Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԸՆԹԱՑՍ

Ապրիլ 24,2003 00:00

ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՀԸՆԹԱՑՍ ԿԸՀ-ի երեկվա «պաշտոնական պարզաբանումը» մածունը սեւ համարեց Հայ իրականության մեջ, առավել եւս, ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, բնավորություն է դառնում, որ պետական մարմինը զբաղվի ոչ այն գործունեությամբ, որն իրեն օրենքով վերապահված չէ: Եթե ՍԴ-ն իր իրավասությունների շրջանակներից դուրս կարող է ՀՀ օրենսդիր մարմնին, դատախազությանն ու այլոց առաջարկություններ անել կամ խորհուրդներ տալ, ապա ինչո՞ւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող իրեն օրենսդիր իշխանության կամ ՍԴ-ի դեր վերապահել: Երեկ ԿԸՀ-ն որոշում ընդունեց պաշտոնապես պարզաբանել «Ընտրական օրենսգրքի» հոդված 97-ի 3-րդ եւ հոդված 111-ի 1-ին կետերը եւ դա արեց շատ ինքնատիպ կերպով: Իսկ Օրենսգրքի հոդ. 97-ի 3-րդ կետում ամրագրված է. «Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները վայր դնելու դեպքում»: «ԸՕ» հոդված 111-ի 1-ին կետում նշված է. «Այն թեկնածուները, ովքեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են, գրանցման պահից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումն ազատվում են իրենց պաշտոնական պարտականությունները կատարելուց»: Ահավասիկ, որպեսզի ԿԸՀ-ն առաջիկայում ձերբազատված լինի իրեն ուղղված հնարավոր մեղադրանքներից, նա այս գլխից որոշել է, այսպես ասած, լեգիտիմացնել իշխանական՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Հզոր Հայրենիք» կուսակցությունների համամասնական ցուցակները: Հիշեցնենք եւս մեկ անգամ, որ մասնավորապես ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին տողը զբաղեցնում է պետական պաշտոնյա, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, երկրորդը՝ ուժային կառույցի ղեկավար՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որոնց հաջորդում են ՀՀ կառավարության մյուս անդամները՝ թվով 10 նախարարներ, ՏԻՄ-ի ղեկավարներ, զորօրինակ՝ Ջերմուկի քաղաքապետ Աշոտ Արսենյանը, ՀՀ քաղծառայության խորհրդի մեկ անդամ եւ այլ պետպաշտոնյաներ: ՀՅԴ-ի համամասնական ցուցակում էլ ընդգրկված են երկու նախարար, մեկ մարզպետ՝ ի դեմս Հրայր Կարապետյանի, մեկ ՀՀ քաղծառայության խորհրդի տեղակալ՝ Արեւիկ Պետրոսյան եւ այլք: Ինչ վերաբերում է «Հզոր Հայրենիքին», ապա՝ այս ցուցակի առաջին երկու տեղերում հայտնված մարդկանցից մեկը Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն է, մյուսը՝ նրա տեղակալ Վարդան Վարդապետյանը, կան նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ՝ Վարդենիսի գյուղապետ Մանուկ Մանուկյանն է: Սրանք այն պաշտոնյաներն են, ովքեր վերոհիշյալ 97-ի 3-րդ կետով եւ 111-ի 1-ին կետով սահմանված կարգով իրենց լիազորությունները վայր չեն դրել: Հիմա նրանց արդարացնելու գործին է կպել ԿԸՀ-ն, որը երեկ որոշեց «Ընտրական օրենսգրքի» մասնավորապես հոդ. 97-ի 3-րդ կետի դրույթի «ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալումը բացառելու, «ԸՕ» եւ «Ոստիկանության ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքների միջեւ առկա հակասությունները պարզաբանելու նպատակով հայտնել, որ վերոհիշյալ նորմի պահանջները տարածվում են միայն ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության ծառայողների, զինծառայողների, հարկային եւ մաքսային ծառայողների վրա» եւ չեն տարածվում այդ մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողների վրա, որովհետեւ նրանց վրա տարածվում են ոչ թե հիշյալ օրենքները, այլ՝ ՀՀ քաղծառայության մասին օրենքի պահանջները: Իսկ ԸՕ հոդ. 111-ի 1-ին կետի վերաբերյալ ԿԸՀ-ն հայտնել է. «պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ են հանդիսանում այդ համակարգերի քաղաքացիական ծառայողները եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք», մինչդեռ ՏԻՄ-երում «քաղաքացիական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնավարությունը կախված է քաղաքական գործիչների կամքից»: Հետեւաբար, ըստ ԿԸՀ-ի, այդպիսի «պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սովորական աշխատանքային հարաբերությունները կարգավորող նորմերի պահանջները, եւ նրանց իրավական կարգավիճակը սահմանվում է այլ իրավական նորմերով, որովհետեւ նրանք պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների շարքում չեն դասվում»: Ահա այդպես: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել