Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տետրերը՝ «իրենց» լեզվով

Սեպտեմբեր 17,2003 00:00

Մեր տետրերը՝ «իրենց» լեզվով Ալսուն եւ «Տատուն»՝ հայկական տետրերի վրա Ամեն տարի՝ օգոստոսի վերջին, հարյուր հազարներով տարբեր տեսակի տետրեր են վաճառվում եւ ամբողջ տարին գործածվում դպրոցում ու տանը։ Ամեն երեխա միջին հաշվով 10 տարի ամեն օր բացում-փակում է այդ տետրերը՝ դառնալով դրանց բարեկամը, ընտելանալով դրանց։ Պարզ է, թե որքա՜ն կարեւոր է, թե ինչ է նկարված ու գրված այդ տետրերի կազմին։ Վերջին մի քանի տարում մեր շուկաները ողողել էին թուրքական արտադրության ընդհանուր տետրերը, որոնց վրա զանազան կինոաստղերի, երգիչների նկարներ էին, ամերիկյան բազմանկարներից կադրեր, բնության տեսարաններ, կենդանիներ եւ այլն։ Թուրքերեն գրված էր լինում «դպրոցական տետր» (okul deftery) կամ անգլերեն՝ «վարժությունների տետր» (exercise notebook), ինչպես նաեւ ձեռնարկության անունը՝ թուրքերեն։ Հանդիպում էին նաեւ ռուսական արտադրության ընդհանուր տետրեր՝ նույն կարգի նկարներով եւ ռուսերեն մակագրերով։ Մամուլում դժգոհություններ հնչեցին այս իրավիճակի կապակցությամբ։ Երազում էինք, թե երբ մեր գործարարները մեզ մոտ էլ կկազմակերպեն տետրերի համարժեք որակի արտադրություն՝ հայերեն մակագրերով եւ մեզ ավելի հոգեհարազատ նկարներով։ Կշահեին թե՛ գործարարները, թե՛ ազգը։ Հայաստանցի գործարարներն իրենց շահը շատ լավ գիտեն եւ, իհարկե, սկսեցին ի վերջո նաեւ տանելի որակով տետրեր արտադրել։ Բայց ազգի մասին, ցավոք, նրանք չմտածեցին։ Այս տարի, օրինակ, շուկայում ամենից շատ հանդիպում են տեղական արտադրության ընդհանուր տետրեր, որոնք արտաքուստ գրեթե չեն տարբերվում թուրքականներից։ Նույն կարգի էժանագին ճաշակի նկարներ, որոնք ուղեկցվում են անգլերեն մակագրերով՝ «ձուկ», «ամառ», «կենդանիներ», «նավ», «ծով», «մանուշակագույն», «խաղալիքներ» եւ այլն, երբեմն էլ՝ երգիչների անգլերեն կամ ռուսերեն անուններով՝ Ալսու, Տատու եւ այլն (ոչ մի հայ երգչի նկար չի հանդիպում)։ Ահա՛։ Հայ գործարարի հայրենասիրությունը, շնորհքն ու երեւակայությունը հերիքել են ընդամենը լատինատառ թուրքերենը լատինատառ անգլերենով կամ սլավոնատառ ռուսերենով փոխարինելու համար։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե հայերը սիրում, հարգում ու գնահատում են իրենց սեփական՝ մեսրոպյան գիրը եւ 1600 տարի պահպանելուց հետո մտադիր են այսուհետեւ էլ պահպանել ու գործածել։ Պարզվում է՝ այսօրվա բոլոր այն հայերը, որոնց ձեռքին ճար կա, մի կողմ թողած մաշտոցյան գիրն ու մայրենի լեզուն, անցնում են անգլերենին (կամ գոնե ռուսերենին, ֆրանսերենին, գերմաներենին)։ Հայրենասիրական ճառերը՝ միայն ուտել-խմելիս։ Իսկ գործնակա՞ն կյանքում… Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել