Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ»

Հոկտեմբեր 21,2003 00:00

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՆՀՆԱՐԻՆԸ» ԵԱՀԿ գործող նախագահ Յաապ Դե Հուփ Սխեֆֆերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը – Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին ուղղված քննադատությամբ՝ մեղադրելով նրան «անգործության» մեջ: Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն լռելյայն լսում այդ հայտարարությունները եւ Ադրբեջանի ուշադրությունը չի հրավիրում 2001թ. Փարիզում եւ Քի Վեսթում ԱՄՆ172ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին վերադառնալու անհրաժեշտությանը: – Ես հերքում եմ հայտարարություններն այն մասին, որ «ԵԱՀԿ-ն լռելյայն լսում է մեղադրանքները»: Այս համատեքստում ես նաեւ խելամիտ չեմ համարում բանավեճ սկսել այն մասին, թե ինչպե՞ս են հակամարտության կողմերը մեկնաբանում Փարիզի եւ Քի Վեսթի պայմանավորվածությունները: Իրոք, Ադրբեջանը քննադատաբար է արտահայտվել ԵԱՀԿ-ի մասին, բայց միեւնույն ժամանակ ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ Մինսկի գործընթացն ապահովում է լավագույն ձեւաչափը բանակցությունների համար: Նրանք նաեւ հայտնել են այդ ձեւաչափի շրջանակներում աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին: Այսօր մեզ անհրաժեշտ են երկու կողմերի պատասխանատվությունը, որը թույլ կտա շարունակել առաջ շարժվել, զիջումների գնալու ցանկությունը եւ, որոշ իմաստով, պետական հմուտ կառավարումը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ հեռանկարում ողջ տարածաշրջանում ավելի լավ պայմաններ ապահովելու համար: – ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարեց, որ եթե Հարավային Կովկասի երկրներն «ազդանշան» ստանան Եվրոպական միությունից այն մասին, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ժամանակի ընթացքում կարող են անդամակցել ԵՄ-ին, «դա կփոխի մեր մտածելակերպը հակամարտությունների կարգավորման հարցում»: Օսկանյանի խոսքերով, այդ դեպքում «հակամարտությունների կարգավորումը կհայտնվի բոլորովին այլ համատեքստում, որն ավելի հարմար կլինի առկա խնդիրների լուծման համար»: Որքանո՞վ հեռանկարային եւ, կարեւորը, իրատեսական եք համարում այս մոտեցման իրագործումը: – Կարծում եմ, հասկանում եք, որ լինելով ԵԱՀԿ գործող նախագահ, ես չեմ կարող հանդես գալ ԵՄ-ի անունից: Որպես Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար, ես վաղաժամ եմ համարում նման ազդանշանի մասին խոսակցությունները եւ գիտեմ, որ ԵՄ ներկայացուցիչները նույն կարծիքին են: Եթե խոսենք ավելի ընդհանրացված, ապա ես չեմ ժխտում, որ որոշ դեպքերում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը «խայծի» դեր է խաղացել անդամակցության պոտենցիալ թեկնածուների համար՝ օգնելով հաղթահարել տնտեսական, սոցիալական եւ ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա խոչընդոտները: Ամենայն հավանականությամբ, նման դրսեւորումների մենք ականատես կլինենք նաեւ այլ դեպքերում, ինչն, իմ կարծիքով, ողջունելի է: Ես կցանկանայի հիշեցնել, որ լինելով ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի անդամ, Հայաստանը, ինչպես եւ մյուս երկրները, ստանձնել է հակամարտությունները խաղաղ կարգավորելու եւ մի շարք սկզբունքներին ու արժեքներին համապատասխանելու պարտավորություններ: – Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն կոչ են անում տարածաշրջանի երկրներին զարգացնել համագործակցությունը, նշելով, որ դա կնպաստի առկա հակամարտությունների կարգավորմանը: Տարածաշրջանի երկրները, մասնավորապես Ադրբեջանը խոսում են մինչեւ հակամարտությունների լուծումը նման համագործակցության անհնարինության մասին: Ինչպիսի՞ն կարող է լինել ելքն այս փակուղուց, ինչպե՞ս կարելի է տարածաշրջանի երկրների ղեկավարներին ստիպել անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորել: – Մենք չենք կարող անել անհնարինը: Մեր կազմակերպությունն աշխատում է կոնսենսուսի սկզբունքով եւ չի կարող հարկադրել երկրներին վարել այս կամ այն քաղաքականությունը: Տարածաշրջանի երկրների ղեկավարները պետք է ընդունեն պատասխանատվությունն իրենց երկրների եւ ողջ տարածաշրջանի ապագայի համար: Երբեմն ես ցանկանում եմ ավելի շատ նման ըմբռնում տեսնել ղեկավարների մոտ եւ նրանք գիտակցեն այն պատմական դերը, որը կարող են խաղալ իրենց ժողովուրդների բարեկեցության համար: Սակայն, պետք է կրկնեմ, ես չեմ կարող ստիպել որեւէ մեկին ստանձնել այդ դերը: – Միջազգային կազմակերպությունները տագնապով են խոսում Հարավային Կովկասի տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների հապաղման մասին: Ի՞նչ եք կարծում, մի՞թե 10 տարին բավարար ժամկետ չէր, որպեսզի Հարավային Կովկասի երկրները հասնեին գոնե Արեւելյան Եվրոպայի երկրների մակարդակին: Ո՞րն է հիմնական խնդիրը: – Իրոք, տարածաշրջանում ժողովրդավարական զարգացման ընթացքը որոշակի հիասթափություն է առաջացնում: Այս տարի Հայաստանում կայացած ընտրությունները չհամապատասխանեցին ԵԱՀԿ չափանիշներին: Միեւնույն ժամանակ, գնահատականներ տալիս մենք պետք է զգույշ լինենք: Նախեւառաջ, ես արդարացի չեմ համարու մ այլ երկրների հետ համեմատություններ անելը, անկախ նրանից, դրանք գտնվու՞մ են այս կամ որեւէ այլ տարածաշրջանում: Արդյոք ես պե՞տք է համեմատեմ Հայաստանն, ինչպես դուք եք առաջարկում, Արեւելյան Եվրոպայի երկրների կամ Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Ես հետեւյալ կարծիքին եմ. Հայաստանը յուրահատուկ անցումային շրջան է ապրում: Ամենակարեւորը, եւ ես խոսել եմ այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում կատարած իմ բոլոր այցերի ընթացքում, միտումներին հետեւելը. ի՞նչ ուղղությամբ է զարգանում իրավիճակը: Այս տեսակետից ինձ թվում է, որ Հայաստանը շարժվում է դրական ուղղությամբ: Դուք չունեք քաղաքական բանտարկյալներ, իշխանությունը փոխանցվում է առանց քաղաքացիական ընդհարումների, եւ, չնայած ԶԼՄ-ների ազատության եւ օրինականության հաստատման բնագավառում իրավիճակի բարելավման անհրաժեշտությանը, Հայաստանը շարունակում է բավականին կայուն երկիր մնալ անհանգիստ տարածաշրջանային միջավայրում: Իհարկե, իշխանությունները չպետք է օգտագործեն չկարգավորված հակամարտությունների առկայությունը ժողովրդավարական բարեփոխումների հապաղումն արդարացնելու համար, սակայն հակամարտությունների լուծումը թույլ կտա լիովին բարելավել իրադրությունը երկրում: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏ-ի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել