Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

1։0՝ ՀՕԳՈՒՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՞, ԹԵ՞ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ

Հունիս 06,2003 00:00

1։0՝ ՀՕԳՈՒՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ՞, ԹԵ՞ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ Մալայզիան որոշել է գնել Ռուսաստանից տասնութ Cy130MK կործանիչ՝ գերադասելով դրանք ամերիկյան նույնատիպ ռազմական ինքնաթիռներից։ Գործարքի արժեքը 1 մլրդ ամերիկյան դոլար է։ Պարզվում է, որ ռուսական ինքնաթիռները առավել հեշտ կառավարվող են, ունեն մանեւրելու մեծ հնարավորություն եւ ավելի էժան են։ Այս շաբաթ շարունակվեցին նախորդ շաբաթվա ընթացքում սկսված ռուսական եւ հնդկական նավատորմերի համատեղ զինավարժությունները Հնդկական օվկիանոսում։ Զինավարժություններին մասնակցեցին Ռուսաստանի կողմից՝ Սեւծովյան եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերը, իսկ Հնդկաստանի կողմից՝ Արեւմտյան եւ Արեւելյան նավատորմերը։ Նման մասշտաբի զինավարժություններ Ռուսաստանը չէր անցկացրել վերջին 20 տարվա ընթացքում։ Զինավարժությունների ընթացքում ռուս զինվորականները ցուցադրեցին նոր զինատեսակներ՝ մասնավորապես մի թնդանոթ, որը հաշված րոպեների ընթացքում կարող է երկու կես անել թշնամու ռազմանավը։ Տեղեկություններ կան, որ Պուտինը գոհ մնաց զինավարժություններից, գոհ մնացին նաեւ հնդիկ զինվորականները, որոնք ասացին, թե փորձը ցույց տվեց, որ իրենք կարողանում են էֆեկտիվ համագործակցել ռուսական զորամիավորումների հետ։ Նույն օրերին Մոսկվա այցելեց Չինաստանի նախագահ Խու Դզին Տաոն։ Այցը ամրապնդեց Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարական համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում, ինչը ամրագրվեց համապատասխան փաստաթղթերով։ Թվում է, որ այս բոլորը Ռուսաստանի «ոչ սիմետրիկ» պատասխանն է իրաքյան պատերազմին։ «Դուք ունեք աշխարհում ամենահզոր բանակը, սակայն մերն էլ թույլ չէ, իսկ դրանից զատ, մենք ունենք հզոր ռազմավարական գործընկերներ»։ Ի դեպ, չնայած ՄԱԿ-ի կողմից ստացած լայն լիազորություններին, ամերիկացիների գործերը Իրաքում այնքան էլ լավ չեն։ Շատ դանդաղ է ընթանում ամերիկացիների կողմից ջախջախված տնտեսության վերականգնումը, իսկ Ֆալուջա քաղաքում ամերիկյան զինվորականները գնդակոծվեցին իրաքցիների կողմից, ինչի հետեւանքով զոհվեց մեկ ամերիկյան զինվոր։ Պատասխան կրակով սպանվեցին երկու հարձակվողներ։ Հիշեցնենք, որ նույն քաղաքում մեկ ամիս առաջ ամերիկացիները գնդակահարեցին 15 ցուցարարի։ Իրաքյան նավթը դեռ չի օգնում ամերիկացիներին՝ կանգնեցնել տնտեսական ճգնաժամը սեփական երկրում։ Վերջին օրերին դոլարի արժեքը աննախադեպ ընկավ՝ մեկ եվրոն այժմ արժե 1,19 դոլար։ Ի պատասխան Ռուսաստանի ակտիվությանը, ԱՄՆ-ն դիմեց վերջինին, որպեսզի նա դադարեցնի համագործակցությունը Իրանի հետ՝ Բուշերում ատոմակայանի կառուցման գործում։ Ամերիկացիների պնդմամբ, իրանցիները ատոմակայանի կարիքը չունեն եւ օգտագործելու են այն զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար։ Ռուսաստանի արտգործնախարար Իվանովը միանգամայն տրամաբանված պատասխանեց, որ վերոնշյալ շինարարությունը համապատասխանում է բոլոր միջազգային նորմերին, անցել է միջազգային մասնագետների փորձաքննությունը եւ որ Ռուսաստանը ոչ մի մտադրություն չունի դադարեցնել համագործակցությունը Իրանի հետ։ Թվում է, որ սկսվում է հակադրության մի նոր փուլ։ Սակայն, չշտապենք հանգել վերջնական եզրակացությունների։ Այդպես մայիսի 28-ին Ռուսաստանի Պետդուման վերջապես վավերացրեց Պուտինի եւ Բուշի կողմից ստորագրված՝ Ռազմավարական հարձակվողական պոտենցիալների մասին պայմանագիրը, ըստ որի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջուկային զենք կրող բալիստիկ հրթիռները պետք է կրճատվեն մինչեւ 2200-ականի։ Սա, իհարկե, ավելի շատ բարյացակամ քայլ է ԱՄՆ-ի հանդեպ՝ Բուշի ՌԴ այցի նախօրեին։ Բուշի եւ Պուտինի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում գերազանցեցին բոլոր սպասումները։ Կողմերը փոխանակեցին Ռազմավարական հարձակվողական պոտենցիալների մասին պայմանագրի վավերագրեր, հայտարարեցին ռազմավարական համագործակցության ամրապնդման մասին Իրաքի շուրջ ծառացած հակասությունների վերացման մասին։ Նախագահ Բուշը տեղեկացրեց, որ ակտիվ քննարկման փուլում են գտնվում Ռուսաստանի՝ Իրաքի տնտեսության վերականգնման մասնակցության եւ Ջեկսոն-Վենիգի բանաձեւի վերացման հարցերը։ Նախագահները իրար դիմում էին միայն «իմ ընկեր Վլադիմիր» եւ «իմ ընկեր Բուշ»։ Թվում է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հակասությունները իսկապես վերացվել են, համենայնդեպս՝ առայժմ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել