Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցություն առայժմ չկա

Փետրվար 11,2004 00:00

Համագործակցություն առայժմ չկա Անցյալ շաբաթ «Հայ ազգայնական ճակատը», ինչպես նաեւ «Արդարություն» դաշինքը ներկայացնող պատգամավոր Շավարշ Քոչարյանը դատապարտեցին «Հանրապետություն»- ՀՀՇ հնարավոր համագործակցությունը: Այդ առիթով իր տեսակետն է ներկայացնում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: – «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը նախաձեռնություն ցուցաբերեց, հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ եւ կոչ արեց քաղաքական ուժերին միավորվել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու՝ մեկ ընդհանուր ծրագրի շուրջ: Համագործակցության այդ առաջարկին բավականին ուշացումով արձագանքեց միայն ՀՀՇ-ն, թեեւ այդ կուսակցության առանձին գործիչների վերաբերմունքն էլ դրա նկատմամբ միանշանակ չէր: Մենք ՀՀՇ-ի արձագանքի՝ համագործակցության պատրաստակամության մասին, տեղեկացել ենք միայն մամուլից: Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո մենք ՀՀՇ-ի հետ հանդիպումներ չենք ունեցել եւ առավել եւս այդ թեմայով չենք զրուցել: Միաժամանակ ընդգծեմ, որ մենք սկզբունքորեն պատրաստ ենք, նաեւ որպես՝ առանձին գործող քաղաքական միավոր, սահմանադրական կարգի վերականգնման համար համագործակցել ցանկացած ուժի, այդ թվում՝ նաեւ ՀՀՇ-ի հետ: – Իսկ ինչո՞վ բացատրել, որ նույնիսկ «Արդարություն» դաշինքի մյուս կուսակցությունները, որի մասն է կազմում «Հանրապետությունը», չարձագանքեց ուժերը համատեղելու այդ նախաձեռնությանը: – Չեմ կարծում, որ բացատրություն ունի, բայց դա իրենց խնդիրն է: Մենք գտնում ենք, որ սահմանադրական կարգը վերահաստատելու համար պետք է արագ եւ հստակ քայլեր ձեռնարկել: Դաշինքի կողմից դեռեւս նման քայլեր չենք տեսնում: Ես մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ վստահության հանրաքվեն ավելի շատ Ռ. Քոչարյանին է պետք, քան ընդդիմությանը, որովհետեւ այդ ինքը լեգիտիմության խնդիր ունի: Բայց ես Ռ. Քոչարյանին լավ ճանաչելով՝ բացառում եմ, որ նա այդ քայլին գնա: Իսկ դաշինքը մտադիր է «ակտիվորեն հետամուտ լինել» հատկապես վստահության հանրաքվե անցկացնելու խնդրին: Ես վստահեցնում եմ, որ դա չլինող բան է: – Կարելի է ակնկալել, որ դուք ուրիշ տարբերակներ ունեք, որին դաշինքի մյուս ուժերը համաձայն չե՞ն: – Իհարկե, քայլեր ունենք, ունեն ք դրան ուղղված ամբողջական ծրագիր: Կարծում եմ, ժամանակն է, որ այդ ծրագիրը քաղաքական բոլոր ուժերի հետ համատեղ քննարկել: Մեր ծրագիրը վերաբերում է մինչեւ սահմանադրական կարգի վերականգնմանը, մինչեւ «գրավված աթոռը» ազատելուն: Եթե սրա շուրջ համաձայնության եկանք, միասին կգործենք, եթե ոչ՝ մենք, միեւնույն է, մեր ծրագիրն աշխատելու ենք իրականացնել: – Դա ենթադրում է, որ «Հանրապետությունը» կարող է վերանայե՞լ դաշինքի մաս կազմելու իր որոշումը: – «Արդարությունը» նախընտրական դաշինք էր եւ դրա հիմնական նպատակը արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանություններ ձեւավորելն էր: Եթե մենք զգանք, որ դաշինքի շրջանակներում այլեւս անհնարին է հասնել այդ կենսական խնդրի իրականացմանը, ապա՝ այդ դեպքում, բնականաբար, նման տարանջատում կլինի, բայց այդպիսի որեւէ առիթ առայժմ չկա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել