Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՉԼՈԻԾՈՒԿ», ՊԱՇԱՐՆԵՐԸ՝ «ՊՐԾՈՒԿ»

Մայիս 01,2003 00:00

ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՉԼՈԻԾՈՒԿ», ՊԱՇԱՐՆԵՐԸ՝ «ՊՐԾՈՒԿ» Սեւանի շրջանի գյուղերում գարունն ուշացել է մեկ ամսով Սեւանի Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր եւ մի քանի այլ գյուղեր, բացի Գեղարքունիքի ցանկացած գյուղին բնորոշ մյուս բոլոր պրոբլեմներից, ունեն մի ընդհանուր խնդիր՝ «ծով» չունեն։ Այդ պատճառով այդ գյուղերի բնակիչները չեն կարողանում օգտվել, իրենց բնորոշմամբ՝ «ծովի» բարիքներից։ Ծաղկունքում գյուղացիները պատմում էին, որ վերջերս Սեւանա լճում հաճախացել են ձկնորսների խեղդվելու դեպքերը։ Սակայն միեւնույն է, իրենք էլ կուզեին լճի ափին մոտ լինել եւ ձկնագողությամբ զբաղվել։ Որովհետեւ, նրանցից մեկի ասելով, ամոթ է, որ այդ շրջանում ապրեն եւ իրենց երեխաները ձկան կարոտ մնան։ Այս բոլոր գյուղերում ամենամեծ պրոբլեմը ոռոգման ջուրն է։ «Ոռոգման ցանցը էղել ա, շարքից դուրս ա էկել, ոչ մեկն էլ չի մտածում։ Խմելու ջրի հարցը մասնակի լուծուկ ա, բայց ցանցը շարքից դուրս էկուկ ա»,- պատմեց դդմաշենցի Սերոժ Ստեփանյանը։ Տարածաշրջանում մշակում են հիմնականում հացահատիկ եւ կարտոֆիլ։ Ծաղկունքի գյուղապետի տեղակալ Սուրիկ Դավթյանը ասաց, որ ոչ սերմացուով, ոչ վառելանյութով, ոչ պարարտանյութով գյուղացուն չեն օգնում. «Մի տարի, երեւի նախանցյալ, մենակ կարտոշկա էին բերել, ամեն ընտանիքի երեւի 10 կգ չհասավ։ Էսօրվա դրությամբ մեխանիզմները կանգնած են՝ հին, մաշված։ Վառելանյութ չկա, շատ թանկ է գնելը։ Պարարտանյութ ստացել ենք շատ քիչ, չի բավարարում, խոստացել են, որ նորից կտան, բայց դեռ չկա»։ Նույն Ս. Դավթյանը պատմեց, որ վթարային, վտանգավոր վիճակում է Ծաղկունք-Գագարին կամուրջը. «Նշանակության (երեւի նկատի ունի՝ ստրատեգիական- Ա. Գ.) ճանապարհ ա, շատ խիստ վտանգավոր ա, վաղը, մյուս օրը փլվելու ա։ Ձայներս բարձրացնում ենք, ոչ մեկը, ոչ մի կառավարություն չի լսում»։ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամից ճշտեցինք, որ կամուրջի վերականգնման ծրագիրը հաստատված է, այժմ փորձաքննության փուլում է։ Բոլոր գյուղերում գարնանացանի աշխատանքները ուշացել են գրեթե մեկ ամսով։ Պատճառը միայն ոռոգման ջուրն ու սերմացուի պակասը չեն։ Անգամ երկու օր առաջ այս շրջանում ձյուն էր տեղում։ «Սենց բան չի եղել։ Երեւակայի, ես 53 տարեկան եմ, սենց բան չեմ տեսել։ Ոչ մի անասուն ա արոտ գնացե, ոչ մի բան ենք ցանել առայժմս։ Մի ամիս հետ է ընկել»,- ասաց զովաբերցի Կիրով Մանուկյանը։ «Իսկ գյուղացու ձմեռվա պաշա՞րը»,- հարցրինք։ «Գյուղացու պաշարը, կարելի ա ասել, վերջացել ա»։ Այս տարածքում ամենասարսափելի պատմությունը, որ լսեցինք, անգամ ձկնորսների խեղդվելու դեպքերը չէին։ Սեւան քաղաքում պատմում էին Ծովագյուղի թունելի մասին. «Թունելը բացած են, Քըրքըրյանի մոմենտով։ Ժողովուրդը աշխատում են ներսում, ծուխը խեղդում ա, չեն կարողանում բան անել։ Էրկու ժամ աշխատըմ են, մե ժամ հըլնըմ են դըսին նստըմ»։ Այս աշխատանքային պայմաններն անգամ կարող են շանտաժի նյութ դառնալ. «Ընդե նեղըմ են. եթե դու չես աշխատըմ, ուրեմն թող գնա, էն մեկը կաշխատի։ Տենց էլ անըմ են»։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել