Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒՅԶԸ ՍՏԱՑԱՎ 6 ՏԱՐԻ

Հունվար 14,2004 00:00

ՆԱԽԿԻՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒՅԶԸ ՍՏԱՑԱՎ 6 ՏԱՐԻ Իր պաշտպանական ճառում նա «գործին խառնեց» Արտաշես Գեղամյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը կազմակերպած Լեւոն Աբրահամյանի դատաքննությունը։ Պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալը եւ նրա պաշտպան Մարինա Ջանոյանը։ Ամբաստանյալ Լ. Աբրահամյանի ճառը բաղկացած էր երկու՝ քաղաքական-հոգեբանական (իր բնորոշմամբ) եւ իրավախախտումների մասերից։ Առավել «արկածայինը», բնականաբար, առաջինն էր: Ամբաստանյալը հայտնել էր, որ 2003-ի սեպտեմբերի 15-ին, երբ իրեն բերման են ենթարկել գլխավոր դատախազություն, վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը «փորձելով ինձ հետ ստեղծել բարիդրացիական հարաբերություն, հորդորում էր, որ ասեմ, թե իմ ետեւում կանգնած են պատվիրատուներ»։ Նրա մատուցմամբ, Ա. Միրզոյանը «անբարոյական խոսքերով» է արտահայտվել Արտաշես Գեղամյանի հասցեին եւ հարցրել իրեն. «Ի՞նչ կշահես, երբ իշխանության գա Գեղամյանը։ Դու պեշկա ես, քեզ կօգտագործեն»: Լ. Աբրահամյանի խոսքերով, վարչության պետը «խորհուրդ էր տալիս, որ եթե ասեմ ով է պատվիրատուն, կբարեխոսի Սերժ Սարգսյանի մոտ՝ պատժի հարցով։ Եթե պարզվի, որ միայնակ ես գործել՝ կաշիդ կքերթվի, իսկ ընտանիքս ռեպրեսիայի կենթարկվի»։ Ամբաստանյալը նաեւ հայտնեց, որ այդ խոսակցությանը ներկա էր դատախազության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Մինասյանը։ Ամբաստանյալը ուշադրություն հրավիրեց նաեւ իրեն ազատազրկելուց 2 օր հետո լրատվամիջոցներով տարածված ինֆորմացիային, ըստ որի, Արցախում ձերբակալվել են 4 հոգի, որոնց մեջ՝ «Բիլ» մականունով Արայիկ Նարիմանյանը։ Տրվել էր նաեւ իր անունը։ Մյուս երկուսի անունը չկար։ Գնահատելով կատարվածը «սուտ ինֆորմացիա», նա ասաց. «Ինֆորմացիայի նպատակն էր հավաքել ընդդիմության դաշտի ռեակցան»։ Ամբաստանյալը դատարանում հայտնեց, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 18-ին Հանրային ռադիոյով լրագրողը Գեղամյանին ռուսերենով հարց է տվել. «Ի՞նչ կարող եք ասել Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձի մասին»։ Եվ որ հետեւել է Գեղամյանի պատասխանը. «Խոսել այն բանի մասին, որը գոյություն չունի՝ չեմ կարող»։ Ճառի ժամանակ ամբաստանյալն ասաց, որ ապացուցելու է, թե քրեական գործ իրականում գոյություն չունի: Նա նաեւ կասկած հայտնեց նախաքննության մարմնի կողմից սեպտեմբերի 15-ին քրեական գործ հարուցելու մասով։ Նրա կարծիքով, քննիչը ֆիզիկապես չէր կարող հարուցել քրեական գործ, քանի որ չուներ ԱԱԾ-ի նյութերը. «Խրոնոմետրաժը ցույց կտար, որ քննիչը կարող էր քրգործ հարուցել սեպտեմբերի 16-ին»։ Մի հետաքրքիր մանրամասն էլ հայտնեց ամբաստանյալը, թե իր խոսակցությունների գաղտնալսումները կարող էին վերծանվել միայն 4 ժամվա ընթացքում։ Նա պահանջեց դատարանից արդարացման դատավճիռ, ապա հնչեցրեց սպառնալիքի նման մի բան. «Եթե գործը հայտնվի Եվրոպական դատարանում, իմ կողմից կբերվեն փաստեր, որի մասին հարկ չեմ համարում խոսել»։ Նա նաեւ դատարանից խնդրեց, որ օգոստոսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ԱԱԾ-ի կողմից իր խոսակցությունների ձայնագրությունները չոչնչացվեն եւ պահպանվեն։ Մեղադրող Արամ Ամիրզադյանը գտավ, որ ամբաստանյալը փորձել է ըստ էության կեղծ հետքեր թողնել, մասնավորապես, ռեպլիկի կարգով նկատեց, որ Ազատյան Մուշեղի սպանության մասին ամբաստանյալը եթե ասելիք ունի, կարող էր ասել, քանի որ այդ գործը մինչ օրս մնում է չբացահայտված սպանությունների շարքում։ (Խոսքը, հիշեցնենք, Աբովյան փողոցում պայթուցիկ սարքի միջոցով 2003թ. ԱԺ ընտրություններից հետո կատարված սպանության մասին էր, որին «Առավոտը» բազմաթիվ անգամ անդրադարձել է։ Սպանվածը հայտնի է նաեւ «Լենինգրադցի Մուշեղ» մականունով եւ ռուսաստանյան հեղինակություններից մեկն էր): «Ապացույցների ճնշման տակ գտնված, հանցագործության մեջ մերկացված անձին ոչինչ չէր մնում, քան քաղաքականացնել գործը»,- նկատեց երեկ մեղադրող Ամիրզադյանը եւ ասաց, որ օպերատիվ միջոցառումները կատարվել են օրենքով եւ իր կողմից առաջարկված 7 տարի ազատազրկում պատժաչափը ամենեւին էլ չի նշանակում կաշկանդել դատարանին. «պատժաչափը իմ ճառի բաղկացուցիչ մասն է»։ Պաշտպան Մարինա Ջանոյանը գտնում էր, որ կարելի էր քրգործ հարուցել փաստի առթիվ եւ ոչ թե անձի դեմ եւ հայտնեց իր անհամաձայնությունը, երբ քրեական գործ են հարուցում եւ դրանից հետո ձերբակալված անձի նկատմամբ իրականացվում են գաղտնալսումներ: Երեկոյան հայտնի դարձավ, որ դատավորը խորհրդակցական սենյակից դուրս գալով, Լեւոն Աբրահամյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել