Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԷ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբեր 31,2003 00:00

ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՎԱԾ ՉԷ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ Բոլոր տուժողները պահանջում են ֆիզիկապես վերացնել մարդասպաններին «Սրանք արժանի էլ չեն, որ մարդ սրանց մասին խոսի,- ոճրագործներին նկատի ունենալով, երեկ դատարանում հայտարարեց ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը։- Հարցն այն է, որ մենք այն ժամանակ էլ համոզված էինք, որ ճաղերի ետեւում էս նստածներն ի վիճակի չէին նման քայլի։ Սրանք բութ գործիք էին ուրիշների ձեռքում, եւ որ մինչեւ այսօր չի բացահայտվել, թե ո՞ւմ ձեռքին էին գործիք, դա է տխուր։ Սրանք միայն մարդ չեն սպանել, ես կարծում եմ, 6-րդ արձանագրությունն էլ, արդարացի դատավճռի դեպքում իրենց չի ազատում մահապատժից, որովհետեւ անմիջական պատերազմի վտանգ, բոլորս գիտենք, որ կար, քաղաքացիական պատերազմի վտանգ կար միանշանակ։ Էլ չեմ ասում, որ հակառակորդի բանակում էլ լուրջ տեղաշարժեր կային։ Ես կարծում եմ, դատավարության ամենամեծ բացթողումը ոչ թե երկարաձգելն էր, այլ՝ ճշմարտությունը մինչեւ վերջ բացահայտելուց խուսափելը»,- երեկ՝ դատական վիճաբանություննների փուլում ճառով հանդես գալով՝ այդպես ձեւակերպեց տուժող, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը։ Երեկ դատարանում ճառով հանդես եկած տուժածներին կարելի է բաժանել երկու խմբի՝ տուժածներ, որոնք շրջանցեցին ոճրագործների կազմակերպիչների թեման (Պավել Ղալթախչյանը, Ռուբեն Տոնոյանը) եւ տուժածներ, որոնց համար միանշանակ պարզ էր, որ «27»-ն ունի կազմակերպիչներ, որ մարդասպանները գործել են ինչ-որ մեկի կամ ինչ-որ ուժերի պատվերով։ Սակայն մի հարցում բոլոր տուժածները, միակարծիք էին՝ մարդասպաններին պետք է դատապարտել մահապատժի։ Ընդ որում, Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն իր՝ մոտ երեք ժամ տեւած մեղադրական ճառում բավականին հանգամանալից անդրադառնալով գործի դրվագներին, մեկ առ մեկ ապացուցեց, որ հանցախմբի յուրաքանչյուր անդամ ունեցել է կոնկրետ հանձնարարական եւ խումբը գործել է միասնաբար։ Աշոտ Սարգսյանն իր խոսքում ասաց, որ ամենեւին պատահական չէր իր կողմից ժամանակին արված առաջարկը՝ ԱԺ զուգարանում տեղազննություն անցկացնելու մասին. «ես այնքան միամիտ չէի, որ կարծեի, թե զենքը պահվել է չեզոք տեղում, իրականում, ըստ ինձ, զենքը եղել է ինչ-որ մեկի աշխատասենյակում»։ Պրն Սարգսյանի մի շարք այլ նկատառումներ դեռ առիթ կունենանք ներկայացնելու։ Փաստաբանի եւ նրա իրավահաջորդի պահանջը հետեւյալն է. «Առաջնորդվելով ՀՀ քրօրենսգրքի 12-րդ հոդվածով՝ բոլորին դատապարտել մահապատժի»։ Հիմնավորումը հետեւյալն էր՝ Հայաստանը վավերացրել է 6-րդ արձանագրությունը, սակայն երկրի գլխավոր օրենքի 17-րդ հոդվածից չի վերացվել մահապատժի մասին դրույթը, իսկ «դատաքննության ժամանակ հիմնավորվեց, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատճառով երկիրը կանգնած է եղել պատերազմի շեմին»։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում գնդակահարված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն իր ճառում ասաց, որ երեք տարի տեւած դատավարությունն ավարտվեց առանց լույս սփռելու բազմաթիվ հարցերի վրա. «մասնավորապես, դատարանը ոչ մի քայլ չարեց ամբաստանյալի կողմից 2003 թ. սեպտեմբերի 4-ին դատարանում հրապարակած նամակում արված խոստովանությունը ստուգելու համար։ Այն է. «Իրոք, խումբը, այլ ոչ կազմակերպությունը ձեւավորվել ու գործել է Ալեքսան Հարությունյանի եւ Մուշեղ Մովսիսյանի դրդմամբ»։ Ըստ տիկին Բախշյանի. «ՀՀ նախագահի կողմից ամբաստանյալներին տրված երաշխիքները արդարադատությունը կատարեց 100 տոկոսով։ Իսկ ժողովրդին եւ անձամբ մեր ընտանիքներին, նախագահի կողմից տրված երաշխիքը՝ ամեն գնով ահաբեկչությունը բացահայտելու մասին, արդարադատությունը թաղեց, դրանով թաղեց իր նկատմամբ ունեցած փոքրիկ հավատը։ Այս ամոթալի դատավարությունը խարան է արդարության ողջ համակարգի ճակատին՝ նախագահից մինչեւ վերջին պաշտոնյան»։ Տուժող Նորիկ Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանի ճառում ընդգծվեց հետեւյալը. «մենք համաձայն ենք նախաքննության ժամանակ տրված գնահատականին՝ հայրենիքի դավաճանություն, տեռորիստական ակտ։ Իսկ մեկնաբանել հանցագործությունը որպես Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի նկատմամբ անձնական թշնամանքի հետեւանքով կատարված գործողություն, նշանակում է գործը իջեցնել կենցաղային սպանության մակարդակի»։ Ըստ Լ. Եղիազարյանի, սա միտումնավոր է արվում՝ հետագայում կազմակերպիչների գոյությունը բացառելու եւ գործը 7 ամբաստանյալների շրջանակում ավարտելու նպատակով։ Տուժողները եւ նրանց իրավահաջորդներն իրենց ճառերում խիստ գնահատականներ տվեցին մեղադրող Գագիկ Ավետիսյանի ժամանակին արտահայտած այն մտքին, թե իբր տուժողների ու ամբաստանյալների շահերը համընկնում են. «ի դեպ, հենց միայն այս խնդիրը (ով է սպանել Արմենակ Արմենակյանին.- Մ. Ե.) պարզելու համար փաստաբան Յունոշեւի կողմից արված միջնորդության պատճառով դատախազ Ավետիսյանի կողմից հավասարության նշան դրվեց ամբաստանյալների եւ տուժածների միջեւ։ Այնինչ, ցանկության դեպքում դատարանը կարող էր պարզել 6-րդ մարդասպանին, որն, իսկապես, այսօր դրսում է»։ Երեկ ճառերով հանդես եկան նաեւ Հենրիկ Աբրահամյանի դուստրը եւ Միքայել Քոթանյանի որդին։ Մեղադրական ճառերը կշարունակվեն այսօր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել