Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՔԻ ՀԻՆԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Սեպտեմբեր 25,2003 00:00

ՊԱՐՏՔԻ ՀԻՆԸ ՉԻ ԼԻՆՈՒՄ «Առավոտը» սեպտեմբերի 13-ին գրել էր մի գյուղի մասին, որի բնակիչների էներգամատակարարումը էլեկտրացանցն անջատում է՝ պատճառաբանելով, թե իրենք այդ կերպ պիտի փակեն զանազան ընկերությունների, հիմնականում՝ Հայգազարդին ունեցած իրենց պարտքը: Վերջերս «Առավոտը» նոր բողոք ստացավ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից: Մաշտոցի փողոցի մի խումբ բնակիչներ բողոքում են, որ արդեն մի քանի ամիս է՝ էլեկտրաէներգիայի վճարումների կտրոնների վրա նշված գումարները շատ ավելին են, քան իրենց ծախսած էլեկտրաէներգիան է: Մեզ ներկայացրած կտրոնների վրա բնակիչներից մեկի ս.թ. հուլիսի ընթացիկ պարտքը 100 դրամ է, իսկ որպես հին պարտք նշված է 17 420 դրամ: Գումարը, բնականաբար, նշված է նաեւ հաջորդ ամսվա կտրոնի վրա: Հատկանշական է, որ արդեն սեպտեմբերի կտրոնի վրա այդ գումարը ներկայացված է ոչ թե հին պարտք տողի դիմաց, այլ ընթացիկ ծախսի գումարի հետ: Այդ քաղաքացին (որը ենթադրելի պատճառներով չի ցանկանում հրապարակել իր անունը) պնդում է, որ իրենց տեղամասային տեսուչը վստահեցրել է, թե այդ գումարը հենց այնպես է գրված, բնակիչներն այն վճարելու անհրաժեշտությունը չեն ունենալու: Սակայն հրաժարվել է որեւէ տեղեկանք կամ գրություն տալ այն մասին, որ քաղաքացին պարտք չունի: Այս մասին որեւէ պարզաբանում քաղաքացուն, ըստ նրա, հրաժարվել են տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Էջմիածին» մասնաճյուղում եւ խորհուրդ են տվել գնալ ու բողոքել մինչեւ Երեւան: Վերոնշյալ քաղաքացին մինչեւ Երեւան գալը հարցուփորձ էր արել իր հարեւաններին եւ պարզել, որ շենքի իրենց մուտքի գրեթե բոլոր բնակիչների կտրոնների վրա նման պարտքեր են նշված, որինը՝ 12, որինը՝ 18, որինն էլ՝ 30 հազար: Բոլորն էլ պնդել են, որ անտեղյակ են այդ թվերին եւ իրենց ոչ ոք չի պարզաբանել դրանց առաջացման պատճառները: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լրատվության պատասխանատու Մարգարիտ Գրիգորյանն ասաց, որ այդ պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ինը չէ, այլ երբեմնի «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր»-ինը, այսինքն դրանք գոյացել են մինչեւ սեփականաշնորհումը: Իսկ նոր սեփականատերը, պայմանագրով հանձն է առել պարտքը Հայգազարդի փոխարեն հավաքագրել բնակիչներից: Մ. Գրիգորյանն ասաց, որ մի քանի ամիս իրենք զանազան լրատվամիջոցներով բնակիչներին տեղյակ են պահել, որ մինչեւ սեփականաշնորհումը կուտակված պարտքերը ենթակա են վճարման: Դրանք որեւէ այլ կերպ կամ այլ կտրոնի վրա նշելը անհնար է, քանի որ այդ դեպքում պիտի փոխվեն ամբողջ համակարգը, համակարգչային ծրագրերը եւ այլն: ՓԲԸ լրատվության պատասխանատուն համոզված է, որ այդ քաղաքացիները տեղյակ են իրողությանը: Նա նաեւ համոզվածությամբ պնդեց, որ բացառվում է Էջմիածնում քաղաքացուն ասեն, թե նա պարտավորված չէ վճարել այդ գումարը, քանի որ հենց վճարելու համար էլ այդ թիվը նշված է: Իսկ իրականում տարածքային տեսուչը կամ մասնաճյուղի փոխտնօրենը նման բան ասել են թե ոչ, հավանաբար կպարզվի օրերս: Թեեւ խիստ կասկածում ենք, որ նրանք հեշտ ու հանգիստ խոստովանեն, թե իրենք են քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Ի դեպ, պարզվում է՝ Արմավիրը հանրապետությունում էլեկտրաէներգիայի դիմաց ամենացածր վճարումներ կատարող մարզն է: Սակայն դա իհարկե չի կարող արդարացնել, երբ պարզաբանման համար պաշտոնյայի մոտ գնացած քաղաքացուն վերջինս կամ ի՛ր դուռն է ցույց տալիս, կամ՝ ուրիշի: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել