Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԿԱՌՈՒՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Փետրվար 06,2004 00:00

ԻՆՉՊԵՍ ՊԱՀԵԼ ԿԱՌՈՒՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ Հայաստանի պետական բյուջեն ի վիճակի չէ ամբողջ ծավալով սպասարկել մեր երկրի ճանապարհների պահպանության ծախսերը: Դրանց թվում՝ պետական ու միջպետական նշանակության ճանապարհների, նաեւ՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված: Այս պահի դրությամբ նման ծախսերի այլ աղբյուրներ հայտնի չեն: Հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների պահպանության համար այս տարվա պետբյուջեով մոտ 3 միլիարդ դրամ է նախատեսված: Այդ գումարն, իհարկե, բավական չէ: Մասնավորապես, կոնկրետ հաշվարկ չկա, թե «Լինսիի» ճանապարհների պահպանության համար ինչքան գումար է անհրաժեշտ, բայց նշված 3 միլիարդը, որ ամբողջ տարվա համար է նախատեսված, հանրապետական ու միջպետական ճանապարհների ողջ ցանցի համար, առանձին գնահատականներով, կբավականացնի միայն ձմռան ընթացքում պահպանության համար: Մինչդեռ, ինչպես նշեց «Լինսիի» «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի ղեկավար Էդուարդ Բեզոյանը, պահպանությունը որոշակի աշխատանք ու միջոցներ է ենթադրում նաեւ գարնանն ու աշնանը: Հատկապես առանձին խնամք են պահանջում նոր կառուցվածները: «Լինսի» հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անդամ Արտաշես Թումանյանի խոսքերով, «Լինսիի» ճանապարհներն այս առումով առանձնացված չեն, թեեւ լավ կլիներ առանձնացնեին: Ըստ նրա, ճանապարհները պարբերաբար հսկվում են, քանզի անհրաժեշտ է, որ ձյունը, կուտակված ջուրը, թափված վառելիքը, քարերը հեռացվեն: Որ այդ գումարը բավական չէ, ակնհայտ է նաեւ նրանից, որ Տրանսպորտի նախարարությունը միանգամայն այլ թիվ է ներկայացրել, որը պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մեր տեղեկություններով, կրճատվել է մոտ կիսով չափ, չնայած, առանց այն էլ, նման հաշվարկները հնարավորինս սուղ են կազմվում, նկատի ունենալով պետական միջոցների սահմանափակ լինելը: Արդյունքում, այս մոտեցումը մի քանի տարի շարունակ կիրառելու հետեւանքով, այս ճանապարհներն ավելի քիչ կծառայեն նպատակին, քան նախատեսված է, ինչը աղքատ երկրի համար անթույլատրելի է: Իսկ ճանապարհների նման կապիտալ վերանորոգում եւ կառուցում, ինչպես եղել է վերջին երկու տարում, հայտնի չէ, թե մեր պետությունը մեկ էլ երբ կարող է իրեն թույլ տալ, ինչ միջոցներով եւ, ամենակարեւորը՝ ինչ պայմաններով: Նույն վիճակում է նաեւ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով կառուցված ճանապարհների խնդիրը: Դրանց համար էլ գումարներ առանձնացված չեն (ինչպես նշեցինք, դրանք միասնական են նախատեսված հանրապետության պետական ու միջպետական բոլոր ճանապարհների համար): ՀԲ-ն դեռեւս անցած տարի է այդ խնդիրը բարձրացրել ՀՀ կառավարության առաջ: ՀԲ արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Վիգեն Սարգսյանի տեղեկություններով, իրենց ծրագրերի առնչությամբ կառավարության հետ պայմանավորվածության համաձայն, պետբյուջեում այս նպատակով սահմանված գումարները տարեցտարի կաճեն՝ մինչեւ դրանք իսկապես կբավականացնեն, ինչն էլ հետագայում կնվազեցնի այս նպատակով նոր միջոցների ներգրավման անհրաժեշտությունը: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել