Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ» ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Հունիս 19,2003 00:00

«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ» ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանի քաղաքական կյանքում անտրամաբանական լուծումներով եւ արդյունքներով որեւէ մեկին վաղուց չես զարմացնի: Զորօրինակ՝ անցած 3 տարիներին կառավարությունը առանց զարգացման գոնե միջին /3-5 տարի/ ծրագրերի, կարողացավ միջինը 9-10 տոկոս տարեկան հնա-ի աճ արձանագրել, մյուս կողմից հաջողացրեց այնպիսի ներպետական հարաբերություններ հաստատել, որ տնտեսական աճի արդյունքները, բացի նույն կառավարությունից եւ իշխանության մերձավորներից, ոչ ոք չզգաց /2002 թվականի Եվրոբանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի բնակչության 75.6 տոկոսն աղքատ է/: Հարց է ծագում՝ առանց տեսական, կառուցվածքային եւ կադրային պոտենցիալի հնարավո՞ր է որակյալ զարգացում ապահովել: Խոսքը նախ եւ առաջ կուսակցությունների մասին է, քանզի վերջինները՝ որպես հանրային եւ պետական կյանքի լոկոմոտիվներ /մարդկային ռեսուրսների եւ տեսական մտքի կազմակերպված մաս/ պետք է ապահովեն զարգացումը: Անցած խորհրդարանական ընտրությունները, կառավարության եւ ԱԺ-ի պաշտոնների բաժանման գործընթացները լակմուսի թղթի դեր կատարեցին կուսակցությունների համար՝ ցուցադրելով վերջիններիս «հաղթանակներն» ու սնանկությունը: Ըստ էության, հարցադրումը վերաբերում է թե կառավարող կոալիցիային /ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵ/, թե ընդդիմությանը, քանզի ընդդիմության դաշտում լիդերի դերը ստանձնելը եւս լուրջ քաղաքական հաջողություն է /այլ հարց է, որ Հայաստանում ընդդիմությունը բացի գործող նախագահին քննադատող-հայհոյողից ուրիշ ոչ մի կերպ չի կարողանում իրեն իմաստավորել/: Կառավարող կոալիցիայի, «Արդարություն» դաշինքի կուսակցությունները, ինչպես նաեւ՝ Ա. Գեղամյանի հակաճգնաժամային շրջապատը կենսունակ կուսակցություններից տարբերվում են 3 կառուցվածքաստեղծ էլեմենտներով /ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ/՝ ա) տեսական, ծրագրային պոտենցիալ, բ) ներկուսակցական ժողովրդավարական մեխանիզմներ, գ) ֆինանսների, կուսակցական այլ գործառույթների թափանցիկություն: Անցած խորհրդարանը գործունեության չորս տարիների ընթացքում աչքի ընկավ նրանով, որ տեսական գեթ մեկ բանավեճ չարձանագրեց: Ներկայիս «հաղթանակած» ընդդիմադիրներն ու իշխանամետները հին քաղաքական միջավայրի ծնունդ են, եւ տեսական, գիտական ծրագրերը վերջիններիս նույնչափ անհարիր են, որչափ ցեղակրոնությունը, հողերը ետ բերելը եւ փրկիչները՝ 21-րդ դարի զարգացման առաջադեմ տենդենցներին: Սակայն, եթե ծրագրերի կտրվածքով ինչ-որ ձեւականություններ դեռեւս պահպանվում են, ապա ներկուսակցական ժողովրդավարական մեխանիզմները, որոնք յուրաքանչյուր կենսունակ կուսակցության «արյունատար անոթներն են», ընդհանրապես դուրս են մղվել կուսակցական կյանքից: Հիշենք, թե ինչպես էր Ստ. Դեմիրճյանը կրակն ընկել Կարեն Սերոբիչի կադրերի ձեռքին: Ողջ խնդիրն այն էր, որ այդ կադրերը կուսակցության վերնախավում էին հայտնվել ոչ թե ներկուսակցական ենթակառույցների հարաբերությունների արդյունքում, այլ՝ կուսակցապետի ցանկությամբ /նշանակությամբ/ եւ ժողովրդավարական /թափանցիկ/ մեխանիզմների բացակայությամբ: Սրանից է, որ Հայաստանում կուսակցական վերնախավերը գրեթե չեն փոխվում, անգամ անհաջողությունների դեպքում /Պ. Հայրիկյան, Ռ. Միրզախանյան, Լ. Հարությունյան, Հր. Խաչատրյան/, եւ օրինակ՝ Գալուստ Սահակյանը, որ խորհրդարանական մեծամասնության ղեկավար լինելով, այնպիսի մտքի գոհարներ շաղ տվեց, որ կառավարող կոալիցիան դեռեւս երկար դրանք կհավաքի, այսօր շարունակում է մեծամասնության ղեկավար հանդիսանալ օրենսդիր մարմնում: Կուսակցություններում կայացած քաղաքական որոշումների որակը էապես կախված է ներկուսակցական գործընթացների եւ ֆինանսների թափանցիկության աստիճանից: Որեւէ կուսակցություն որքանով որ շահագրգռված է ծառայել քաղաքացուն, նույնքանով հետամուտ է, որ իր գործունեությունը քաղաքացու համար մատչելի ու տեսանելի լինի, իսկ ֆինանսների թափանցիկությունը տվյալ կուսակցության ժողովրդավարական բովանդակության ամենալուրջ գրավականներից է: Մինչդեռ Հայաստանում ճիշտ հակառակ գործընթացն է, ինչը հակաժողովրդավարական երեւույթ է: Հարց է ծագում. կուսակցությունները՝ չլինելով ներքուստ ժողովրդավարական, թափանցիկ եւ կենսունակ, ինչպե՞ս են այդ չափանիշներով պետություն եւ հասարակություն կառուցելու: Հետեւաբար, բովանդակային առումով ժողովրդավարական կուսակցություն կառուցելը այսօր մեր քաղաքական եւ տնտեսական էլիտայի առողջ, ժողովրդավար հատվածի կարեւորագույն խնդիրը պետք է դառնա, այլապես հաջորդ ընտրություններին ստիպված ենք լինելու ընտրել բովանդակային առումով նույնանման եւ հանգամանքներով ընդդիմադիր կուսակցությունների եւ անհատների միջեւ: ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել