Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՒՐԱԿԸ ԱՆԱՊԱՏ ԿԴԱՌՆԱ՞

Ապրիլ 25,2003 00:00

ՊՈՒՐԱԿԸ ԱՆԱՊԱՏ ԿԴԱՌՆԱ՞ Ամերիկյան համալսարանի հարեւանությամբ գտնվող պուրակը շրջապատված է բնակիչների հոգատարությամբ, քանի որ այն հիմնադրվել է Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնելու համար։ «Ժամանակին դրա տեղում քար ու ապառաժ էր։ Բնակիչների նախաձեռնությամբ այդ անապատում ծառ ու թուփ է աճեցվել։ Մարդիկ չարչարվել են, համարելով, որ յուրաքանչյուր ծառ իրենց զոհված հարազատն է»,- ասաց այգու հարեւանությամբ ապրող՝ դոկտոր, պրոֆեսոր Վալերի Սեդրակյանը։ Նա, իր հարեւանների նման, մտահոգված է պուրակի ճակատագրով, որի տարածքի մի պատկառելի հատված, բնակիչների տեղեկություններով, վաճառված է ինչ-որ մի անհայտ ամերիկացու կամ ամերիկահայի։ «Պուրակի հարցը լուծելու համար դիմում ենք գրել մեր տարածքի պատգամավորին՝ Կիմ Բալայանին։ Նա էլ բնակիչներին բացատրել է, որ իբր գնորդը դաշնակցական է ու իր բողոքը էթիկապես ճիշտ չէ,- նկատեց մեկ ուրիշ բնակիչ՝ Վոլոդյա Քոչինյանը,- մենակ ընտրությունների ժամանակ են գալիս բոլորի տները, խնդրում, որ ընտրեն, հետո ամեն ինչ մոռանում են»։ Պուրակի շրջակայքում ապրող Լեւոն Վարդանյանն էլ փաստեց. «Հաճախ դիտմամբ ջուրը կտրում են, որ այգին չորանա, ասեն ծառ չի եղել։ Նույնիսկ վերջերս հրդեհել էին։ Իսկ բնակիչներս դույլով էլ ենք ջրում, միայն այգին ապրի»։ Բնակիչները պնդում են, որ միտումնավոր են պուրակը անխնամ թողել։ Հիշում են, որ վերջին անգամ Արաբկիրի նախկին թաղապետ Ֆ. Յայլոյանի օրոք է շաբաթօրյակ եղել. «Բայց ի՞նչ շաբաթօրյակ՝ 6 հատ լապատկա էին բերել, 8 հատ կամերա։ Իրենց նկարեցին, տելեվիզրով ցույց տվին ու ամեն ինչ վերջացավ»։ «Անցած տարի էլ հորատող մեքենա էին բերել, ծառերը կտրելով մտել էին այգի, բնակիչները բանվորներին կանխեցին։ Բայց ի՞նչ կարող էին անել, երբ անցյալ տարվանից արդեն պրոյեկտ կա, տարածքն էլ վաճառված է։ Ուղղակի ընտրություններ են՝ հիմա շինարարություն չեն անում։ Բայց երբ ամեն ինչ հանգստանա, կսկսեն աշխատել»,- ասաց մի ուրիշը։ Նրան լրացրեց հարեւանը. «Ասում են, ըստ նախագծի, ամերիկացիները նոր մասնաշենք են կառուցելու՝ 900 քմ տարածքով։ Չափը հատուկ է մտածված, որովհետեւ, եթե 1000 քմ-ն անցնեն՝ Կանաչների միություն կա, բան կա։ Բայց էս 900 քմ-ն էլ սարքելու համար մոտ 3000քմ պիտի ավերեն։ Շինհրապարակ պիտի լինի, չէ՞։ Փաստորեն ստացվում է, որ շուտով էստեղ անապատ կդառնա»։ Պուրակը խնամողները հիշում են նաեւ, թե ինչպես Ռոբերտ Նազարյանը «ոսկե բահով» նոր մասնաշենքի հիմնաքարը դրեց, հեռուստաընկերությունները նկարեցին, հետո ժողովուրդը ցրվեց, դրված հիմնաքարն էլ իրենց հետ տարան։ Քանիցս դիմել են քաղաքապետարան ու թաղապետարան, խնդրել, որ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող, իրենց համար թանկ այս պուրակում որեւէ շինարարություն չկատարվի։ Մատնացույց են արել խորհրդային տարիներից կիսակառույց մնացած բազմաթիվ շինություններ ու ազատ տարածքներ։ Սակայն՝ ապարդյուն։ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը պարզաբանեց, որ պուրակից մի հատված տրված է Ամերիկյան համալսարանին՝ նոր մասնաշենք կառուցելու համար։ Քաղաքապետը հայտարարեց, որ բնակիչները ճիշտ չեն ներկայացրել ինֆորմացիան, որ պուրակը չի ոչնչացվում ու որեւէ ծառ չի կտրվելու. «Ընդհակառակը, Ամերիկյան համալսարանը սրտացավ ու հարազատի նման է վերաբերվում իր շրջակայքին, ես էլ չեմ կիսում բնակչության կարծիքը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել