Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Գավուկյանի լուսանկարներում

Հունիս 07,2003 00:00

Հայաստանը Գավուկյանի լուսանկարներում Գավուկյան ընտանիքի՝ Կանադայում հիմնած «Գավուկ» լուսանկարչական ֆիրման արդեն 80 տարեկան է։ «Իմ մեծ հայրիկը՝ Օհաննես Գավուկյանը, 1915-ին փրկել է մեր ընտանիքը, որովհետեւ Քեմալը մեզ մի նամակ տված էր, ուր ասվում էր, որ Օհաննեսն իր լուսանկարիչն է»,- հիշում է Օննիկ Գավուկյանը։ Նա աշխարհի տարբեր երկրներում բացված շուրջ 40 ցուցահանդեսների հեղինակ է։ Դրանց թեմատիկան տարբեր է՝ սկսած գերտերությունների պաշտոնյաների եւ աշխարհահռչակ ֆիրմաների ղեկավարների նկարներից, ավարտած տարբեր երկրների տեսարժան վայրերով։ «Մեծ հայրիկիս հետ նկարել ենք գրեթե բոլոր կաթողիկոսները, տասնյակ սրբազաններ։ Հայրս իր հորմե է սովորել լուսանկարել, ես ալ՝ նրանից»,- ասում է Օննիկը։ Հայաստանը քանիցս դարձել է նրա լուսանկարչական ցուցահանդեսների թեման։ Օ. Գավուկյանը լուսանկարել է մեր բոլոր գեներալներին, նախկին եւ ներկա նախագահներին, շարքային քաղաքացիների։ «Կանադայում աշխատում եմ ապրելու համար, էստեղ կգամ, որ իմ հոգին ապրե։ Ինքզինքս բախտավոր զգում եմ, որ գալիս եմ եւ ձեր հյուրասիրությունը վայելում։ Մեզ (նկատի ունի սփյուռքահայերին) այնքան լավ եք նայում, թեեւ ժողովուրդը կարիքի մեջ է»,- ասում է նա։ Օ. Գավուկյանի վրա հատկապես մեծ տպավորություն է թողել մարշալ Բաղրամյանի հետ հանդիպումը. «Ես պատվված զգում եմ, որ այսպիսի մեծ հայու հետ քանի մը անգամ տեսնվել եմ։ Եթե իմ պապիկներից զատ պապիկ մը ցանկանայի ունենալ, անշուշտ, այս մարդը պիտի ուզեի»։ Անաստաս Միկոյանի հետ էլ է շփվել, հանգստացել նրա ամառանոցում։ Բնականաբար, նաեւ լուսանկարել։ «Ես բոլորիդ սիրում եմ, փողոց մաքրողից մինչեւ ամենաբարձր տեղը։ Երբ կարոտում եմ Հայաստանը, կարոտս ձեր նկարներով առնում եմ»,- խոստովանում է Օննիկը։ Դրա համար էլ մի «ավանդույթ» է ձեւավորել։ Երբ Կանադայում շատ է կարոտում Հայաստանը, ձեռքն է վերցնում հայկական կոնյակով գավաթը, զանգահարում հայաստանցի իր ընկերներին ու այդպես խմում են միասին։ Նրան զարմացնում է, որ, ի տարբերություն Հայաստանի, Կանադայում զինվորականները չեն երեւում ժողովրդի աչքին. «Երեւի պատերազմի վախը չկա Կանադայում, իսկ Հայաստանը փոքր երկիր է…»։ Ազատագրված տարածքներում էլ է եղել, լուսանկարել ե՛ւ Ալեքսանդր Մակեդոնացու կամուրջը Հորադիզում, ե՛ւ «տեղեր է գնացել, որ մարդ չի կարող հեշտ տեսնել»։ Ամեն անգամ հուզվում է «Մարտիկի երգը» լսելիս։ Ասում է՝ սրտի հետ խոսող երգ է։ Մեկ-մեկ էլ քթի տակ դնդնում է։ Սիրում է թափառել Երեւանի փողոցներում, նաեւ վերնիսաժում։ Միայն «նեղանում» է, որ «տեսնում են դուրսեն եկած եմ՝ ապրանքին գինը բարձրացնում են։ Բայց թե շատ փող ունենայի՝ ամեն ինչ պիտի գնեի»։ Շուտով Կանադա է վերադառնալու, որովհետեւ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանող դուստրը ավարտում է, 55 հազար ուսանողների մեջ լավագույնն է ճանաչվել։ Իսկ դիպլոմային աշխատանքի թեման Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին է։ Չնայած «նեղացածությանը», մի անգամ էլ է վերնիսաժ գնալու, որպեսզի դստերը «ավարտական նվեր անի»՝ հայկական խորհրդանիշ։ Բայց դեռ Կանադա չհասած, Հայաստանը կարոտում է։ Ու ամեն անգամ այստեղից հեռանալիս յուրաքանչյուր հայից մի մասնիկ է տանում իր հետ՝ թեկուզ լուսանկարի տեսքով։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել