Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՑ ԱՐԱՂԻ ՉԵՍ ՀԱՍԿԱՆԱ»

Ապրիլ 24,2003 00:00

«ԱՌԱՆՑ ԱՐԱՂԻ ՉԵՍ ՀԱՍԿԱՆԱ» Սահմանադրական դատարանի որոշումն այսպես է գնահատում Արդարադատության խորհրդի անդամ, պրոֆեսոր Ռոբերտ Ավագյանը: – ՍԴ որոշումից հետո բոլորը սկսեցին քննադատել այն՝ անգամ չմտահոգվելով, որ գործ ունեն պետական մարմնի հետ: Ձեր կարծիքով՝ ո՞րն է դրա պատճառը: – ՍԴ որոշումն արդեն իսկ դարձել է ժողովրդական բանահյուսության նյութ: Այսօր ասում են՝ Աստված հեռու պահի շառից, փորձանքից եւ Սահմանադրական դատարանից: Եվ իսկապես. եթե անդրադառնանք ՀՀ Հիմնական օրենքի նորմերին, ապա կարող ենք արձանագրել, որ ՍԴ ապրիլի 16-ի որոշման բազմաթիվ կետեր հակասահմանադրական են: Նախ նշեմ, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»: Ո՞րն է եղել դատական այս բարձր ատյանի քննարկման առարկան: Ինչպես նշվել է որոշման մեջ՝ «ՀՀ նախագահի 2003թ. մարտի 5-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործը»: Ընդունված վճիռն է՝ անփոփոխ թողնել ԿԸՀ որոշումը նախագահի ընտրության վերաբերյալ: Տարօրինակ է, բայց վճռի «որոշեց» մասում այս կետը թվով 5-րդն է: Դրանից առաջ (եւ հետո) կետերի բովանդակությունը բացարձակապես քարոզչական, խրատական, քաղաքական ու հանձնարարական բնույթի է: – Սակայն 5-րդին նախորդում է 40 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները ոչ հավաստի համարելու վերաբերյալ կետը, կամ նշվում է, թե «իրավական առումով հիմնավոր փաստարկված է, որ տեղ են գտել լցոնման, ձայների սխալ հաշվարկի, այլոց փոխարեն քվեարկության եւ այլ բնույթի էական խախտումներ»: Որոշման այս կետե՞րն եք համարում խրատական: – Չեմ համարում, ինչպես նաեւ՝ չեմ համարում, թե ՍԴ-ն, այնուամենայնիվ, չի անդրադարձել խնդրո առարկային: Բայց պնդում եմ, որ եթե նույնիսկ դա կա՝ չի կազմում ընդհանուր որոշման որակական մաս: Իսկ ստվար մասն, այո՛, քարոզչական եւ այլ բնույթի է: Մինչդեռ Հիմնական օրենքի 100 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՍԴ-ն լուծում է նախագահի ընտրության արդյունքների հետ կապված վեճերը: Դատելով նրանից, որ ՍԴ-ն հաստատել է ԿԸՀ որոշումը 5-րդ կետով, կարծում եմ՝ ՍԴ-ն ունեցել է այլ, եթե կարելի է այսպես ասել՝ ավելի կարեւոր նպատակներ: – Որոշակիացրեք՝ ի՞նչ նպատակներ նկատի ունեք, քանի որ այս օրերին շատ են ակնարկներ անում, թե գուցե Գագիկ Հարությունյանը փորձում էր «դաշտը մաքրել իր համար» եւ այլն: – Խնդիրն այս է. եթե հայցադիմումը տրված է տվյալ առարկայի վերաբերյալ՝ խոսիր դրա՛ մասին, ինչո՞ւ ես ընդլայնում ոլորտը: – ՍԴ նախագահը պատասխանեց այդ հարցին, թե օգտագործել են միջազգային փորձը, որն այս ատյանին հնարավորություն է ընձեռում նաեւ անել առաջարկներ: Վկայակոչվեց Լեհաստանի ՍԴ օրինակը: – Դա ինձ չի համոզում: Հոլանդիայում էլ ազատ վաճառում են թմրանյութեր, հետո՞: Սխալ է ասել, թե վճիռ եմ կայացնում, հենվելով Լեհաստանի փորձի վրա, քանի որ, նախ եւ առաջ՝ գոյություն ունի ՀՀ Սահմանադրություն: Միգուցե Լեհաստանի Սահմանադրությունն այդպիսի հնարավորություն տալիս է ՍԴ-ին: Ամենակարեւորը՝ առաջին ատյանի դատավորը գիտի, որ այս կամ այն վճիռը կայացնելիս պետք է ապացույցները գնահատի իր համակցության մեջ: Այստեղ դա չի արվել: Խոսվում է ԵԱՀԿ դիտորդների գնահատականի մասին, բայց բացարձակապես ոչինչ չի ասվում ԱՊՀ դիտորդների եզրակացության մասին: Հիմա՝ Արամ Կարապետյանի պես հարցնեմ. «Ասացեք խնդրեմ՝ ինչո՞վ է դա բացատրվում»: Կարծում եմ, որ այստեղ դրսեւորվել է հերթական սուբյեկտիվիզմը՝ ռեւերանսներ անել Եվրոպային եւ բուն նյութը թողնել, որ «ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ ոչխարները՝ ողջ»: Սա մեկն է այն նպատակներից, որոնց մասին ակնարկեցի՝ ոչ թե կայացնել իրավական որոշում, այլ դուր գալ սրան-նրան: Հետեւանքը ապակայունացումն է: – Կարելի էր նաեւ այսպես մեկնաբանել, թե գործում եղած ապացույցները գնահատելով համակցության մեջ՝ ՍԴ-ն գտել է, որ արժանահավատ է ԵԱՀԿ դիտորդների եզրակացությունը, ուստի եւ վկայակոչել է միայն նրանց: – Ես էլ ասում եմ՝ ՍԴ-ն պետք է ինձ՝ քաղքենիիս բացատրեր, թե գտնում է, որ այդ մե՛կն է ճիշտ: Բայց միտումնավոր անտեսվել, առհասարակ չի գնահատվել մյուս եզրակացությունը, այն դեպքում, երբ (չեմ ասում, թե Եվրոպայից հեռու ենք) մեր պետության 70 տարին կապված է եղել հենց ԱՊՀ երկրների հետ: Արդյունքում ունենք ամեն ինչ՝ բացի իրավական ակտից: Առաջին հերթին՝ նկատի ունեմ որոշման հետեւյալ խորաթափանց միտքը. «Ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը»: Ինչպես ասում են՝ «առանց արաղի չես հասկանա»: – Բայց նախագահի ընտրությունից հետո իրոք դիմակայություն է առաջացել, ՍԴ-ն էլ այս ուղին է առաջարկում, շեշտելով, որ դա միայն առաջարկ է: – Երբ ամուսինները հայցով դիմում են դատարան՝ բնակարանային, ապահարզանի կամ այլ պահանջով, դատավորը պետք է կայացնի իրավական վճիռ, եւ չի կարող բարոյաքարոզչական նախադասություններ մտցնել վճռի մեջ: Ցո՛ւյց տվեք մի այնպիսի վճիռ, որտեղ գրված է՝ կնոջն, իհարկե, մեկ սենյակ հասնում է, բայց քանի որ ամուսինը դատված չի եղել ու նախկինում աշխատել է ռետինատեխնիկական իրերի գործարանում՝ լավ կլիներ, եթե… Նույն բանն արել է ՍԴ-ն: – Շարունակեմ զուգահեռը՝ շատ է լինում, որ ապահարզանի համար դատարան դիմած ամուսիններին տալիս են փորձաշրջան, թե 1 տարի էլ իրար հետ ապրեք, եթե տեսնեք անհնարին է՝ նոր կամուսնալուծենք ձեզ: – Այդ փորձաժամկետն այս դեպքում բացարձակապե՛ս պետք չէր: Ընտրությունն անցավ 2 փուլով՝ համարեք, թե 2-րդ փուլը հենց փորձաժամկետ էր: Հիմնական օրենքի 2-րդ հոդվածը հռչակում է. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների… միջոցով»: Իսկ 3-րդ հոդվածի համաձայն՝ «ՀՀ նախագահի… ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են… գաղտնի քվեարկությամբ»: Որպես իրավաբան կարող եմ պնդել, որ Հիմնական օրենքը «ընտրություններ-հանրաքվե» համատեքստում նախապատվությունը տալիս է ընտրություններին: Իսկ եթե մեկնաբանենք 3-րդ հոդվածը՝ կստացվի, որ ՀՀ նախագահի (ինչպես եւ ԱԺ, տեղական ինքնակառավարման մարմինների) ընտրությունների հետ կապված հարցերը դուրս են հանրաքվեների ոլորտից: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել