Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Դեկտեմբեր 03,2003 00:00

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕՊԵՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ Ասում է երգչուհի Վարդուհի Խաչատրյանը Հոկտեմբերի 7-ին, 9-ին եւ 11-ին իտալական Սարդինիայի Սասսարի քաղաքի օպերային թատրոնում տեղի ունեցավ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերան։ Ներկայացմանը Օլգայի դերերգով հանդես եկավ Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանը: Ներկայացումը ղեկավարում էր նույն թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, իսկ Եվգենի Օնեգինի դերերգով հանդես եկավ մեր օպերային թատրոնի մեներգիչ Առնոլդ Քոչարյանը: Երբ «Առավոտը» խնդրեց Վարդուհի Խաչատրյանին՝ պատմել այդ ներկայացման մասին, երգչուհին խուսափեց իր կատարմանը գնահատականներ տալուց՝ «դա հանդիսատեսի եւ երաժշտական քննադատների գործն է»: Փոխարենը հաճույքով ներկայացրեց իր գործընկերների հաջողությունները, մասնավորապես տեղեկացնելով, որ Կարեն Դուրգարյանն այս տարի Սարդինիայի մայրաքաղաքում՝ Կալյարիում ղեկավարել է Չայկովսկու «Օպրիչնիկ» օպերայի եվրոպրեմիերան: «Այն, որ մենք՝ հայաստանցի արտիստներս, մասնակցում էինք Իտալիայում «Օնեգինի» պրեմիերային, ինձ համար հպարտության աղբյուր է,- ավելացրեց Վարդուհին,- դա նշանակում է, որ «օպերային տերություն» համարվող երկրում բարձր են գնահատում մեր օպերային մշակույթը, մեր կատարողական արվեստը: Եվ ներկայացմանը մասնակցող ռուս եւ իտալացի երգիչների հետ միասին մեզ հաջողվեց մարմնավորել Չայկովսկու անմահ օպերան»: Իսկ իտալացիների համար դժվար չէ՞ր երգել Պուշկինի լեզվով: Մեր այդ հարցին ի պատասխան՝ երգչուհին ասաց. «Իրոք, երբեմն որոշ խնդիրներ ծագում էին: Բանն այն է, որ ես, բացի իմ հիմնական պարտականություններից, նաեւ «հասարակական կարգով» թարգմանչուհու դեր էի ստանձնել (Վարդուհին տիրապետում է իտալերենին – Ս.Դ.), քանի որ մեր իտալացի գործընկերները ռուսերեն չգիտեին: Եվ իսկապես իտալերենի հնչունային համակարգը խիստ տարբերվում է ռուսերենից: Օրինակ, կանանց երգչախումբը փորձերի ժամանակ ոչ մի կերպ չէր կարողանում արտաբերել «պրոշչայ» բառը ու շարունակ արժանանում էր Կարեն Դուրգարյանի ուղղումներին։ Սակայն վերջին՝ նոյեմբերի 11-ի ներկայացումից հետո ընդունելության ժամանակ հայ դիրիժորին սիրահարված երգչախումբը, հավաքելով բոլոր ճիգերը, վերջապես կարողացավ ճիշտ վանկարկել՝ «Կարեն, պրոշչայ»: Իտալիայի օպերաներում այսպիսի ավանդույթ կա՝ վերջին ներկայացման ընթացքում եւ դրանից հետո զանազան կատակներ անել»: «Առավոտը» հետաքրքրվեց՝ երբ է պատրաստվում Վարդուհին հանդես գալ հայ հանդիսատեսի առաջ: «Շատ շուտով,- պատասխանեց երգչուհին,- դեկտեմբերի 13-ին Երեւանի օպերային թատրոնում կկայանա գալա համերգ՝ նվիրված Ա. Խաչատրյանի 100-ամյակին, որտեղ կկատարվի մեծ կոմպոզիտորի «Ձոն ցնծության» ստեղծագործությունը՝ գրված մեներգչի, երգչախմբի, նվագախմբի համար: «Ձոնը» կատարելու է Հայաստանի ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ: Մեներգը ինձ է վստահված»: Այնուհետեւ դեկտեմբերին Վ. Խաչատրյանը Սիցիլիայում կմասնակցի Ծննդյան տոներին նվիրված համերգներին: Իսկ գարնանը, երբ բացվի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը, Վարդուհին նպատակ ունի իրականացնել իր երազանքը: Դաշնակահարուհի Աննա Մանդալյանի հետ նա պատրաստում է 7 համերգից բաղկացած ցիկլ: Ս.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել