Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Բոլոր հայերը մի քիչ խենթ են»

Հունիս 06,2003 00:00

«Բոլոր հայերը մի քիչ խենթ են» Դեռեւս Քեմբրիջի համալսարանում ուսանելու տարիներին, մեր հայրենակցուհի Ռոդա Մանուկը (մայրական կողմից՝ իռլանդուհի) այցելել է իր նախնիների հայրենիքը, շրջել Հայաստանով մեկ, եղել է նաեւ Արցախում։ Նա նույնիսկ իր պրակտիկան անց է կացրել Հայաստանում՝ KPMG կազմակերպությունում։ Համալսարանն ավարտելուց հետո բրիտանացի Ռոդան մեկուկես տարի աշխատում է Երեւանի «Հովեր» երգչախմբում՝ որպես ադմինիստրատոր։ – Ինչո՞վ եք զբաղվում Հայաստանում եւ գո՞հ եք ձեր կատարած աշխատանքից։ – Մեր երգչախմբի մասին որոշել ենք տեղեկություններ տարածել, դրա համար էլ ինտերնետային էջ ենք պատրաստում։ Մի շարք երկրներում հյուրախաղերով հանդես գալու պայմանավորվածություններ ունենք։ Անցյալ տարի լույս է տեսել «Հովերի» առաջին CD-ն, արդեն պատրաստ են երգչախմբի 2-3 սկավառակներ։ Համերգներ ենք տվել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Շուտով երգչախմբային ներկայացման պրեմիերա ունենք՝ Վարդան Այգեկցու առակների հիման վրա։ – Մասնագիտությամբ ինժեներ եք։ Ինչպե՞ս է պատահել, որ երաժշտության բնագավառում եք աշխատում։ – 6 տարեկանից հիմնավոր երաժշտական կրթություն եմ ստացել։ Թեեւ Անգլիայում հատուկ երաժշտական դպրոցներ չկան, ես սովորել եմ մասնավոր մանկավարժների մոտ, նվագում եմ դաշնամուր եւ թավջութակ։ Կարեւորում եմ դասական երաժշտության իմացությունը, որի շնորհիվ կարելի է ուսումնասիրել մոդեռն երաժշտությունը։ Ինձ դուր են գալիս հատկապես Գրիգի եւ Բախի ստեղծագործությունները։ Վերջերս հաճույքով ներկա եմ եղել Հայաստանում անցկացված ջազային երաժշտության փառատոնին։ – Ի՞նչ կարծիքի եք հայաստանաբնակ հայերի մասին։ – Բոլոր հայերը մի ընդհանուր գիծ ունեն՝ մի քիչ խենթ են։ Քանի որ իմ երակներով էլ է հայկական արյուն հոսում, նրանց բնորոշ աշխուժությունն ինձ էլ է հատուկ։ Հայրենակիցներիս հետ շփվելու խնդիր չունեմ, շատ հետաքրքիր ու անմիջական մարդիկ են։ Ունեմ բարձրագույն կրթությամբ ընկերներ, որոնք, ցավոք, աշխատանք չունեն։ Միայն մի բան է ինձ անհասկանալի. ինչո՞ւ են հայաստանցի երիտասարդ տղաները փողոցներում ժամերով կանգնած ծխում։ Անգլիայում նման բան չես տեսնի։ Այնտեղ երիտասարդությունն անիմաստ ժամանակ չի վատնում։ Հետաքրքիր է, որ, ի տարբերություն Հայաստանի, Անգլիայում մեծ նշանակություն են տալիս աշխատանքային ստաժին։ Հիմնարկություններ կան, որ մինչեւ 5-10 տարվա աշխատանքային փորձ չունենաս՝ ոչ մի լավ, լուրջ աշխատանք չեն վստահի։ Այս առումով Հայաստանում վիճակն ավելի լավ է։ Երիտասարդներին ինքնադրսեւորվելու հնարավորություն է տրվում։ Օրինակ՝ ես։ Քիչ փորձ ունեի, բայց այստեղ գործելու հնարավորություն տրվեց։ – Ձեզ դուր գալի՞ս է հայկական խոհանոցը։ – Այո, ինքս էլ որոշ ճաշատեսակներ հաջող եմ պատրաստում։ Հայրս իրաքահայ է՝ Բասրա քաղաքից։ Նա Արեւմտյան Հայաստանի ճաշատեսակներն էր պատրաստում, որոնցում շատ համեմունքներ են օգտագործվում։ Արեւելյան Հայաստանի խոհանոցում սուր համեմունքները չեն գերակշռում։ Ռեստորաններում եւ սրճարաններում էլ եմ եղել, կարծում եմ, որ առաջին այցելությունիցս հետո սպասարկման ոլորտում շատ բան է փոխվել։ Հայաստանցիները այդ արվեստն էլ են յուրացրել։ – Կցանկանայի՞ք ապրել Հայաստանում, այստեղ ընտանիք կազմել։ – Սա իմ հայրենիքն է, իհարկե՝ կցանկանայի։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել