Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՎԵՐԱՆՈՒՄ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Փետրվար 10,2004 00:00

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՎԵՐԱՆՈՒՄ Է ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ Մեր մայրաքաղաքի իշխանությունները կարո՞ղ են օրինակ վերցնել Թբիլիսիի իշխանությունները կարծես թե հաստատակամ են մինչեւ վերջ պայքարելու փողոցային առեւտրի դեմ: Համենայնդեպս, նրանք տեղի չտվեցին փողոցային առեւտրականների բողոքի ցույցերին եւ անգամ երեք ամիս ժամկետ չտվեցին վերջիններիս շարունակելու իրենց բացօթյա գործունեությունը: Անցած շաբաթ մետրոյի «Վոկզալնայա» կայարանի շրջակայքն արդեն անճանաչելի էր. մի քանի օր առաջ այն լիքն էր սննդամթերքի վաճառասեղաններով, իսկ երեկ հատուկենտ առեւտրականներ էին այնտեղ կանգնած՝ ձեռքներին միայն այն, ինչ հնարավոր է թաքցնել, եթե ոստիկան հայտնվի: Նրանք փորձում էին գրավել հնարավոր գնորդների ուշադրությունը, բայց կիսաշշուկով՝ ոստիկաններից աննկատ մնալու համար: Ծերեթելու այգում վաճառասեղանները լքված էին մնացել: Իսկ վաճառականները հավաքված էին Ծերեթելու արձանի տակ եւ բորբոքված քննարկում էին իրենց վիճակը: Նրանք սկզբում բավական պատրաստակամ պատասխանում էին հայաստանցի լրագրողի հարցերին, սակայն ամենազգուշավորները «բերանբացներին» խորհուրդ տվեցին՝ ոչինչ չասել լրագրողներին: «Դրանցից ոչ մի օգուտ չկա»,- նետեց մի տարեց կին: Պարզվում է, նրանք էլ, իրենց հայաստանյան կոլեգաների նման, դժգոհ են լրագրողներից եւ հատկապես՝ հեռուստատեսություններից, քանի որ վերջիններս հասարակ մարդկանց չեն նկարահանում եւ ներկայացնում են միայն պաշտոնյաների տեսակետները: Մեր զրուցակիցներն ասացին, որ թեեւ քաղաքային իշխանությունները ստիպում են շուկայում առեւտուր անել, սակայն կարգին տեղեր չեն տալիս իրենց: «Տեղերն ավելի քիչ են, քան մենք ենք: Մեզ առաջարկում են արդեն իսկ զբաղեցված տեղեր»,-ասաց Բադրի անունով մի կոշկավաճառ: Իսկ մի ուրիշը, բացառապես հայերի նկատմամբ սիրուց դրդված, անկեղծացավ, թե դրսում մնացած առեւտրականները չափազանցում են իրենց իրական թիվը. «Հազիվ մի հազար մարդ լինի, բայց ասում են, որ երկու-երկուսուկես հազար են»: Մեր զրուցակիցն ակնհայտորեն զգուշանում էր իր ընկերներից: Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիկ Մուրադյանը ասաց, որ շուկաներում բավարար քանակով տեղեր կան բոլոր բացօթյա աշխատող առեւտրականների համար: «Կառավարությունը նրանց երեք ամսով ազատում է բոլոր տեսակի վարձերից: Դրանից հետո նրանք պիտի վճարեն, եւ կվճարեն պետական բյուջե, ոչ թե ինչ-որ քրեական տարրերի»: Առեւտրականների մի մասն, իհարկե, անցել է քաղաքակիրթ առեւտրի, սակայն մյուս մասը հրաժարվում է շուկաներից: Նրանք հրապարակավ չեն խոստովանում, թե իրենց ինչ-որ մեկը ահաբեկում կամ վախեցնում է, սակայն ակնհայտ է, որ բողոքի այդ ցույցերը նրանց ամենաքիչն են ձեռնտու: Կոշկավաճառ Բադրին ասաց, որ նախկինում իր զբաղեցրած երեք մետր տարածքի համար օրական մեկ-երկու լարի ($0,5 – 1) է վճարել՝ նայած օրվա վաստակին: Եվ ստորագրել է դրա համար: Բայց թե ուր էին գնում այդ փողերը, մեր զրուցակիցն ասաց, որ չգիտի: Մեր հարցին, թե հնարավո՞ր է մոտ օրերս վերադառնան իրենց սովորական տեղերը, մեր զրուցակիցները ավելի շատ բացասաբար էին պատասխանում: Համենայնդեպս, «Դեզերտիրսկի» կոչվող շուկայի շրջակայքում բանվորներն արդեն ասֆալտապատում էին այն տեղերը, որտեղ հինգ օր առաջ, անկախ եղանակից, աշխույժ առեւտուր է տիրել վերջին տասը տարիներին: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել