Լրահոս
Օրվա լրահոսը

Օհան Դուրյանը մնալու է Հայաստանում

Ապրիլ 25,2003 00:00

Օհան Դուրյանը մնալու է Հայաստանում Վերջերս լուրեր էին պտտվում, թե Օհան Դուրյանը Հայաստան է եկել իր առանձնատունը վաճառելու եւ հայրենիքից վերջնականապես հեռանալու համար։ Այս ամենը ճշտելու, ինչպես նաեւ հետագա ծրագրերին ու անելիքներին ծանոթանալու նպատակով հանդիպեցի մաեստրոյին։ – Սկզբում, ճիշտն ասած, ես շատ հիասթափված էի իմ ժողովրդի անտարբերությունից, որ հանդուրժող էր դարձել ամեն տեսակ անօրինականությունների նկատմամբ։ Որոշել էի հեռանալ Հայաստանից, սակայն ընտրություններից հետո զգացի, որ ժողովուրդը ոտքի է ելել հանուն արդարության եւ պայքարում է իր իրավունքների համար։ Այս ամենը շատ ուրախացրեց ինձ։ Որոշեցի, որ մնալու եմ այստեղ՝ իմ ժողովրդի շահերը պաշտպանելու համար։ Հավատացած եմ, որ բռնակալությամբ երկար ժամանակ երկիր չի կառավարվելու, շուտով իշխանափոխություն կլինի եւ ամեն ինչ իր տեղը կընկնի,- հավատացած է Օ. Դուրյանը։ Նա նշեց նաեւ, որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, սպասվում է թեժ պայքար։ Ուստի տեղին համարեց հիշել, թե ինչպես էր 2 տարի առաջ Հայաստանը ողջ աշխարհում հնչեցնում, որ ինքն առաջին քրիստոնեական երկիրն է եւ մեծ շուքով նշում 1700-ամյա հոբելյանը։ «Ես համոզված եմ, որ մեր իշխանությունների 90%-ը գաղափար չունի, թե ինչ է քրիստոնեությունը։ Այս ամենը վերաբերում է նաեւ ժողովրդին։ Եկեք մեկ անգամ եւս հիշենք, որ քրիստոնեական կրոնը քարոզում է սուտ չխոսել, չխաբել, չկաշառել եւ սուտ չերդվել։ Այստեղ ես կարեւորում եմ կաթողիկոսի դերը, որը, դժբախտաբար, նույնպես մասնակից դարձավ այդ զեղծարարություններին։ Եթե բոլորս առաջնորդվենք Քրիստոսի պատվիրաններով, այն ժամանակ հաջողությամբ կպսակվեն մեր բոլոր գործերը»,- համոզված է Օ. Դուրյանը։ Հարկ ենք համարում նշել, որ անցած տարի Օհան Դուրյանը իր ծննդյան 80-ամյակի հոբելյանական համերգը նվիրել էր ահաբեկչության դեմ պայքարին եւ մեծ ուշադրության արժանացել, մինչդեռ այս փաստը անարձագանք մնաց մեր իշխանությունների կողմից։ Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին, մաեստրոն նշեց, որ ժամանակ առ ժամանակ կբացակայի Հայաստանից՝ Մոսկվայում համերգներ ունենալու համար, քանի որ 5 տարվա պայմանագիր ունի կնքած այնտեղ։ Այն հարցին, թե ինչո՞վ եք զբաղվելու հայրենիքում, պատասխանեց. «Այստեղ կաշխատեմ այն ժամանակ, երբ իշխանության գլուխ կգան ժողովրդի ընտրյալները»։ ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել