«Մենք ծրագրում ենք շարունակել հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչպես որ ասել ենք», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իզվեստիա»-ի մեկնաբան Նիկոլայ Իվանովի հետ զրույցում։
«Մենք ասել ենք, որ ցանկանում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին կապերը՝ համապատասխան մեր արտաքին քաղաքականության, որը մենք անվանում ենք հավասարակշռման քաղաքականություն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք ցանկանում ենք զարգացնել և խորացնել դրանք։ Մենք պարզապես պետք է ընդունենք, որ օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում, որովհետև մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը՝ մեր հարաբերությունները կենտրոնացած էին բացառապես, այսպես ասած, 90%-ով անվտանգության հարցերի վրա։ Հիմա, խաղաղ միջավայրում, տեղի է ունենում հարաբերությունների օբյեկտիվ տրանսֆորմացիա»,- ասել է Փաշինյանը։
«Մենք ցանկանում ենք կառուցողական կերպով տրանսֆորմացնել և խորացնել ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները։ Եվ մենք ցանկանում ենք խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները։ Ահա այսպիսին են այս հարցի վերաբերյալ մեր ընկալումները»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Լրագրողի հարցին, թե ինչպես է շարունակվելու Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ, շարունակելո՞ւ են «երկու աթոռի վրա նստելու» փորձերը՝ Փաշինյանն արձագանքել է. «Ինչո՞ւ երկու աթոռի։ Մենք նստած ենք նույն հայկական աթոռին, այնպես որ երկուսի կարիքը չունենք»։
Կարդացեք նաև
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում արձագանքելով այս պնդմանը՝ գրել է. «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը, իսկ «Սերժ մերժելով» մանրից հանգրվանեցիք ադրբեջանա-թուրքական իշաոտնուկի վրա։
Թե բա «մենք նստած ենք հայկական աթոռին»։
Հայկական աթոռը մինչեւ 2018 էր։
Հիմա նստած եք թուրք-ադրբեջանական իշաոտնուկին։
Հերթով ու շարքով իրականացնում են ադրբեջանական պահանջներն ու դեռ խոսում են «հայկական աթոռից»։
Ո՞րն է «հայկական աթոռը». ՀՀ-ի 240 քառ.կմ ադրբեջանական օկուպացիա՞ն, թե՞ Արցախի հայաթափումը։
Ո՞րն է «հայկական աթոռը». ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվելը, թե՞ Եկեղեցու վրա հարձակումները։
Արդյո՞ք «հայկական աթոռի» հետ կապ ունի Տիգրանաշենը Քյարքի անվանելը։
ԵՄ-ում ՀՀ-ին սպասող չկա եւ ռեժիմը ՀՀ-ն տանում է «խաղաղ վիլայեթացման»։


















































