Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ում ասում են, որ այնտեղ դավաճաններ չկան

Հունիս 11,2003 00:00

ՀԺԿ-ում ասում են, որ այնտեղ դավաճաններ չկան ՀԺԿ քաղխորհրդի անդամ եւ նորընտիր ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը երեկ արձագանքեց նախորդ օրը «Առավոտում» հրապարակված՝ «Ես տեղեր եմ ապահովել դավաճանների համար» հրապարակմանը: Հիշեցնենք, որ ՀԺԿ անդամ, Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռաֆայել Խաչատրյանը մեղադրել էր «Արդարություն» դաշինքին ու մասնավորապես ՀԺԿ-ին՝ ի դեմս Վարդան Մկրտչյանի՝ ընտրությունների ժամանակ իշխանությունների թեկնածուներին պաշտպանելու մեջ: «Պարտվող թեկնածուներն, անկախ ամեն ինչից, միշտ էլ փորձում են իրենց պարտության պատճառները փնտրել ոչ թե իրենց մեջ, այլ դրսում՝ ինչ-որ տեղ: Ես միանշանակորեն հերքում եմ Ռաֆայել Խաչատրյանի այն պնդումը, թե նա անցած ԱԺ ընտրություններում ՀԺԿ-ի թեկնածուն է եղել, որին, ի դեպ, անդամակցել է միայն ապրիլի 4-ին: Ռաֆայել Խաչատրյանն առաջադրվել է քաղաքացիական նախաձեռնությամբ, ոչ թե ՀԺԿ-ի կողմից»,- ասաց Վարդան Մկրտչյանը: Ինչ վերաբերում է Ռ.Խաչատրյանի այն պնդմանը, թե Ստեփան Դեմիրճյանի հետ պայմանավորվածություններ էին ձեռքբերվել իրեն պաշտպանելու մասին, ապա՝ Վ.Մկրտչյանի մատուցմամբ, նման պայմանավորվածությունը սահմանափակվել է նրանով, որ որոշվել է. Ռ.Խաչատրյանը իր ընտրատարածքում կօգնի պաշտպանել Դաշինքի ձայները, իսկ Դաշինքը կհայտարարի, որ թիվ 12-ում պաշտպանում է նրա թեկնածությունը: Վ.Մկրտչյանի ասելով, ի դեպ, այս վերջին պայմանավորվածությունը կենսագործվել է, իսկ ահա Դաշինքի ձայները պաշտպանելու առնչությամբ նա հետեւյալն ասաց. «Ռ.Խաչատրյանն իրեն է վերագրել թիվ 12-ում դաշինքի հաղթանակը: Իրականում Շենգավիթում ոչ միայն թիվ 12-ում, այլ մյուս ընտրատարածքներում եւս «Արդարություն» դաշինքը հաղթել է, եւ բոլորը գիտեն, թե ինչով եւ ումով է դա պայմանավորված: Այդ ամենում Ռ.Խաչատրյանի դերակատարման մասին կարելի է դատել թեկուզ միայն նրա ստացած ընդամենը 958 ձայնով, ինչն ինքնին ասում է, թե նա որքանով էր պաշտպանելու Դաշինքի ձայները»: Ի դեպ, որպես Ռ.Խաչատրյանի կողմից արված ՀԺԿ-ին անդամակցելու նպատակահարմարությունը վիճարկող հայտարարության պատասխան, ՀԺԿ քաղխորհրդի անդամ Վ.Մկրտչյանը հայտարարեց, թե ՀԺԿ-ում նույն այդ հարցը կդրվի. «Մենք, բնականաբար, այդ հարցը կքննարկենք կուսակցության ներսում եւ դրա վերաբերյալ համապատասխան գնահատականներ կտանք»: Ինչ վերաբերում է թիվ 12-ում առաջադրված թեկնածուներ Վերսանդիկ Հակոբյանին ու Հարություն Ղարագյոզյանին աջակցելու հետ կապված Վ.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքին, ապա՝ վերջինիս պնդմամբ, դա իրականությանը չի համապատասխանում: «Նրանցից որեւէ մեկին պաշտպանելու քաղաքական որոշում մենք չենք ունեցել: Այդ տարածքում խնդիր ունեինք պաշտպանել «Արդարություն» դաշինքի ձայները, ինչն արել ենք լավագույնս»,- ասաց Վ.Մկրտչյանը՝ շրջանցելով հնարավոր այն տարբերակը, որ հիշյալ թեկնածուներին «տակից» եւ սեփական շահերից ելնելով պաշտպանելու համար, բնականաբար, քաղաքական որոշումը պարտադիր պայման կարող էր եւ չլինել: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել