Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիները վախեցած են

Փետրվար 18,2004 00:00

Ամերիկացիները վախեցած են ԱՄՆ լրագրողների միջազգային կազմակերպության հրավերով Հայաստանից տասը հետաքննող լրագրողներ 28 օր գտնվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո բավականին խստացումներ են տեղի ունեցել ինչպես օդանավակայանում, այնպես էլ գերատեսչական շենքերում։ Վաշինգթոնի օդանավակայանում ստուգումների ժամանակ ոչ միայն մետաղորսիչ սարքի տակով են անցկացնում, այլեւ հանել են տալիս կոշիկներդ եւ դու ոտաբոբիկ, անգամ առանց վերարկուի եւ գլխարկի, անցնում ես մետաղորսիչ կամարի տակով։ Բոլոր հարցուփորձերից հետո ստուգողը խոսափող հիշեցնող փոքրիկ լուսանկարչական սարքով անմահացնում է մեր դեմքը եւ վերցնում մեր երկու ցուցամատերի «նախշերը». մատնահետքերի «ստացականը» խփվում է մեր անձնագրերի մեջ։ «Ամերիկայի քաղաքացիներն իրենց ազատությունը տվեցին անվտանգության ծառայություններին»,- հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց Լրագրողների միջազգային կազմակերպության փոխնախագահ Պատրիկ Բաթլերը՝ ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ ամերիկացի լրագրողները չեն բողոքում նման խստացումների դեմ: Իմ աշխատանքային երկու շաբաթները կապված են Մինեսոտա նահանգի Սեն Պոլ քաղաքի «Pioner-press» թերթի հետ։ Հետաքրքիր է, որ այս թերթը մրցակցության մեջ էր «Star Tribune» թերթի հետ, եւ խմբագրությունում կա առանձին անկյուն՝ «Թշնամի թերթ» ցուցանակի տակ, ուր «Star»-ի համարներն են։ Խմբագրատան անվտանգությունը սկսվում է նրանից, որ մուտքի դռան վրա կա հիշեցում. զենքով մտնել չի կարելի։ Նահանգում գտնվելուս օրերին ինքնասպանություն էր գործել նահանգային (պետական) վիճակախաղի տնօրեն, 53-ամյա Ջորջ Անդերսենը, եւ բժշկական փորձագետը հաստատել էր, որ դա ինքնադանակահարություն էր։ Անդերսենի գործի նախաքննությունը շարունակվում էր։ Մահից մի քանի օր առաջ հանդիպել էր նահանգային խորհրդարանի վերահսկիչ Ջիմ Նոբլսի հետ, որի գրասենյակը վերահսկում է վիճակախաղերն ընդհանրապես։ Անդերսենի ընկերներն ասել էին, որ վիճակախաղի ստուգումները սթրեսի մեջ էին գցել նրան եւ տնօրենը զայրացած էր, որ իր հիմնարկում «ստուգողները երկար ժամանակ էին անցկացնում իր գրասենյակում»։ Նահանգապետը այս օրերին նշանակելու էր ժամանակավոր պաշտոնակատար եւ փաստորեն ոչինչ չէր խանգարի՝ ստուգումները շարունակելու։ Նահանգում ակտիվ քննարկման նյութ էր դարձել նաեւ Իրաքում զենքերի նախկին տեսուչ Դեւիդ Քեյի այն հայտարարությունը, թե անհրաժեշտ է ուսումնասիրություն կատարել՝ այդ ինչպես է պատահել, որ ամերիկյան հետախուզությունը սխալմամբ պնդում էր՝ իբր Իրաքում քիմիական զենք կա: Քեյը հայտարարել էր նաեւ, թե, իր կարծիքով, պատճառը՝ Հուսեյնի վարչակազմում ամերիկյան լրտեսների պակասն է, ինչպես նաեւ հետախուզական սահմանափակ տվյալների ոչ պատշաճ վերլուծությունը։ Թերթերի խմբագրականներում տեղ էին գտնում հոդվածներ այն մասին, որ պետք է անկախ հետաքննություն անցկացվի նախապատերազմյան ձախողումներն ուսումնասիրելու համար. ի՞նչ գիտեր Բուշի վարչակազմը եւ ի՞նչ էր ուզում իմանալ։ Քեյի հայտարարությունները լսելուց հետո նահանգի սենատոր Մարկ Դեյթոնը շտապեց ասել, որ Իրաքի վերաբերյալ հետախուզական տվյալների առնվազն 70 տոկոսը հավաստի չէր։ (շարունակելի) ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել