Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ ՏԽՈՒՐ ՏՈՆԸ

Սեպտեմբեր 24,2003 00:00

ԻՄ ՏԽՈՒՐ ՏՈՆԸ Անկախության տոնից 3-4 օր առաջ Մաշտոցի պողոտայի մի հատվածում տախտակամած էին տեղադրում՝ երեւի տոնական միջոցառման համար (հետո պարզվեց՝ «Կենաց փառատոնի» համար էր): Պատվանդանների սուր եզրեր ունեցող հենակ-ոտքերն անմիջականորեն դնում էին փողոցի ասֆալտի վրա (միայն հատուկենտ ոտքերի տակ թիթեղներ էին ամրացված): Ամենայն հավանականությամբ, դրանք որոշ ժամանակ անց կխրվեին վերջինիս մեջ ու կփչացնեին նոր արված ասֆալտը: Մոտեցա տախտակամածը հավաքող բանվորներին ու խնդրեցի ոտքերի տակ թիթեղներ դնել, որ փողոցի ծածկը չփչանա: Նրանք միահամուռ պատասխանեցին, թե ղեկավարներն իրենց ինչ ասել են՝ այն էլ անում են: Առաջարկեցի անմիջապես այս մասին տեղյակ պահել ղեկավարներին՝ գուցե ինչ-որ բան նախաձեռնեն: Այստեղ արդեն բանվորներից մեկը շպրտեց. «Նախագահի հանձնարարությունն ենք կատարում: Կարա՞ս, գնա իրան ասա»: Իսկ մյուսը հեգնանքով ավելացրեց. «Այ ախպեր, պիտի փչանա, որ հետո սարքելու գործ լինի»: Ակամա մտածեցի, որ եթե սա արվում է Անկախության օրվա առթիվ, ապա մի՞թե այդ տոնը պարտադիր պետք է «նշվի» վնասված ասֆալտով: Տխուր էր ու շատ ցավալի: Անկախության տոնի նախորդ երեկոյան այդ վայրում արդեն հոծ բազմություն էր հավաքվել, իսկ տախտակամածը վերածվել էր բեմի: Ինչ-որ օտար մեղեդու ուղեկցությամբ պարային մի խումբ ծամածռվում-կոտրատվում էր: Բեմի հսկայական պաստառի վրա գեղեցիկ կարմիր նուռ էր նկարված եւ լատինական տառերով գրված էր՝ «Արմենիա»: Ուրեմն Հայաստանում, Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառմանը Հայաստանի անունը գրված էր ոչ հայերենով: Սա ահռելի մի ցավ ու վիրավորանք էր իմ՝ Հայաստանի քաղաքացուս համար: Է՞ս ինչ ենք անում, էս ո՞նց ենք վիրավորում ինքներս մեզ, մեր ազգային արժանապատվությունը: Արդյո՞ք կապ կա ասֆալտը փչացնելու ու պետական լեզուն արհամարհելու միջեւ՝ չգիտեմ: Հակված եմ մտածելու, որ կա: Այդ երեկո, դեռ տոնը չսկսված, դեռ տոնական օրը չբացված, ինձ համար տոնը՝ երեւի ամենակարեւորը տարվա ընթացքում, ավարտվեց: Տխուր էր, բայց, ցավոք, ոչ արտառոց: Վերջերս Կառավարության երրորդ մասնաշենքում գործում էր Հայաստանի արդյունաբերությանը նվիրված «Էքսպո» ցուցահանդեսը: Այստեղ էլ հայերեն բառ չկար: Բոլոր տաղավարներին ձեռնարկությունների անունները գրված էին ռուսերեն եւ անգլերեն: Իմ հարցին, թե ինչու դրանք հայերեն չեն, տրվեց մի շատ պարզ պատասխան. «Ցուցահանդեսի պաշտոնական լեզուները ռուսերենն ու անգլերենն են»: Ահա այսպես Կառավարության շենքում օրը ցերեկով ցուցահանդեսի կազմակերպիչներն արհամարհում էին պետական լեզուն: Լավ էլ անում էին. իրենք օտարամոլ են ու թքած ունեն հայերենի վրա, իսկ ձեռքները բռնող, հետներն օրենքի լեզվով խոսող չկա, դեռ շենք էլ են տրամադրում: Էլի վերջերս, Խոր-Վիրապում՝ հայ քրիստոնյայի համար թերեւս ամենասուրբ վայրերից մեկում, անմիջապես Լուսավորչի հորում դրված հանգանակության գանձատուփի վրա գրված էր միայն անգլերեն: Ասել կուզի՝ մեզ պետք չեն ձեր 100-1000 դրամները, արկղը դոլար ունեցող օտարների համար է: Տխուր է: Կարող ենք առավոտից երեկո «ազգային» հորջորջել ու այդ «ազգայինի» հերն անիծել, կարող ենք պետությունից խոսել ու ամեն ժամ այդ պետության քաղաքացու արժանապատվությունը վիրավորել, կարող ենք անկախությունը տոնել՝ հենց այդ անկախության հիմքերը քանդելով:8230 ԱՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ Պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել