակցության հետ ընդհանրապես կապ չունեին։ 100 տարի է խոսվում է՝ էսպես պետք է անել, այնպես պետք է անել, ավելի լավ է անել՝ չխոսել։ Ես այսպես եմ գնահատում եւ միանշանակ հերքում եմ այդ կուսակցության արտահայտած մտքերը, թե սփյուռքահայերը պետք է միայն իրենց ծագման շնորհիվ քաղաքացիություն ստանան։ Գոնե ես անձամբ ճանաչում եմ մի 10-15 մարդ, որոնք Ֆրանսիայի գաղտնի գործակալության համար են աշխատում, հայ են, պաշտոնյա են, այդ համակարգում բարձր պաշտոնյա են։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե այդ հայը Ֆրանսիայի ազգային անվտանգության շահերն է պաշտպանում, ինչպե՞ս պետք է մեր երկրի՝ Հայաստանի շահերը պաշտպանի»։ Պրն Հացպանյանի հետ մասամբ համամիտ չլինելով, նկատեցինք, որ եթե լինի երկքաղաքացիության մասին օրենք, անշուշտ կկարգավորվի այդ եւ բազմաթիվ այլ հարցեր եւս։ Պրն Հացպանյանը նկատեց, որ ասենք Քըրք Քըրքորյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Մեր կարծիքով՝ Ք. Քըրքորյանին ոչ թե քաղաքացիություն է տրվել, այլ՝ պատվավոր անձնագիր. «Եթե այդպես է, ես ասելիք չունեմ, իսկ եթե այդպես չէ, ասելիք շատ ունեմ, որովհետեւ նրան, ըստ երեւույթին, ձրի են տվել, իսկ ես, օրինակ, 1000 դոլարով եմ ստացել (խոսքը հատուկ կացության կարգավիճակի մասին է.- Մ. Ե.) եւ Ղարաբաղում կռվել եմ։ Մեկը փող ունի՝ նրան տվել են այդ բանը, իսկ ես փող չունեի՝ կյանքս եմ տվել, կրնայի զոհված լինել»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել