Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ Ի ՀԱՇԻՎ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ»

Փետրվար 20,2004 00:00

Ասուլիսում
սրտնեղած արձանագրեց վերջին երկու շաբաթում քաղաքական շրջանակների մշտական
քննարկումների նյութ դարձած ելույթի հեղինակը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Հրանտ Մարգարյանը:
Մեր խնդրանքով մեկնաբանելով, թե ինչպես ստացվեց, որ իր ելույթի բավական կոշտ դրույթները տեղ չգտան Ընդհանուր ժողովի ավարտական հայտարարության մեջ՝ Հրանտ Մարգարյանն ասաց, թե այդպես չի գնահատում: Ըստ նրա՝ ամբողջությամբ համահունչ են իր ելույթի եւ հայտարարության այն դրույթները, որոնք վերաբերում են կոալիցիային մասնակցությանը, հայ-թուրքական հարաբերություններին կամ Ղարաբաղին: Հիշեցնենք սակայն, որ առնվազն վերջին հարցի առնչությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ելութում խոսել էր Շահումյանն ու Գետաշենն ազատագրելու կամ ԼՂՀ փաստացի սահմաններում գերիշխանություն հաստատելու անհրաժեշտության մասին, ինչի մասին խոսք չկա Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ: «Ոչ մի տարբերություն չկա,- այնուամենայնիվ երեկ պնդեց Հրանտ Մարգարյանը:- Այն, ինչ ասվել է՝ միտք բանին, ըստ էության, կրկնվել է»: Թեեւ նաեւ նկատեց, որ պետք է ճանաչել Դաշնակցությունը. «Սա կոմունիստական կուսակցության համագումար չէր, որ առաջին քարտուղարն ինչ-որ բան է ասում՝ հետո համագումարը գալիս ու դա հաստատում է»:

Հարցերի մի խումբ էլ վերաբերում էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի ելույթին՝ ՀՀԿ գործիչների արձագանքներին: «Ասել ենք բաներ կոալիցիայի մասին՝ առանց մեղավոր հասցեագրելու,- արդարացավ Հրանտ Մարգարյանը:- Ես զարմանում եմ՝ եթե չենք ասում, թե այս հարցում ով է մեղավոր՝ ինչո՞ւ են մարդիկ իրե՛նց անպայման տեսնում մեղավոր: Մենք ասել ենք, որ կոալիցիան իբրեւ քաղաքական մարմին չի կայացել, ասել ենք, որ մենք մեր պատասխանատվության տերը չենք կարողանում լինել: Սա ուրիշի՞ն, թե՞ մեր հասցեին ուղղված մեղադրանք է: Ունեցել ենք այդքան ինքնավստահություն, որ այս ինքնաքննադատությունը կատարենք հրապարակային եւ ճիշտ հակառակ արդյունք է տվել: Ոչ ոք չի մտածում, որ դա ինքնաքննադատությո՛ւն է առաջին հերթին՝ նախքան մեղադրանքն ուրիշներին»: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձավ նաեւ Անդրանիկ Մարգարյանի կշտամբանքին, թե Դաշնակցությունը նույնքան ներկայացուցիչներ ուներ ընտրական հանձնաժողովներում, որքան ՀՀԿ-ն կամ այլ կուսակցությունները, ուստի իզուր է փորձում մաքուր երեւալ. «Պարոն վարչապետի գնահատականն այնքանով ճիշտ է, որ մենք, այո՛, լինելով հանձնաժողովների մեջ՝ չենք կարողացել կանխել ընտրախախտումները: Բայց սա հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմը կա, որ ընտրախախտումներ չենք արել՝ այդքանով արդարացված է մեր պարագան»:

Եվ վերջապես՝ հարցերի մի խումբ էլ վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ՀՅԴ-ին ուղղված հորդորներին: «Ես հավատում եմ, որ նախարարը պետք է լինի քաղաքակա՛ն ծրագրի տեր, քաղաքակա՛ն մարդ, որն աթոռին նստում է ծառայելու իր ժողովրդին,- այսպես հակադարձեց «ապաքաղաքական տարրերին» այսուհետ եւս երկրի կառավարմանը մասնակից դարձնելու նախագահի վճռականությանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:- Իսկ եթե մարդը դառնում է նախարար եւ չունի որեւէ քաղաքական ծրագիր կամ գաղափարախոսություն՝ նա ծառայում է իր գրպանին եւ իր անմիջական գերադասին… Իմ խնդիրը սա էր՝ այն ուժերը, որոնք իշխանական աթոռի են ձգտում իբրեւ փեշակ, ապրելակերպ ու ապրելամիջոց, որոնք այդ աթոռը ծառայեցնում են իրենց բիզնեսի մեջ մրցակիցներից ձերբազատվելու եւ արտոնյալ կարգավիճակի մեջ հայտնվելու համար՝ դրանք այս երկրին չարիք են բերում: (Հրաժարվեց անուններ նշել.- Ա. Ի.): Մենք պետք է հասկանանք, թե այս նախարարն ինչպե՞ս է կարող թե՛ ՀՀՇ-ի օրոք ծառայել, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ հավանաբար՝ վաղն էլ կուզենա մեզ ծառայել: Սա՛ է, որ մեզ համար անընդունելի եւ անհասկանալի է»: Գնահատականներում զսպվածություն ցուցաբերելու Ռոբերտ Քոչարյանի կոչին Հրանտ Մարգարյանն այսպես արձագանքեց. «Այո՛, պետք է զուսպ լինենք: Զուսպ ենք այնքանով, որ չենք վիրավորում: Զուսպ ենք այնքանով, որ չենք անարգում: Զուսպ ենք այնքանով, որ հարգում ենք: Բայց չենք կարող այնքան զուսպ լինենք, որ ճշմարտություններ ծածկենք: Չե՛նք կարող այնքան զուսպ լինել, որ ճշմարտությունների կողքով անցնենք: Վերջապես պետք է կարողանալ մեր ժողովրդի հետ նաեւ ճշմարտությունների մասին խոսել: Ճշմարտություն ասելն անպայման մեկին վիրավորել չի: Ճշմարտություն ասելն անպայման ինչ-որ քաղաքական դիվիդենտ շահել չի: Եթե դա անկեղծ է, շաղախված ինքնաքննադատությամբ՝ փոխարեն գնահատվի՝ ինչո՞ւ է այսպես մոտեցումը: Մենք նպատակ չենք ունեցել որեւէ մեկին վիրավորելու: Որեւէ մեկի գործընկերությունն էլ մերժելու տրամադրություն չենք ունեցել՝ ո՛չ կոալիցիայի մեջ եղած ուժերի, ո՛չ էլ ընդդիմության»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել