Լրահոս
Օրվա լրահոսը

Եկանք, տեսանք, գրանցեցինք

Ապրիլ 22,2003 00:00

Եկանք, տեսանք, գրանցեցինք Փետրվարի 1-ից ուժի մեջ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի փոփոխված տարբերակը։ Բնապահպանական տեսանկյունից փոփոխությունները նշանակալից են, նույնիսկ կարող են շրջադարձային լինել։ Օրենսգրքի 156-րդ եւ 157-րդ հոդվածներով ապօրինի ծառահատման եւ բարեկարգման կանոնների խախտման համար նախկինում նախատեսված 500-750 դրամի փոխարեն այժմ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկ չափով տուգանք։ Մինչ այդ պատժամիջոց չէր կանխատեսվում էկոփորձաքննության դրական եզրակացություն չունեցող տնտեսվարող սուբյեկտի համար։ Լրամշակված տարբերակի հոդված 94/1 կետով ամրագրվել է տուգանքաչափ տնտեսվարող սուբյեկտի համար՝ նվազագույն աշխատավարձի 50, իսկ օրինազանցությունը թույլ տվող պաշտոնյայի հանդեպ՝ 100-ապատիկ չափով։ Դա՝ առաջին անգամ օրինախախտում կատարելիս, իսկ մեկ ամիս հետո, եթե խախտումը չի վերացվում, թվերն աճում են համապատասխանաբար 80 եւ 150-ապատիկ չափով։ Հայտնվել են «ձկներ» այս նոր «ուռկանում» եւ՝ ի՞նչ չափի. առանձին անդրադարձի թեմա է։ Երեկ հրավիրած մամլո ասուլիսում Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնի տնօրեն Խաժակ Կարայանը վստահ հայտարարեց, որ անհամեմատելի բարձրացված տուգանքաչափերը մեծ դեր կխաղան ապօրինությունների կանխարգելման ու վերացման գործում։ Նրա բերած օրինակով, անցյալ տարի կենտրոնի հայտնաբերած 1000 դեպքից 35-ն է դիտվել վարչական օրինախախտում, ինչի համար գանձվել եւ պետբյուջե է մուտք արվել 20 հազար դրամ։ Դեպքերի նույն թվաքանակով, բայց նոր տուգանքաչափերով այդ գումարը կկազմեր 2-3 մլն դրամ։ Թեպետ հասկանալի է, որ խնդիրը բյուջեն լցնելը չէ, այլ՝ շրջակա միջավայրն աղտոտումից ու ծառահատումներից փրկելը։ Այս գործում քաղաքապետարանի եւ բնապահպանության նախարարության բնապահպանական հսկողության կառույցներն, ըստ պարոն Կարայանի, միմյանց չեն խանգարում, որովհետեւ «մենք իրականացնում ենք ընթացիկ հսկողություն, իսկ նրանք՝ վերահսկողություն»։ 2002 թվականին 504 բնապահպանական իրավախախտումների դեպք է հայտնաբերվել, որի 98%-ը վերացվել է, իսկ 22-ի վերաբերյալ թաղապետարանների վարչական հանձնաժողովները կիրառել են վարչական տույժեր։ «Կենտրոնն իրավախախտումները հայտնաբերում է ոտքով քաղաքի փողոցները շրջելով, մեր ֆինանսական միջոցներն առայժմ շատ սուղ են, բայց հույս ունենք, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի»,- դժվար է ասել, թե ում համար եւ ինչ հույսով նշեց Խաժակ Կարայանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել