Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՆՈՐԻՑ ԿՔԱՆԴԻ ՏՆԵՐԸ

Հունվար 21,2004 00:00

ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՆՈՐԻՑ ԿՔԱՆԴԻ ՏՆԵՐԸ Եթե ձեռներեցները շարունակեն նախ կառուցել, հետո՝ թույլտվություն խնդրել Վերջին օրերին Գյումրիում երեք երկրաշարժ տեղի ունեցավ: Ականատեսների վկայությամբ, առաջին ցնցման ժամանակ, որը գրանցվել է ուրբաթ օրը, ժամը 3.20172ին, պոկվել են կենտրոնական շուկայի մուտքի վերեւի քարերը: Սա, բնականաբար, շրջակայքում կանգնած մարդկանց մեջ խուճապ է առաջացրել: Եթե նկատի ունենանք, որ Գյումրիում նմանատիպ վթարավտանգ 4-5 հարկանի 40 շենք կա, ուրեմն գյումրեցիները խուճապի մատնվելու հիմնավոր պատճառ ունեն: Նրանցից շատերը համոզված են, որ սեփական քաղաքում իրենց անվտանգությունն ապահովված չէ: Մինչդեռ, Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության գործադիր տնօրեն Սերգեյ Նազարեթյանը «խախուտ» շենքերի փլուզումը ամենեւին էլ չի դիտում որպես ցնցումների հետեւանք: Ըստ պարոն Նազարեթյանի, այդ շենքերը կարող են «քայքայվել» ամեն վայրկյան, նույնիսկ առանց ցնցումների: Նա ուներ այդպիսի շենքերի մի հսկա ցուցակ: Իսկ ցնցումները համարեց սպասելի եւ բնական: Ծառայության ղեկավարի հաղորդմամբ, 15 տարվա ընթացքում այստեղ գրանցվել է 13 հազար երկրաշարժ: Ս. Նազարեթյանի վստահեցմամբ, աղետի գոտում սեյսմիկ ռիսկը՝ շենքերի փլուզումն ու մարդկանց զոհվելու հավանականությունը խիստ նվազել է: Նրան լսելով՝ «վախեցած» գյումրեցիներին եւս վտանգ չի սպառնում, քանի որ վթարավտանգ շենքերի թիվը համեմատաբար պակասել է՝ 140-ից դառնալով 40: «Մահ» սպառնացող որոշակի շենքեր ապամոնտաժվել են սեյսմիկ ծառայության եզրակացության հիման վրա: Իսկ մյուսների վնասազերծման անհրաժեշտության մասին իրենք շարունակում են քաղաքապետարան ու մարզպետարան տեղեկանքներ ներկայացնել: Այլ հարց է, թե ինչպես են հիշյալ կառույցները փաստին արձագանքում: «Առավոտն» արդեն անդրադարձել է այն խնդրին, որ գյումրեցիներից շատերը ճարահատյալ բնակվում են 2-րդ, 3-րդ կարգի վթարավտանգ շենքերում՝ անհամբեր սպասելով կառավարության որոշմանը: Մինչդեռ, հիշյալ շենքերին ուշադրություն չդարձնելով, կառավարությունն ավելի մեծ վնասներ է կրում: Այսօր անգամ 15 տարվա շենքեր են կորցնում իրենց սեյսմակայունությունը: Օրինակ՝ Անի թաղամասի շենքերի նկուղներում լցված ջուրը, մասնագետների հավաստմամբ, ագրեսիվ քիմիական նյութեր է պարունակում, որը եւ բետոնն արագ քայքայում է: Երկրաշարժը դիմակայած Բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքերի սեյսմակայունությունն էլ կտուրներից կաթացող ջրի պատճառով է նվազում: Նմանատիպ հազարավոր շենքեր կարելի է թվարկել: Այսպես ասած՝ «առողջ» շենքերի հարցերն էլ ձեռներեցներն են լուծում: Նկուղային հարկերը սպասարկման օբյեկտներ՝ սրճարաններ, խանութներ դարձնելով, ձեւափոխություններ կատարելով, նրանք էլ իրենց հերթին են շենքերի սեյսմակայունությունը թուլացնում: Պարոն Նազարեթյանի խոստովանմամբ, այս հարցում իրենք ոչինչ անել չեն կարող, քանի որ, ընդունված կարգի համաձայն, «փող ունեցողները» նախ կառուցում են, հետո թուլտվություն խնդրում: Փաստորեն, նախագիծը շատ դեպքերում մասնագիտական փորձաքննության չի ենթարկվում: Ըստ Նազարեթյանի, քաղաքում ամենաապահովը «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված շենքերն են: Նրանց նախագծերը կազմված են սեյսմակայունության նոր նորմերին համապատասխան եւ կարող են դիմանալ մինչեւ 9 բալանոց երկրաշարժերի: Բայց միայն «Լինսիով» կյանքի ապահովության հարց չի լուծվում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել