Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ

Փետրվար 06,2004 00:00

«ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆԸ՝ ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿ Երեւանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանի շենքը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Կաթում է տանիքը, չի կատարվում նորմալ ջրահեռացում ջրհորդաններով, քայքայված են ջրագծերը: «Անձրեւների ժամանակ հինավուրց կարասները ստիպված հրում ենք մի կողմ ու տաշտեր դնում»,- վիճակն այսպես ներկայացրեց թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանը: Ըստ տնօրենի, «Էրեբունի» թանգարանն իր երկու՝ Շենգավիթ եւ Կարմիր բլուր մասնաճյուղերով նախատեսված էր ընդգրկել Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվող մշակութային օջախների ցանկում, սակայն վերջին պահին այն դուրս է թողնվել ցուցակից: «ԾԻԳ172ում, ճիշտ է, ծանոթներ չունեինք, բայց ես բազմիցս եղել էի տնօրենի՝ Գագիկ Մկրտումյանի մոտ ու ներկայացրել մեր խնդիրները»,- ասաց պրն Մալխասյանը: Ի դեպ, Կարմիր բլուր թանգարանը չունի թանգարանի շենք: Ընդամենը խարխուլ մի տնակ է, որը 1939թ. այդտեղ պեղումներ կատարող Բ. Պյատրովսկու խմբի աշխատասենյակն է եղել: Կառուցման օրվանից այդ տնակը չի վերանորոգվել: Նույն բախտին է արժանացել նաեւ բրոնզեդարյան կլասիկ բնակատեղի համարվող Շենգավիթը: Այստեղ կա մեկ այլ գիտնականի՝ Սանդրո Սարդարյանի «թանգարան» կոչվող փայտե աշխատասենյակը: Հիշեցնենք, որ պետական թերֆինանսավորման արդյունքում «Էրեբունի» թանգարանը վերջին շրջանում հայտնվել էր դատարաններում: Պատճառը խմելու եւ ոռոգման ջրի հսկայական պարտքերն էին: Եվ եթե դատարանի որոշմամբ ոռոգման ջրի պարտքը բռնագանձվեց ֆինանսների նախարարությունից, ապա խմելու ջրի՝ մոտ 800 հազ. դրամ պարտքը պետք է վճարի թանգարանը՝ իր հատուկ միջոցների հաշվին: Ներկայումս կալանքի տակ դրված «Էրեբունի» թանգարանի բոլոր եկամուտների հաշվին մարվել է պարտքի մի մասը: Մի քանի ամսվա ընթացքում թանգարանը պարտավոր է մարել մնացած 200 հազար դրամը, հակառակ դեպքում կբռնագրավվի նրա գույքը: «Զարմանում եմ, դատարանն ինչպես է հեշտ ու հանգիստ վճիռներ արձակում: Մեր գույքը պարտքի դիմաց հաստատ չեն տանի, որովհետեւ դրանք 60-ականների աթոռ-սեղաններ են: Երեւի գույք ասելով՝ նկատի են ունեցել Արգիշտիի վահանը, Սարդուր 2-րդի սաղավարտը: Կամ էլ սեպագիր մի արձանագրություն»,- ծաղրեց պրն Մալխասյանը: Ցավոք, այցելուներով էլ չի կարող թանգարանը գլուխ գովել, չնայած տոմսերի մատչելիությանը (100-250 դրամ): Վերջին անգամ զբոսաշրջիկներն այստեղ եղել են հոկտեմբերին: Երեւանցիները հազվադեպ են այցելում «Էրեբունի», մարզերի երեխաներն անվճարունակ են, հետեւաբար նրանց անվճար են ընդունում: Հովանավորների մասին թանգարանը ընդամենը կարող է երազել: «Հիմա բոլոր բարերարները, ԱԺ-ն եւ Կառավարությունը քրիստոնյաներ են: Չեն ուզում մտածել հեթանոսական տաճարի մասին: Որոշ մեծահարուստներ էլ, վերջին շրջանում, քնում ու երազում պատվեր են ստանում, ասենք Թալինի կամ Լենինականի Ամենափրկիչը վերակառուցելու մասին: Մեկը չկա՝ խեղճ Արգիշտիին երազում տեսնի ու մեր թանգարանն էլ վերանորոգի»,- դառը հումորով նկատեց Ս. Մալխասյանը: Մեծ դժվարությամբ վերահրատարակվել է թանգարանի մասին պատմող ալբոմ եւ տպագրվել կատալոգ: Պատրաստ են նաեւ կատալոգի 2-րդ հատորի նյութերը, սակայն տպագրությունը չի կարող իրականացվել՝ դարձյալ միջոցներ չլինելու պատճառով; ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել