Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ, ՆԱՀԱՆՋ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ

Մայիս 28,2003 00:00

ՆԱՀԱՆՋ, ՆԱՀԱՆՋ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ «Ընտրական գործընթացները Հայաստանում պատված են ցինիզմի, թերահավատության, հիասթափության ու վհատվածության մթնոլորտով»,- մեր լեզվով մեզ հետ խոսեցին Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) դիտորդական պատվիրակության ղեկավարները՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում։ Իբրեւ ասվածի ապացույց, դիտորդները փաստում են «ընտրողների ցածր մասնակցությունը, վերջիններիս անվստահությունը ընտրական հանձնաժողովների անկողմնակալության եւ ընտրական գործընթացներին առնչվող վիճահարույց հարցերի արդյունավետ լուծման վերջիններիս կարողության վերաբերյալ»։ Այդուհանդերձ, «քաղաքական կուսակցություններն ակտիվ նախընտրական քարոզարշավ իրականացրեցին (…), քվեարկման գործընթացում արձանագրվեցին նախորդ ընտրությունների համեմատ ավելի քիչ միջադեպեր» եւ այլն։ Սակայն, միեւնույն է՝ «ընտրությունները եւ հանրաքվեն չկարողացան հաղթահարել ժողովրդավարական ընտրությունների սահմանագիծը»,- ասված է նախնական եզրակացությունում։ Նախընտրական ժամանակահատվածն ԱԺԻ դիտորդները գնահատում են համեմատաբար հանդարտ եւ խաղաղ, թեեւ «կային բռնության առանձին դեպքեր», իսկ ընտրությունների օրն արձանագրվեց Շահումյան գյուղի միջադեպը։ Մի քանի քաղաքական կուսակցությունների կողմից նախընտրական շրջանում դիտորդները արձանագրել են «ընտրողների ձայների կաշառման» փորձեր։ Թաղային հեղինակությունները եւս անմասն չեն մնացել. «Քաղաքական միջավայրն ուղեկցվում էր, այսպես կոչված, «թաղային հեղինակությունների» ակնհայտ ներկայությամբ եւ գործողություններով, որոնք հաճախ սպառնում էին ընտրողներին եւ ներազդում որոշ թեկնածուների վրա»։ Զարմանք է առաջացրել ԱԺԻ մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուների մոտ 1/3-ի՝ վերջին պահին պայքարից հրաժարվելը։ «Կաշառվածության եւ ներազդեցության մասին որոշ դեպքերի առնչությամբ ստացվել են հավաստի տեղեկություններ»,- արձանագրվել է եզրակացության մեջ։ Այս գործոնը դիտորդները դիտարկում են «քաղաքական ներազդեցությունների համատեքստում, որն ընդգրկում է նաեւ նախագահական ընտրությունների երկու փուլերի ընթացքում ընդդիմության աջակիցների անօրինական ձերբակալությունները»։ Նաեւ՝ «բողոքների բողոքարկման գործընթացը արդյունավետ եւ թափանցիկ միջոցներ չի ապահովում դրանց լուծման համար…»։ Իբրեւ դրական երեւույթ է արձանագրվել Հանրային հեռուստատեսության աշխատանքը, տեղական դիտորդների մասնակցությունը եւ այլն։ Իսկ «Հայաստանի նման երկրներում» ընտրական գործընթացների նկատմամբ թերվստահությունը,- ըստ դիտորդների,- պահանջում է, որ իշխանությունները եւ քաղաքական գործիչները ջանք չխնայեն օրենքով պահանջվող նվազագույնն ապահովելու (…) համար»։ Հանրամատչելի լեզվով ասած՝ խոսքը քաղաքական կամքի մասին է։ «Բարի» խոսքեր հնչեցին ձայների հաշվելու գործընթացի մասին եւս։ Ապա, ութ էջանոց եզրակացությունում ԱԺԻ դիտորդները պատմում են մի քանի մասնավոր դեպքերի մասին։ Թիվ 3 ընտրատարածքում, 0054 տեղամասում «300 զինվորական ծառայողների խիստ շարային կարգով քվեարկությանը մասնակցելու» փաստը։ «Ընտրատեղամասի առջեւ հերթի կանգնած զինվորները սպասում էին հրամանատար սպայի հրամաններին, ստանում էին վերջինից այլ թանաքով գրիչներ (…)։ Զինվորներից շատերը քվեախցերից դուրս էին գալիս չծալված քվեաթերթիկներով, որպեսզի իրենց ձայների նշումները տեսանելի լինեն։ Սպաները երբեմն կանգնում էին քվեախցի եւ քվեատուփերի միջեւ (…) ՀՀԿ վստահված անձը նշեց, որ ինքն աշխատել է զորանոցում եւ շատ բարեկամական հարաբերությունների մեջ էր սպաների հետ (…)»։ Արարատի 22 ընտրատարածքի 0596 տեղամասում ԱԺԻ դիտորդները ձայները հաշվելու ընթացքում արձանագրել են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի, ՀՀԿ-ի, «Հզոր Հայրենիքի» վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամներից մի քանիսի բանակցությունները։ Ապա տեղամասում ընդհատվել է հոսանքը, հանձնաժողովի անդամներից մեկն ինչ-որ բան է փոխանցել նախագահին՝ վերջինս սկսել է խառնել քվեաթերթիկները։ Ընտրատեղամասում գտնվող որոշ անձանց մոտ զենք է նկատվել։ Աջափնյակի 186 տեղամասում այլ կուսակցությունների 70 քվեաթերթիկ դրվել է ՀՀԿ-ի օգտին, եւ այլն։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել