Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԴ-ՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է

Սեպտեմբեր 27,2003 00:00

ԵԴ-ՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է Իշխանության ներկայացուցչներին զրպարտելու կամ վիրավորելու համար ավելի խիստ պատժաչափի արժանացնելու եւ «Քրեական օրենսգրքից» այս հանցատեսակների համար ազատազրկումը չվերացնելու պարագայում՝ նման քրգործերի համար Եվրոպական դատարանում ապահովված է պարտությունը: Այս եզրակացությանն ենք հանգել՝ ուսումնասիրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները ԶԼՄ-ներով հասցված զրպարտության կամ վիրավորանքին առնչվող գործերի վերաբերյալ՝ ըստ «Հոդված 19» կազմակերպության իրականացրած հետազոտության: Մինչ ԵԴ-ի վճիռներից մեջբերումներ ներկայացնելը՝ հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ «Քրեական օրենսգրքի» 135 հոդվածի համաձայն՝ ԶԼՄ-ներով տարածված զրպարտությունը կարող է պատժվել ուղղիչ աշխատանքներով՝ 1-2 տարի ժամկետով, կամ 2 ամիս ժամկետով կալանքով: Իսկ եթե անձին մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության մեջ՝ զրպարտության հեղինակին կարող է սպառնալ 3 տարվա ազատազրկում: 136 հոդվածի համաձայն՝ մամուլով հասցված վիրավորանքը կարող է արժենալ առավելագույնը 1 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ: Իսկ 318 հոդվածի համաձայն՝ իշխանության ներկայացուցչին ԶԼՄ-ներով վիրավորելը կարժենա 1-3 ամսվա կալանք կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում: Ըստ «Հոդված 19»-ի՝ զրպարտությունից պաշտպանելու նորմերը չեն կարող արդարացված լինել, եթե դրանք նպատակ ունեն թույլ չտալ քննադատություն պետական պաշտոնյայի սխալ գործելակերպի կամ կաշառվածության բացահայտում: Ավելին՝ այս կազմակերպությունը գտնում է, թե պետական իշխանությունները (այդ թվում եւ՝ ոստիկանությունն ու դատախազությունը) պետք է որեւէ մասնակցություն չունենան զրպարտության համար քրեական հետապնդումներ նախաձեռնելու կամ իրագործելու գործընթացներում, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունի զրպարտված անձը, կամ՝ նույնիսկ եթե նա պետական բարձր պաշտոնյա է: Հիշեցնենք նախագահ Ռոբերտ Քոչարյանին զրպարտելու համար Ջանիկ Ադամյանին ներկայացված մեղադրանքը: Համեմատենք այն «Օզգյուր Գունդեմն ընդդեմ Թուրքիայի» գործով ԵԴ-ի 2000-ին կայացված վճռի հետ. այդ լրագրողի հոդվածը՝ անվտանգության ուժերի կողմից Լիս գյուղում կատարած գործողությունների վերաբերյալ հանգեցրեց նան, որ Օզգյուր Գունդեմը տուգանվեց եւ 10 ամսով բանտարկվեց, իսկ նրա թերթի տպագրությունը դատարանի որոշմամբ կասեցվեց 15 օրով: Եվրոպական դատարանն իր վճռի մեջ հստակ նշեց. «Պետական իշխանությունների դոմինանտ վիճակը նրանց պետք է պարտավորեցնի զսպվածություն ցուցաբերել քրեական հետապնդումներ նախաձեռնելուց: Ժողովրդավարական երկրի իշխանությունները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն քննադատության հանդեպ, նույնիսկ եթե այն վիրավորական եւ սադրիչ բնույթ ունի»: 1996-ին «Գուդվինն ընդդեմ Անգլիայի» գործով Եվրոպական դատարանը վճռեց, թե տեղեկատվության աղբյուրը բացահայտել հրաժարվող լրագրողին տուգանելու վերաբերյալ դատարանի որոշումը խոսքի ազատության իրավունքի խախտում է. «Տեղեկատվության աղբյուրի գաղտնիության երաշխիքի բացակայության պարագայում՝ տեղեկատվության աղբյուրները կդադարեն մամուլին աջակցել, ինչն էլ բացասաբար կանդրադառնա ստույգ եւ վստահելի տեղեկատվություն տրամադրելու մամուլի հնարավորության վրա: Արդյունքում կխաթարվի մամուլի՝ որպես հասարակության շահերի պաշտպանի՝ կենսականորեն կարեւոր դերը»: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը «Տարեգիր» էլեկտրոնային թերթի թղթակից Լիլիթ Սեյրանյանին պարտադրեց հերքել իր հրապարակած տեղեկությունները, որոնց աղբյուրը նա հրաժարվեց բացահայտել: Եթե լրագրողը դիմեր Եվրոդատարան՝ պետությունը ստիպված կլիներ փոխհատուցել նրա կրած վնասները: Հիշեցնենք նաեւ, որ «ԶԼ մասին» օրինագծով նախատեսվում է, թե լրագրողները պարտադրված են բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ դատական մարմինների պահանջով: Եվս երկու զուգահեռ մեր իրականությունից՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին բանտարկություն էր սպառնում զրպարտության համար, որն, ի վերջո, փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ: Իսկ «Առավոտը» պահանջվող հսկայական տուգանքի պատճառով կհայտնվեր սնանկացման շեմին, եթե Հայաստանում արդարադատության համակարգի նկատմամբ թերահավատ վերաբերմունքի պատճառով (հրապարակման ապացույցներն ունենալով հանդերձ)՝ չնահանջեր եւ հանձն չառներ տպագրել Կենտրոնական բանկի պարտադրած հերքումը: Այս երկու գործերն էլ՝ եթե դատական շարունակություն ունենային եւ հայտնվեին Եվրոպական դատարանում՝ կավարտվեին հօգուտ մամուլի կայացված վճիռներով, քանզի Ստրասբուրգում կարեւորվող սկզբունք է. «Այնպիսի պատժատեսակներ, ինչպիսիք են բանտարկությունը, բանտարկության որոշման ժամանակավոր կասեցումը, լրատվության ցանկացած միջոցներով արտահայտվելու իրավունքի ժամանակավոր կասեցումը, լրագրությամբ կամ ցանկացած այլ մասնագիտությամբ զբաղվելու իրավունքի ժամանակավոր կասեցումը, չափից ավելի մեծ տուգանքների նշանակումը եւ այլ խիստ քրեական պատիժներ երբեք չպետք է կիրառվեն զրպարտության համար, անկախ նրանից, թե որքան բացեիբաց են կատարվել զրպարտող բնույթի հայտարարությունները»: Որպես օրինակ՝ մատնանշենք 1999-ին քննված «Դալբանն ընդեմ Ռումինիայի» գործը, որի դատաքննության ժամանակ Ռումինիայի կառավարությունը ստիպված եղավ համաձայնել, թե լրագրողի բանտարկությունը չի կարող «անհրաժեշտ համարվել ժողովրդավարական հասարակարգում»: Դատարանը որոշեց. «Դալբանին դատապարտելու եւ նրան բանտարկելու որոշում ընդունելը հավասարազոր է լրագրողի ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակելու ոչ համաչափ միջոցի»: Մեջբերենք նաեւ 1992-ին քննված «Թորգերն Թորգինսոնն ընդդեմ Իսլանդիայի» գործի վճռից. «Հոդվածները վերաբերում էին հասարակության համար ծայրահեղ հետաքրքրություն ներկայացնող դեպքերի… եւ հաշվի առնելով դրանց վերջնական նպատակը եւ այն հնարավոր ազդեցությունը, որ կարող էին ունենալ՝ դատարանը որոշեց, որ օգտագործված լեզվական ոճը չափազանցված չէ: Դատարանը որոշում է, որ դատապարտելու եւ բանտարկելու որոշումները բացասական ազդեցություն կարող են ունենալ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բաց բանավեճեր ծավալելու գործընթացի վրա»: 1995-ին «Բերգենսը, Տիդենդեն եւ այլոք ընդդեմ Նորվեգիայի» գործով դիմողները նշում էին, թե Նորվեգիայի գերագույն դատարանի սահմանած 5 մլն կրոն փոխհատուցման չափը նորվեգական դատարանների կողմից զրպարտության համար երբեւէ սահմանված ամենաբարձր փոխհատուցման չափն է եւ վտանգավոր ազդեցություն է ունեցել Նորվեգիայում մամուլի ազատության վրա: Եվրոդատարանը գտավ. «Անհնարին է ընդունել, որ բժիշկ Ռ.-ի գործարար համբավը պաշտպանելու իրավաչափ նպատակը գերակշռում է ազատ մամուլ ունենալու հանրության շահին»: Նման վճիռ կայացվեց նաեւ 1995-ին՝ «Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Անգլիայի» գործով: Դիմումատուն նշել էր, թե 1,5 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցման չափն անհամաչափ է լորդ Արլինգտոնի հեղինակությունը պաշտպանելու նպատակի համեմատ եւ դատարանը հաստատեց դա. «Զրպարտության համար պարտադրվող վնասի փոխհատուցման չափը պետք է ողջամտության սահմաններում համաչափ լինի անձի հեղինակությանը հասցված վնասին»: Հիշեցնենք, որ «Արդարություն» խմբակցությունը նախապատրաստել է փոփոխություններ «Քրեական օրենսգրքում», որոնց հետեւանքով զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ նորմերը կապաքրեականացվեն: Հուսով ենք, ԱԺ մեծամասնությունը այս հարցում եւս այնքան հետամուտ կլինի եվրոպական արժեքներին, որքան եղավ մահապատիժը վերացնելու խնդրում: Այլապես հեռանկարը հստակ է, թե նման գործերով դատավճիռների պարագայում ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը Եվրոպական դատարանում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել