Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ ԵՏ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ

Փետրվար 20,2004 00:00

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՑ ԵՏ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ Կարծում է ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը՝ նկատի ունենալով հայկական հարսանեկան ծեսը: Հայկական հարսանեկան ծես են ներմուծվել օտար էլեմենտներ։ Որոշ սովորույթներ էլ կորցնելով իրենց արդիականությունը՝ մոռացվել են։ Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը համոզված է, որ նորամուծությունները հայկական հարսանեկան ծեսում անցանկալի երեւույթներ չեն. «Չի կարելի ասել, թե դրանք հարստացնում կամ աղքատացնում են այն, բայց ճիշտ կլիներ տարբերակվեր՝ որն է ավանդական ազգայինը, որը՝ ոչ եւ կա՞ արդյոք կարիք՝ օտար սովորույթները արմատակալեն ու պատվաստվեն մեր ազգային ծեսում»։ Այսօրվա հայկական հարսանիքներն աչքի են ընկնում ծաղկառատությամբ՝ ծաղիկներ մեքենաներին, փեսացուի ու քավորի կրծքին, հարսնացուի մազերին եւ այլուր։ Մինչդեռ, ազգագրագետի պնդմամբ, ծաղիկն էլ «ներմուծված» է Եվրոպայից, որովհետեւ մեր ավանդական հարսանյաց ծեսում այն չի օգտագործվել։ Փոխարենը, հարսանեկան սիմվոլիկայի հետ էր կապվում նարոտը՝ կարմիր ու կանաչ թելերի հյուսքը, որը փաթաթվում էր նորապսակների պարանոցին կամ ձեռքին։ Ի դեպ, կարմիրը կնոջ խորհրդանիշն էր, կանաչը՝ որպես սերնդաշարունակության սիմվոլ, առնչվում էր տղամարդու հետ։ Մինչեւ հիմա էլ կարմիր-կանաչի համադրությունը Հայաստանի գյուղերում օգտագործվում է, սակայն կոսպանտի (մետաքսե կարմիր-կանաչ ժապավենի) ձեւով, որը կապում են փեսացուի կրծքին ու թիկունքին։ Հետաքրքիրն այն է, որ Հայաստանում մինչեւ 20-րդ դարի առաջին քառորդը նորահարսի զգեստը ոչ թե ճերմակ, այլ կարմիր է եղել եւ կարմիրի բոլոր երանգները չէ, որ կրել են հայ նորահարսերը։ Մեր կարմիրը մոռի ու հասած բալի երանգն էր, յասամանագույնի ու մանուշակագույնի խառնուրդը։ Ազգագրագետի համոզմամբ, վերջին շրջանում հարսնացուների զգեստներում հանդիպող կարմիր կամ վարդագույն էլեմենտները միտում ունեն վերարժեւորելու կարմիրը՝ կրքի, սիրո գույնը հայկական հարսանեկան ծեսում։ Իսկ ճերմակ հարսնազգեստը Հայաստան է թափանցել Եվրոպայից, ուր սպիտակը սգո գույն է համարվել։ Ժամանակին (17-րդ դարում) Մարի Ստյուարտ թագուհին մասնակցել է ամուսնու հուղարկավորությանը ճեփ-ճերմակ զգեստով։ Շորն այնքան շքեղ է եղել, որ թագուհին այն հագել է իր հաջորդ հարսանիքին։ Ազգագրագետ Ա. Ստեփանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում վերջերս հայկական հարսանիքում հանդիպող այն երեւույթին, երբ փեսացուն հանելով հարսի գուլպայի կապը (պադվեսկա), նետում է չամուսնացած տղաներին։ «Գուլպայի կապիչի կամ ծաղկեփնջի շպրտելը երիտասարդներին՝ գալիս է ամերիկյան միջավայրից, բայց մենք ունենք դրա ազգային տարբերակը, որը նույնպես կապված է գուլպայի ու կոշիկի հետ։ Գուլպան եւ կոշիկը խորհրդանշել են սեռական կապ։ Հարսնացուն ապագա ամուսնու տուն է տարել այնքան գուլպա, որքան տղամարդ է եղել այնտեղ։ Գուլպայի եւ կոշկեղենի սիմվոլիկան կնոջ բեղմնավորման ակնկալիք է պարունակում։ Կնոջ եւ տղամարդու կապը այսկերպ խորհրդանշելը մանրամասն մեկնաբանված է նույնիսկ Ֆրեյդի մոտ»,- պարզաբանեց տիկին Ստեփանյանը։ Ըստ նրա, հայկական չեն նաեւ տարոսիկները։ Փոխարենը փեսային ուղեկցող երիտասարդը՝ ոչ հայերեն տերմինով՝ ազապբաշին, հարսանեկան արարողության ժամանակ կրել է կենաց ծառի խորհուրդն ունեցող ձողեր կամ ճյուղ, որի վրա քաղցրավենիք է եղել։ Արարողության ավարտին քաղցրավենիքը բաժանվել է չամուսնացածներին։ Ի դեպ, հարսանիքի նախօրեին կազմակերպվող «մալչիշնիկների» ու «դեվիչնիկների» մասին։ Պարզվում է, երեւույթն այնքան էլ ներմուծված չէ։ Հայ փեսաներին ուղեկցել են յոթ երիտասարդ՝ մակարներ, իսկ նրանց ղեկավարը կոչվել է մակարապետ։ Հարսնացուին ուղեկցել են նրա յոթ ընկերուհիները՝ հարսնաքույրերը։ Ընդ որում, նրանցից մեկը պարտադիր ամուսնացած է եղել, որպեսզի նորահարսին բացատրի ամուսնական կյանքի գաղտնիքները։ Ու քանի որ փեսացուն ու հարսնացուն կարող էին ծիսական հարձակումների ենթարկվել, «յոթնյակները» պաշտպանել են հարսանիքի գլխավոր հերոսներին։ Ըստ ազգագրագետի, եթե հարսնացուի «կողմնակիցները» փեսացուի իրերից որեւէ բան գողանային կամ հակառակը, դա կնշանակեր, որ համատեղ կյանքի ընթացքում իշխողը տվյալ կողմն էր լինելու։ Եթե այսօր քավորությունը ասոցացվում է «ծախսի տակ ընկնելու» հետ, ապա նախկինում այդ «պաշտոնը» գայթակղիչ էր։ Պատճառը ամուսնական առաջին գիշերվա իրավունքն էր։ Ա. Ստեփանյանը պնդում է, որ այդ սովորույթը տարածված է եղել ոչ միայն Հայաստանում, եւ մինչեւ 18-րդ դարի վերջերը պահպանվել է Հունգարիայում։ Ազգագրագետը տեղեկացրեց նաեւ կարմիր խնձորի խորհրդին, որի մասին առաջին անգամ հիշատակել է Խաչատուր Կեչառացին։ Ժամանակին նորապսակները առաջին գիշերը պարտադիր անց են կացրել մթերքով, մրգերով լեցուն մառանում, որը խորհրդանշել է բեղմնավորություն։ Ինչ վերաբերում է խնձորին ու նռանը, դրանք եւս կնոջ ու նրա բեղմնավորվելու խորհուրդն են կրել իրենց մեջ։ Պատահական չէ, որ հայ փեսաները ամբողջ հարսանիքի ժամանակ այդ մրգերից հոտ են քաշել, իսկ նորահարսերը ամուսնու տուն մտնելուն պես նռով հարվածել են պատին։ Մի բան, որ հաստատ այսօրվա հարսնացուներին թույլ չեն տա անել եվրոնորոգված բնակարաններում։ Այնպես որ, պարզվում է, հայերս այնքան էլ հետամնաց չենք հարսանեկան ծեսի առումով եւ ամեն ինչ չէ, որ ընդօրինակել ենք օտարներից։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել