Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դատը եւ նրա հետեւանքները

Հունվար 28,2004 00:00

Հայ դատը եւ նրա հետեւանքները Այսօր, երբ իր բախտը տնօրինողների հետեւողական «ջանքերի» արդյունքում Հայաստանը հայտնվել է դիվանագիտական աննախադեպ ճգնաժամի մեջ, երբ միջազգային հեղինակավոր կառույցները մեկը մյուսի ետեւից ոչ հայանպաստ ձեւակերպումներ են ամրագրում Հայաստանին վերաբերող հիմնարար փաստաթղթերում՝ մեր երկիրն աստիճանաբար մղելով «օկուպանտի» ու «պահանջատիրոջ» կերպարների մեջ, թերեւս հատուկ տաղանդ էր պետք՝ անելու համար այն, ինչով զբաղված է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում հանձնախմբի անդամները հանդիպումներ են ունեցել Սպիտակ Տան եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել է «Ջավախքում տիրող իրավիճակը»: Այժմ տեսնենք, թե ինչ հավանական անդրադարձեր կարող են ունենալ այդ քննարկումներն առնվազն մեր տարածաշրջանում: Նախ՝ «Ջավախքում տիրող իրավիճակ» ընդգծումն իսկ ստիպում է մտածել, թե այնտեղ ինչ-որ ոչ սովորական՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ընդ որում, «խամ» աչքին կարող է թվալ, թե այդ իրավիճակն այնքան տագնապեցնող է, որ պահանջվել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի միջամտությունը: Մինչդեռ, ջավախքահայության ներկայացուցիչների հետ ունեցած մեր բազմաթիվ հանդիպումներում վերջիններս ուղղակի հոգնել են պնդելուց, որ Ջավախքում որեւէ արտառոց բան չի կատարվում, իսկ տարածաշրջանում առկա դժվարությունները բնորոշ են Վրաստանի՝ առանց բացառության բոլոր բնակավայրերին: Իհարկե չի բացառվում, որ հայդատականներն օվկիանոսի այն ափից ավելի լավ են տեսնում եւ ընկալում Ջավախքի իրադրության նրբությունները, սակայն ամբողջ ցավն այն է, որ նրանց քննարկումներն առնվազն նշանակում են, թե բնության մեջ Հայաստան կոչված պետություն գոյություն չունի, որն ինքը, անհրաժեշտության դեպքում, հարեւան Վրաստանի հետ միջպետական հարաբերությունների շրջանակներում կքննարկեր եւ լուծում կտար իր հայրենակիցներին հուզող հարցերին: Փորձեք պատկերացնել, թե այժմ ինչ պետք է մտածեն Վրաստանի հենց նոր ձեւավորված իշխանությունները հայերի մասին, ովքեր ձգտում են իրենց վրա ճնշում բանեցնել երրորդ կողմի՝ եւ այն էլ Թբիլիսիի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի միջոցով: Էլ չենք խոսում այն մասին, որ ԱՄՆ հայկական լոբբիի՝ Վրաստանի ներքաղաքական գործընթացների վրա ամեն կերպ ներազդելու մասին անհեթեթ ու մեզ համար խիստ վնասակար խոսակցություններն այժմ Վրաստանում նոր թափ են ստանալու: Ուղղակի զավեշտական է, որ վերոհիշյալ հանդիպումների ժամանակ ԱՀԴՀ ներկայացուցիչները գանգատվել են «Ջավախքում տիրող տնտեսական բարդ իրադրությունից» եւ «աշխատատեղերի բացակայությունից»: Ամենեւին չէր խանգարի իհարկե, որ հանձնախումբն այս համատեքստում հիշատակեր նաեւ Տաուշի, կամ ասենք՝ Գեղարքունիքի մարզերը, որոնցում եւս, ըստ որոշ լուրերի, տնտեսական իրադրությունը բարվոք չէ, եւ աշխատատեղերն էլ թափած չեն: Սակայն, մեր տեղեկություններով, նշյալ մարզերի մասին խոսակցություն չի եղել: Հայ Դատի համար, թերեւս, մեզ աշխարհի հետ կապող վրացական ճանապարհը շատ է թվացել: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել