Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացք Բաքվից

Փետրվար 11,2004 00:00

Հայացք Բաքվից «Հայաստանը դեպրեսիայի մեջ է»,- այս եզրահանգմանն են եկել Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետները՝ Հարավային Կովկասում վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացների «մանրազնին վերլուծությունից» հետո: Կենտրոնի աշխատակիցների կարծիքով, այդ հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է Ադրբեջանի «հաջող արտաքին քաղաքականությամբ». ի մասնավորի, երկրի նախագահը ձգտում է լավացնել հարաբերությունները Հայաստանի ավանդական բարեկամներ համարվող Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, ՔՆՏԿ-ի փորձագետները վկայաբերում են միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշման նկատելի աճը: Հայաստանյան դեպրեսիայի մյուս՝ ոչ պակաս կարեւոր պատճառներ են նշվում ՀՀ Ազգային Ժողովի հրաժարումը Սահմանադրական դատարանի՝ վստահության հանրաքվե անցկացնելու մասին վճռի կատարումից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ առաջացած անորոշությունն ու հստակ դիրքորոշման բացակայությունը: «Անկումային վիճակում է գտնվում նաեւ Հայաստանի տնտեսությունը»,- նշվում է ադրբեջանցի փորձագետների եզրակացության մեջ: Ժողովրդական տնտեսության կարեւորագույն օբյեկտները, այդ թվում Հրազդանի էլեկտրակայանն ու հիդրոհանգույցը Ռուսաստանին հանձնելը, պետբյուջեի եկամտային մասի նվազումը, առեւտրային բալանսի ցուցանիշների վատացումը ՔՆՏԿ-ի վերլուծաբանների կարծիքով վկայում են Հայաստանի տնտեսության մեջ բացասական միտումների ահագնացման մասին: Կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուի համոզմամբ, նշյալ գործընթացների սաստկացման դեպքում Հայաստանում կարող են անկանխատեսելի իրավիճակներ առաջանալ: Մասնավորապես, խիստ կակտիվանան արեւմտամետ տրամադրություններն ու հետեւաբար՝ այդպիսի կողմնորոշում ունեցող ընդդիմադիր հատվածը: Արձանագրելով վերջին մեկ ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունները, կենտրոնի փորձագետներն առանձնացրել են հատկապես դրանցից մի քանիսը: Այսպես. ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում ընդունվել է ԼՂ-ի՝ Ադրբեջանին պատկանելության փաստը եւ Հայաստանի ագրեսորական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: ԵՄ-ն հանդես է եկել «հինգ գրավյալ շրջանները» վերադարձնելու նախաձեռնությամբ: Այս ամենի համատեքստում աշխուժացել է հայաստանյան ընդդիմությունը, որի շարքերում կոնսոլիդացման նկատելի պրոցեսներ են ընթանում: Ադրբեջանցի փորձագետների աչքից չի վրիպել նաեւ Հայ-թուրքական սահմանի հարցը: Ըստ այդմ, հիշյալ թեմայով կայացած Բուշ-Էրդողան խոսակցությունը եւս ընդգրկվել է «հիթ-իրադարձությունների» շարքը: Անդրադառնալով Վրաստանին, ադրբեջանցի փորձագետներն առանձնացրել են նորընտիր նախագահ Միխայիլ Սահակաշվիլու սկսած աննախադեպ «հակաքրեական» պայքարը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից այս երկրին ցուցաբերվող քաղաքական, ֆինանսական եւ բարոյական օգնության շարունակումը: Ի ամփոփումն, ՔՆՏԿ-ի փորձագետները եզրակացրել են, որ Հարավային Կովկասին այս կամ այն կերպ առնչվող խնդիրները շարունակում են մնալ աշխարհի գերհզորների տեսադաշտում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829