Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԾԵՐԻ ՏԵՐԵՐԸ» «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԶՈՐԵ՞Ղ ԵՆ

Փետրվար 18,2004 00:00

«ԳԾԵՐԻ ՏԵՐԵՐԸ» «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ» ԶՈՐԵ՞Ղ ԵՆ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, կառավարությունն իր վաղվա նիստում եւս մի վճռական քայլ է անելու՝ «ԱրմենՏելին» բջջային կապի մենաշնորհից զրկելու ուղղությամբ: Դա, հավանաբար, վկայում է այն մասին, որ Լոնդոնի արբիտրաժային դատարանում, որտեղ ընկերությունը դիմել է՝ իր ներդրումները ետ վերադարձնելու հայցով, մեր կառավարության դիրքերը բավականին ամուր են: Անկախ այն հանգամանքից, թե 10 տարվա ընթացքում ո՛ր պահին ո՛ր չինովնիկն է ձեռքերը տաքացրել «ԱրմենՏելի» գործարքի վրա, վերջին երկու տարվա գործընթացը, որն ուղղված է հեռախոսակապի մենաշնորհը վերացնելուն, ինքնին դրական է: Հույս կա, որ մոտակա ամիսների ընթացքում «ԱրմենՏելն» իր՝ գրեթե մշտապես «անհասանելի» կապով մեր՝ բաժանորդներիս նյարդերն այլեւս չի ուտի, եւ մենք ստիպված չենք լինի առնել «իզի քարտերը» «տակից»՝ $100-ով: Այժմ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հանդես է եկել մեկ այլ նախաձեռնությամբ, որն իրականացնելը, հավանաբար, ավելի դժվար կլինի, քան «ԱրմենՏելին»՝ մենաշնորհից զրկելը: Խոսքը քաղաքային տրանսպորտի աշխատանքը կարգավորելու մասին է (օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ): Բազմաթիվ վթարներից հետո, որոնք նաեւ մարդկային զոհեր են առաջացրել, գաղափար կա խիստ վերահսկողություն սահմանել երթուղային տաքսիների տեխնիկական վիճակի նկատմամբ: Մասնավորապես, մեքենաները եւ վարորդները, որոնց մարդկային կյանք է վստահվում, երթուղի դուրս գալուց պետք է ենթարկվեն զննության: Թե երթուղային եւ թե «սովորական» տաքսիները չպետք է լինեն «անտիկվար»՝ 30 տարվա մեքենաներ, դրանք պետք է համապատասխանեն հստակ տեխնիկական պահանջների, իսկ վարորդները (նույնիսկ անհատ) ունենան համապատասխան լիցենզիաներ: Մարդկանց տեղափոխմամբ զբաղվող ընկերություններին այլեւս չի թուլատրվի գրանցել 10 մեքենա, սակայն գիծ հանել 30-ը: Եվ այլն, եւ այլն: Քանի որ «գծերի տերերը» մեր երկր ում ազդեցիկ մարդիկ են՝ գործարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, շատ հավանական է, որ նրանք ատամներով կպաշտպանեն այդ ոլորտում ստեղծված քաոսը: Եվ կդիմեն «կանխարգելիչ քայլերի», այդ թվում՝ քարոզչական: Օրինագիծը նախատեսված է քննարկել հաջորդ եռօրյայում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել