Լրահոս
Օրվա լրահոսը

Փողս չեն տալիս

Սեպտեմբեր 24,2003 00:00

Փողս չեն տալիս Բաց նամակ ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի եմ եւ որպես Հայաստանում սփյուռքահայ ներդրող գործարար, Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովին ներկայացնում եմ Հայաստանում ունեցած եւ մինչ այսօր չլուծված խնդիրս, որը կարող է պատահել Հայաստանում գործող բոլոր գործարարների հետ։ Հարգելի նախարար, 1992 թվականից առեւտրական կապեր ունեմ Հայաստանի հետ։ Հայաստան եմ ներմուծել սննդամթերք եւ Հայաստանից արտահանել տարբեր ապրանքներ, այդ գործարքներում ես մեծ մասամբ օգտվել եմ Երեւանի «Մելլաթ բանկի» եւ «Հայագրոբանկի» ծառայություններից։ Մինչեւ 06.09.02թ. ամեն ինչ բավարար էր ընթանում, բայց այդ թվականին, երբ Հայաստանից իմ պարբերական գնումների ժամանակ դիմեցի «Հայագրոբանկի» կենտրոնական մասնաճյուղ՝ հաշվիցս գումար վերցնելու, ստացա շատ զարմանալի եւ ապշեցուցիչ պատասխան, թե մի օր առաջ իմ անունից ինչ-որ մեկը ներկայացրել է լիազորագիր եւ բանկից ստացել 62750 ԱՄՆ դոլար (այսինք, իմ՝ բանկում եղած գումարի չափով)։ Ներկայացրին մի անուն-ազգանուն, որ ինձ ամենեւին անծանոթ էր։ Անմիջապես խնդիրը փոխանցվեց ՀՀ գլխավոր դատախազության քրեական բաժին, որը մեկամսյա քննությունից հետո որոշում կայացրեց, թե նոտարի ստորագրությունը եւ կնիքը, նաեւ իմ ստորագրությունը կեղծ են եղել եւ «Հայագրոբանկին» ճանաչել են տուժող կողմ։ Բայց, ցավոք, նորից «Հայագրոբանկը» չկատարեց իր պարտականությունը։ Ես ստիպված դիմեցի դատարան, որտեղ քննությունից հետո որոշեցին կասեցնել գործը՝ մինչեւ գողի ձերբակալումը. մի պատասխան, որ ինձ համար միանգամայն անհասկանալի է եւ անընդունելի։ Խնդիրը պարզ է. ես վստահել եմ նախ Հայաստանի կառավարությանը եւ երկրորդը՝ դրա հովանու տակ աշխատող բանկին, գումարս հանձնել «Հայագրոբանկին»։ Գլխավոր դատախազությունը բանկին ճանաչել է տուժող, բայց, արդյունքում, ես մինչ այսօր էլ չեմ կարողացել վերականգնել իմ իրավունքը եւ վնասը։ Պարոն նախարար, ինչպե՞ս եք ուզում հայ գործարարների վստահությունը գրավել, երբ դուք ներկայումս չունեք հստակ իրավական դաշտ՝ նման խնդիրները հավուր պատշաճի լուծելու համար եւ պաշտպանելու մեր իրական իրավունքները։ Ինչպե՞ս եք ուզում արտասահմանցի գործարարներին ներգրավել Հայաստան, երբ Հայաստանում աշխատող բանկը կարող է փոշիացնել նրանց ամբողջ գումարը։ Ի վերջո կառաջարկեմ, որ սփյուռքահայ գործարարները Երեւանում ունենան իրենց իրավաբանական կենտրոնը, որը պիտի սերտ համագործակցություն ունենա արդարադատության բոլոր ատյանների հետ, նախ՝ գործարարներին զգուշացնեն նմանատիպ դեպքերից, իսկ երկրորդը, եւ ամենակարեւորը՝ կարողանա պաշտպանել նրանց իրական իրավունքները բոլոր ոլորտներում։ ՎԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ Վանիկ Օհանյանն իր այս խնդիրը հնչեցրել է նաեւ Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովի երեկվա քննարկման ժամանակ։ Դատախազությունից տրամադրված փաստաթղթի համաձայն, լիազորագիրն, իրոք, կեղծված է եղել, գործը կարճվել է մեղադրյալի թաքնվելու պատճառով։ Գործարարը մինչ օրս գումարը բանկից հետ չի ստացել, իրավունքները չի վերականգնել։ Մյուս կողմից, դատարանը հիմնավոր է համարել այն փաստարկը, որ ավանդի վերաբերյալ տվյալները գաղտնի են, որոնք մեղադրյալը կարող էր ստանալ ավանդատուից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել