Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Հունիս 06,2003 00:00

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի հարցազրույցը «Առավոտին» ՍԴ վերջին նիստին նա առաջին անգամ ներկայացավ պատասխանող կողմի կարգավիճակով՝ ՀՀ նախագահի դիմումի համաձայն, քննության էր առնվում Ալվինա Գյուլումյանի լիազորությունները ՍԴ-ում դադարեցնելու գործով եզրակացություն տալու հարցը: Պատասխանողի կարգավիճակում մի քիչ հուզված Ա. Գյուլումյանը խոստովանեց, որ իր ընտրության հարցում առանձնակի նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ առաջադրվել է որպես ՍԴ անդամ եւ հատկապես այս դատարանում աշխատանքի փորձ ունեցող: «Շնորհակալ եմ ձեզանից, որ այստեղ ինձ միշտ սիրով ու հոգատարությամբ եք շրջապատել»: Եվ ՍԴ-ի հետ իր կապերը պահպանելու ցանկությամբ Գյուլումյանը դատարանից խնդրեց, որ որոշում կայացնելիս հաշվի առնվի հետագայում իր վերադարձի հնարավորությունը: ՍԴ-ն եզրակացություն տվեց. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ ՍԴ անդամ Ա. Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն կարող են դադարեցվել», եւ որոշմամբ արձանագրեց. «Ընտրովի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները վերջանալուց հետո ՀՀ աշխատանքային օրենսգրքի 116 հոդվածի համաձայն նրան տրվում է նախկին կամ համարժեք աշխատանք»: – Ի՞նչ զգացում ունեք, երբ այլեւս փաստ է, որ մեկնում եք Ստրասբուրգ: – Կարծում եմ, յուրաքանչյուր իրավաբանի համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել Եվրոդատարանում, եւ այդ զգացումն էլ ինձ առաջնորդեց՝ իմ թեկնածությունը ներկայացնելու: Թեպետ ինձ համար դժվար է թողնել մի դատարան, որի ստեղծման օրվանից աշխատում եմ: Այս հաճելի առիթը կարծես թե իմ մանկության երազանքի իրականացման պես մի բան է: Երբ ես փոքր էի, շատ տարված էի «Խորհրդային Միության դեսպանը» ֆիլմի հերոսուհով: Մտածում էի, որ կմեծանամ եւ Կուզնեցովայի նման ի նպաստ իմ երկրի ու ժողովրդի մեծ գործեր կանեմ: – Երբ հրապարակվեց ձեր նշանակման լուրը, քաղաքացիներից ոմանք Ձեզ հետ հանդիպելու ցանկություն հայտնեցին, բայց Դուք խուսափում էիք հանդիպել: – Ես միանձնյա ոչինչ չեմ որոշելու, եւ նախապես մեկ կողմին լսելը դատավորի համար ճիշտ չէ: Գուցե նրանք ինչ-որ տեղ ինձնից նեղացան, բայց կուզենայի հասկանային, որ դատավորը դիմողին պիտի տեսնի միայն դատական նիստի ընթացքում, եւ մասնակի հանդիպումով նախնական կարծիք չձեւավորի: Եթե որեւէ մեկին նախապես ընդունել ես, ուրեմն քո անաչառության դեմ քայլ ես անում: – Ընդդեմ Հայաստանի Եվրոդատարան դիմում է իր երկրի ընդհանուր իրավասության բոլոր դատարանների կողմից մերժված Հայաստանի քաղաքացին: Վերոնշյալ դատարաններում ձեր նախկին գործընկերներն են, ձեր ընկերները, ավելացնեմ նաեւ, որ դուք ՀՀ դատավորների միության նախագահն էիք: Եթե Եվրոդատարան դիմող քաղաքացին արդարացի է, փաստորեն ի ցույց է դրվելու Հայաստանի դատավորների՛ սխալը: – Ուզում եք ասել, թե կաշկանդվածությու՞ն կունենամ: Հաստատ՝ չէ: Մինչեւ ՍԴ գալն ես 11 տարի աշխատել եմ Գերագույն դատարանում եւ ինձ համար որեւէ դատավորի արձակած վճիռը բեկանելը կամ հիմնավորելը միայն գործում եղած նյութերով է պայմանավորված եղել: Իմ ընկերները դա գիտեին, գիտեն հիմա էլ: Ամենալավ ընկերությունն այն է, երբ դու ընկերոջդ ցույց ես տալիս իր սխալները: Եվրոդատարանում ես որեւէ մեկի կողմը չեմ կարող լինել. եթե խախտվել է քաղաքացու իրավունքը, ես քաղաքացու կողմն եմ, եթե քաղաքացին արդարացի չէ, ուրեմն պետության կողմն եմ: – Թող տարօրինակ չհնչի, եթե մեր զրույցում նաեւ արտագաղթի թեման շոշափեմ: Բանն այն է, որ արտագաղթի պատճառները որքան էլ փնտրենք սոսկ սոցիալ-տնտեսական պայմանների մեջ, այդուհանդերձ գերակշռող են մարդու իրավունքների խախտումների փաստերը: – Ընդհակառակը, միանգամայն տեղին եմ համարում այդ հարցը: Մարդու բոլոր դժվարություններից ամենասարսափելին նրա իրավունքը ոտնահարված լինելն է, առավելապես, եթե ինքը հնարավորություն չունի պաշտպանելու այդ իրավունքը: Եթե իմ գործունեությունը պիտի նպաստի, որ Հայաստանի քաղաքացին իր իրավունքների տերը դառնա, կարծում եմ, որ դա նաեւ արտագաղթի նվազեցման կամ դադարեցման հնարավորություն կստեղծի, քանի որ ես էլ եմ համոզված, որ մարդիկ այս երկրից հաճախ հեռանում են ո՛չ այնքան նյութական դժվարությունների, որքան իրենց իրավունքների անպաշտպանվածության պատճառով: 172 Անցյալ տարվա աշնանը ՍԴ-ի հյուրն էր Եվրոդատարանի նախագահը: Սեմինարում նա դիմեց դատավորներին՝ «Ինչքան դուք այստեղ լավ աշխատեք, մենք այնքան քիչ գործեր կստանանք Հայաստանից»: Այս ցանկությունն ինչ-որ կերպ կարելի է կապել նաեւ ՀՀ-ում դատաիրավական համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքների դրական ընթացքով: Դուք առիթներ ունեցե՞լ եք ասելու, որ այն դեռ կայացած չէ: – Ուզում եմ հավատալ, որ Հայաստանը հաստատուն քայլեր կանի իրավական երկիր տանող ճանապարհին, որ մենք կունենանք դատավորներ, որոնք ո՛չ միայն անկախ կլինեն ցանկացած իշխանությունից, իրենց շրջապատից ու իրենց հարազատներից, այլ ուղղակիորեն կենթարկվեն օրենքին: Ալվինա Գյուլումյանին հաջողություն ցանկանալով, հուսանք, թե Հայաստանի քաղաքացին, որը օրենքի տարօրինակ սահմանափակումով զրկված է ՍԴ դիմել, գոնե առաջիկա տարիներին չի հուսախաբվի, երբ, որպես իր իրավունքների վերջին հույսի, Եվրոդատարան դիմի: Հայաստանում սահմանադրական արդարադատության ջատագովներից մեկը խոստացել է՝ «Եվրոդատարանում Հայաստանի առաջին իսկ քաղաքացու հաջողությունը նշելու եմ մեծ շուքով»: Սպասենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել