Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Մայիս 28,2003 00:00

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Նախ սկսենք նրանից, որ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված քվեարկության մասնակիցների 1.234.546 ընդհանուր թվից, ըստ նույն այդ պաշտոնական հաղորդագրության՝ առանձին կուսակցությունների օգտին քվեարկել է 1.175.256 ՀՀ քաղաքացի։ Եթե այդ թվին էլ ավելացնենք անճշտությունների չափ հռչակված 8582 թիվը, ստացվում է 1.183. 838, որն ընտրություններին մասնակցածների հրապարակված 1.234.546 թվից պակաս է 50.708 ձայնով, ինչն էլ, թերեւս, բաժին է ընկնում Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր դեմ են քվեարկել բոլոր կուսակցություններին։ Ընտրությունների արդյունքների ամենանախնական դիտարկումներն անգամ ակնհայտ են դարձնում Հանրապետական կուսակցության արձանագրած շշմեցուցիչ արդյունքները։ Սակայն նկատի ունենալով, որ Քաղաքական տեխնոլոգիաների «Լոգոս» հայկական կենտրոնի անցկացված համահայաստանյան մոնիտորինգային հարցումների արդյունքներով, մայիսի 10-ի դրությամբ, ՀՀԿ-ն կարող էր հավակնել կուսակցությունների օգտին տրված ձայների ընդամենը 10.33%-ին, որը նախորդ ամսվա համանման հետազոտության համեմատությամբ աճել էր 2.26%-ով, ապա պայմանականորեն աճի այդ դինամիկան պահելու դեպքում 15-օրյա կտրվածքով ՀՀԿ-ի էլեկտորալ վարկանիշը մայիսի 25-ին կարող էր մայիսի 10-ի համեմատությամբ աճել եւս 1.13%172ով եւ ընտրություններին պետք է հասներ 11.46%-ի սահմաններին։ Մինչդեռ մայիսի 25-ի ընտրությունների ԿԸՀ նախնական արդյունքներով Հանրապետական կուսակցությանը տրվել է կուսակցությունների օգտին տրված ձայներից 23.66%-ը, ինչը նշանակում է, որ կուսակցությունների օգտին տրված ձայների հաշվարկում կան ավելի քան 12% հավելագրումներ կամ լցոնում է կատարվել ՀՀԿ օգտին՝ ավելի քան կրկնապատկելով այդ կուսակցության էլեկտորալ վարկանիշը։ Եթե նկատի ունենանք նաեւ, որ ըստ ԿԸՀ հրապարակած նախնական պաշտոնական արդյունքների («Հայաստանի Հանրապետություն», 27 մայիսի 2003թ) կուսակցությունների օգտին ձայն են տվել քվեարկության 1.234.546 մասնակիցներից միայն 1.175.256 ընտրող, ապա ստացվում է, որ ՀՀԿ-ի օգտին լցոնվել կամ հավելագրվել է ավելի քան 141.030 ձայն։ Իսկ դա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել են ոչ թե 1.234.546 ընտրող, այլ 1.093.516 ՀՀ քաղաքացի, որից էլ կուսակցությունների օգտին ձայն է տվել միայն 1.034.226 ՀՀ քաղաքացի։ Ըստ այդմ՝ էապես փոխվել է (այդ դեպքում արդեն՝ նվազման վեկտորով) նաեւ մյուս կուսակցությունների օգտին ստացված ձայների տոկոսը, քանզի նրանց ստացած ձայների տոկոսային հաշվարկը տվյալ դեպքում արդեն պետք է կատարվեր ոչ թե որպես ընտրության մասնակիցներից կուսակցությունների օգտին ձայն տվածների՝ հավելագրումներով հայտարարված 1.175.256 թվից, այլ իրականությանը շատ ավելի մոտ 1.034.226 թվից (կուսակցությունների օգտին քվեարկածների թվից հանած ՀՀԿ օգտին արված ենթադրվող հավելագրում-լցոնումների թիվը)։ Ուշագրավ է, որ այդ ենթադրվող հավելագրումը ճակատագրական նշանակություն է ունեցել ՀԺԱՄ-ի համար, որը այդ հավելագրումների բացակայության դեպքում 1.034.226 ընտրողների թվի պայմաններում 5.21 տոկոսով հաղթահարելու էր խորհրդարան մտնելու համար նախատեսված 5 տոկոսանոց սահմանարգելքը։ Ընդ որում՝ այս հաշվարկը կատարված է միայն ելնելով այն կանխադրույթից, որ ՀՀԿ-ն միայն լրացուցիչ քվեներ է ավելացրել իր օգտին։ Մինչդեռ բացառված չէ, որ հատկապես Կոմկուսի, «Ազգային միաբանություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների, էապես պակաս չափով՝ նաեւ «Արդարություն» դաշինքի ու ՀՅԴ-ի քվեները պակասեցված լինեն։ Նշյալից բխող հետեւություններ. Ի հակադրություն մերձքաղաքական հարթության մեջ նախընտրական շրջանում տիրող համընդհանուր կարծիքի՝ առաջիկա խորհրդարանի կազմը ձեւավորվել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ավելի շուտ՝ Անդրանիկ Մարգարյանի նախասիրություններով ու քաղաքական շահերով։ Ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրություններից առավելագույնս շահել են Հանրապետական կուսակցությունը, որպես քաղաքական միավոր, եւ Անդրանիկ Մարգարյանը՝ որպես գործիչ, որն էապես մեծացրեց երկրի քաղաքական գործընթացների վրա ու քաղաքական որոշումների կայացման գործում իր իրական ազդեցության մակարդակը։ Սերժ Սարգսյանը ակնհայտորեն ոչ միայն չօժանդակեց, այլ նաեւ հարվածի տակ դրեց այն քաղաքական ուժերին, որոնք այս կամ այն կերպ ԶԼՄ-ներում կապվում էին նրա անվան հետ (Կոմկուս, «Օրինաց երկիր» «Ազգային միաբանություն»), որոնք ամենաշատը տուժեցին հնարավոր ընտրախախտումներից։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ազդեցության աճը արձանագրվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության անկման հաշվին։ Այս ընտրություններում հանրապետության նախագահի օժանդակության ակնկալիքով 5 տոկոսանոց սահմանարգելքը հաղթահարելու նպատակ ունեցող երկրորդ էշելոնի քաղաքական ուժերը՝ ՀԺԱՄ, ՀՌԱԿ, «Հզոր Հայրենիք», «Արժանապատվություն, ժողովրդավարություն, Հայրենիք» դաշինք, ոչ միայն ձախողվեցին, այլ նաեւ հնարավորություն ունեցան արձանագրելու, որ քաղաքական տանիքի փնտրտուքն իրենց համար տակավին ավարտված չէ։ Ընդ որում, նրանցից առնվազն մեկը՝ ՀԺԱՄ-ը, ոչ առանց նախագահի իմացության, կայացված քաղաքական որոշման արդյունքում, փաստորեն, կորցրեց ԱԺ-ում խմբակցություն ունենալու իրական շանսը։ ՄԱԿ-ի հաջողությունը, որն ակնհայտորեն անհամարժեք է հասարակության մեջ այդ կուսակցության իրական վարկանիշին, ցույց տվեց, որ պարզ պրագմատիզմը շատ դեպքերում ավելի արդյունավետ է քաղաքական հովանավորների խոստումների ակնկալիքից։ Ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների տված «միջազգային չափանիշներին չհամապատասխանող» բնորոշումը մնում է Հանրապետական կուսակցության եւ անձամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խղճին։ Այն, ինչ կատարվեց, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, պարզապես «մենթալիտետի հարց է»։ Բայց հստակեցնենք, որ խոսքը ոչ թե հայ ժողովրդի, այլ հայաստանյան իշխանության մենթալիտետի մասին է։ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ, «Լոգոս»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել