Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐԿՆՎԻ՞

Փետրվար 17,2004 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐԿՆՎԻ՞ «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում» համաժողովի ժամանակ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Կարլ Տուորին հայտարարել էր. «Սահմանադրական փոփոխությունները, որ արվել էին մեր մասնակցությամբ, էականորեն տարբերվում էին 2003-ին հանրաքվեի դրված նախագծից»: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեր խնդրանքով պարզաբանումներ ներկայացրեց այս բացահայտման վերաբերյալ, քանի որ նա էր Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի նախագահը. «Ճիշտն ասած, մի քիչ չափազանցված է, թե էականորեն էին տարբերվում վերջնական փաստաթուղթը եւ այն նախագիծը, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը 2001-ի ամռանը տվել էր իր վերջնական եզրակացությունը: Բայց կային տարբերություններ, որոնք միտումնավոր չէին արվել: Ինչպես հայտնի է, մենք քննարկեցինք այդ նախագիծը, ապա ԱԺ-ում արվեցին բազմաթիվ առաջարկներ՝ շուրջ 70-80: Հետագայում այդ ամենը քննարկվեց ՀՀ նախագահի ներկայացուցչի հետ, որն ընդունեց առաջարկների մի մասը: Ցավոք, հանրաքվեի դնելու ժամկետներն այնպիսին էին, որ ուղղակի տեխնիկապես հնարավորություն չեղավ Վենետիկի հանձնաժողովին նորից ուղարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ ստանալ եզրակացություն: Կարող եմ ենթադրել, որ որոշ հարցերի առնչությամբ նրանք համաձայնություն չէին հայտնի, առավել եւս, որ արդեն իսկ իրենց եզրակացությունը ստացած փաստաթղթի 2-3 դրույթների վերաբերյալ էլ նրանք ունեին վերապահումներ: Խոսքը մասնավորապես Երեւանի կարգավիճակի մասին է եւ այլն: Նոր եզրակացության դեպքում կարող էր այդ դրույթների թիվն ավելանալ մի քանիսով»: Տիգրան Թորոսյանն այս նախադեպը նկատի ունենալով ծրագրել է. «Հաշվի առնելով կատարվածը՝ այժմ այնպես է նախատեսվում կազմակերպել աշխատանքները, որ 2005-ի տարեսկզբին, երբ արդեն վերջնական տեսքի գա նախագիծը՝ Վենետիկի հանձնաժողովն անպայման եւս մեկ անգամ տա իր եզրակացությունը: Կարծում եմ, ամեն ինչ կարվի, որ չկրկնվի այս պատմությունը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829