Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեական օրենսգիրքը» կվերանայվի

Հունիս 26,2003 00:00

«Քրեական օրենսգիրքը» կվերանայվի Բայց պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը կողմ է, որ վիրավորանքի եւ զրպարտության խնդիրները լուծվեն հենց քրեական, ոչ թե քաղաքացիական օրենսդրությամբ։ Մեր թերթին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը դեսպաններին առաջարկել էր զբաղվել իրենց գործով եւ չմիջամտել մեր երկրի ներքին գործերին։ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար (նաեւ՝ մամուլի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ) Ռոյ Ռիվը երեկ չուզեց պրն Թորոսյանի առաջարկի առիթով մեկնաբանություններ անել։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո պրն Ռիվն ուրախություն հայտնեց, որ իրենց տեսակետները ՀՀ «Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածների մասով քննարկելու հնարավորություն կա, նաեւ հույս հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանը կլրամշակի օրենքի համապատասխան հոդվածները. «Ես նման հույս ունեմ, բայց դա Հայաստանի խորհրդարանի որոշելիքն է։ Համենայնդեպս, արձագանքը դրական է, եւ ես դրանից ոգեւորված եմ»։ Զրպարտությունը եւ վիրավորանքը քրեականացնելու եւ խիստ պատիժ, ընդհուպ՝ 3 տարի ազատազրկում, սահմանելը որոշ օրենսդիրներ խիստ նորմալ են համարում։ Մասնավորապես՝ գրող, «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը նախ որպես խմբագիր հայտարարեց, թե ինքը թույլ չի տալիս (եւ թույլ չի տա), որ իր հանդեսի էջերում որեւէ մեկի հասցեին զրպարտանք հնչի։ Մեր դիտարկմանը՝ եթե որեւէ պաշտոնյա պարզապես իրեն տեսնի որեւէ ակնարկում եւ դա համարելով իր հասցեին վիրավորանք՝ համապատասխան պատժամիջոց պահանջի, պրն Հովսեփյանը պատասխանեց. «Գեղարվեստական գործն իր օրենքներն ունի, եւ այդ օրենքները հեղինակն է սահմանում իր համար։ Դրանում չի կարելի նախատիպի անունը թողնել նույնը»։ Դիտարկմանն ի պատասխան, թե բանաստեղծ Ջանիկ Ադամյանն էլ որեւէ անուն չէր նշել, բայց պատժվեց, պրն Հովսեփյանն ասաց. «Բա ո՞նց էին գտել»։ Ասացինք, թե դատախազությունն էր կարծում, որ իր ոտանավորում նա նկատի ուներ կոնկրետ պաշտոնյայի։ «Ապացուցելու հազար ու մի խնդիրներ կան, եթե սա համարվում է գեղարվեստական գործ եւ ոչ թե զրպարտագիր, իսկ դա շատ հեշտ է ջոկել, արվեստի գործը միանգամից, 500 մետրից էլ երեւում է, որ արվեստի գործ է։ Եվ եթե այնտեղ ամեն մեկն իրեն տեսնի, ավելի լավ, որ տեսնի։ Իսկ մամուլում տպագրվածի մեջ եթե տեսնում է, եւ զրպարտություն է՝ վատ է»։ Արդյո՞ք «Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածները զրպարտանքի եւ վիրավորանքի մասով գրաքննություն մտցնելու ամենակարճ ճանապարհը չէ։ Ըստ Ռուբեն Հովսեփյանի. «Երբ որ հասարակությունը հիվանդ է լինում, փչացած է լինում, ոչ մի օրենքով չես կարող կարգավորել։ Ուզածդ լավ օրենքը կարող ենք փչացնել, ուզածդ վատ օրենքը կարելի է լավ օգտագործել։ Այսինքն՝ մենք այդ վիճակի մեջ ենք՝ զրպարտություն է, չես կարող ապացուցել, որ զրպարտություն է։ Իրոք, այդպիսի հրապարակումներ էլ կան, կարող են մամուլի ազատության մասին խոսել եւ տակից դուրս գալ։ Հիմա չես իմանում, թե որն է ճիշտ։ Ճիշտը հասարակությունը լավացնելն է, իսկ օրենքը հետեւից կգա։ Հիմա օրենքով չես կարողանում կարգավորել, որովհետեւ օրենքը խախտողներ միշտ կլինեն եւ կապացուցեն, որ իրենք ճիշտ են»։ Ռուբեն Հովսեփյանին խիստ դուր է եկել Տիգրան Թորոսյանի՝ դեսպաններին ուղղված առաջարկը՝ զբաղվեք ձեր գործով. «Դեսպանների ի՞նչ գործն է՝ էստեղ ինչ են անում։ Սրա համար ԱԺ կա, օրենքներ հաստատողներ կան, օրենքներ խախտողներ կան, ավազակներ կան։ Բայց դեսպանը դրա համար չի, դեսպանն իր երկրի քաղաքականությունը պիտի վարի՝ քո երկրի քաղաքականության հետ»։ Իսկ եթե ընդունենք, որ երկիրն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, եւ եվրոպական չափանիշներից ու պարտավորություններից ենք շարունակ խոսում. «Ժողովրդավարության ճանապարհը մենք ենք ընտրել, եվրոպական համապատասխան կազմակերպությունների հետ են մեր հարաբերությունները եւ ոչ թե այլ երկրների դեսպանների հետ»։ Ստացվում է, որ մեր հարաբերությունները, ասենք, ԵԱՀԿ-ի հետ են, ոչ թե ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվի հետ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել