Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՈՍԿԻՆ» ԵՎ «ԱՐԾԱԹՆԵՐԸ»

Ապրիլ 22,2003 00:00

ԴԱՆԻԵԼՅԱՆԻ «ՈՍԿԻՆ» ԵՎ «ԱՐԾԱԹՆԵՐԸ» Հայ ծանրորդը լիովին կարող էր նաեւ երկամարտի արդյունքով հաղթող դառնալ, սակայն նրա այս հաջողությունը մարզիկին օդի պես պետք էր տեւական ընդմիջումից հետո հոգեբանորեն պատրաստվելու ավելի պատասխանատու մեկնարկներին։ Հունաստանի Լուտրակի քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի եզրափակիչ օրը արգասաբեր եղավ Հայաստանի համար։ Մեր երկիրը մրցավայր էր գործուղել չորս պատվիրակի, որոնց մեջ ամենափորձառուն Աշոտ Դանիելյանն էր։ Ու բնական է, որ հենց նրանից էլ մեդալներ էին ակնկալվում։ Գերծանր քաշային կարգում պայքարը որպես կանոն անչափ սուր ու անհաշտ է լինում։ Այստեղ վճռորոշ դեր են խաղում ոչ միայն ծանրորդների բարձրացրած կիլոգրամները, այլեւ նրանց անձնական քաշը։ Լուտրակիում մրցանակային տեղերին այս քաշային կարգում հավակնում էին միանգամից չորս-հինգ ծանրորդներ, այդ թվում՝ ռուսաստանցի Եվգենի Չիգիշեւը, Աշոտ Դանիելյանն ու բուլղարացի Դամիան Դամիանովը։ Հենց այս դյուցազուններն էլ ի վերջո երկամարտի արդյունքով նույն հերթականությամբ կանգնեցին պատվո պատվանդանին։ Պոկում վարժությունում Աշոտն ու Եվգենին երկու առաջին մոտեցումներով ցույց տվեցին միեւնույն արդյունքը՝ նախ 195.0, ապա 202,5 կիլոգրամ։ Վերջին մոտեցումն անելիս Աշոտը չցանկացավ ռիսկի դիմել եւ բարձրացրեց 205,0 կգ-ն։ Նրա գլխավոր մրցակից Չիգիշեւը, սակայն, սանձեց 207,5 կիլոգրամը եւ այս մրցաձեւում նվաճեց փոքր «ոսկին»՝ Աշոտին թողնելով «արծաթը»։ Հիմնական պայքարը ծավալվելու էր հրում վարժությունում, որտեղ հայ ծանրորդն իրեն ավելի վստահ է զգում։ Եվգենին սկսեց 235.0 կգ-ից, որին Աշոտը պատասխանեց 242,5-ով։ Երկրորդ մոտեցումով ռուսաստանցին սանձեց 240.0 կգ-ն։ Այստեղ Դանիելյանը, հավանաբար, ցանկանալով միանգամից վերջակետ դնել պայքարին, պատվիրեց 247,5 կգ, բայց, ավաղ, երկու մոտեցումներն էլ անհաջող ստացվեցին։ Արդյունքը եղավ այն, որ թե՛ Աշոտ Դանիելյանը, թե՛ Եվգենի Չիգիշեւը երկամարտում ունեցան հավասար արդյունք՝ 447,5 կգ։ Սակայն անձնական քաշով մրցակցին ավելի քան 50 կգ-ով գերազանցող հայ մարզիկը հարկադրված եղավ բավարարվել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով։ Ասենք նաեւ, որ երկրորդ մրցաձեւում Ա. Դանիելյանը արժանացավ փոքր «ոսկուն»։ 442,5 կգ-ով երրորդ տեղը գրավեց Բլագոյ Բլագոեւը։ Համեմատաբար հաջող հանդես եկավ նաեւ մեր 77 կգ քաշային Գեւորգ Ալեքսանյանը, որը երկամարտի 340 կգ (152,5+187,5) ցուցանիշով գրավեց 5-րդ տեղը։ Նույն՝ 340 կգ (150+190) արդյունքը ցույց տվեց նաեւ 85 կգ քաշային Տիգրան Քամալյանը եւ հանգրվանեց 14-րդ հորիզոնականում։ Իսկ ահա Արմեն Ղազարյանը, որը պետք է մասնակցեր 62 կգ քաշայինների պայքարին, վնասվածքի պատճառով ընդհանրապես մրցահարթակ չմտավ։ Տղամարդկանց թիմային պայքարում Հայաստանը 178 միավորով 30 երկրների մեջ գրավեց 14-րդ տեղը, իսկ ընդհանուր (տղամարդիկ եւ կանայք) մրցակցությունում, շնորհիվ Աշոտ Դանիելյանի վաստակած 3 մեդալների, ճանաչվեց 8-րդը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել