Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ

Փետրվար 24,2004 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԱՐՏԵՐԿԻՐ Այդպիսի մտավախություն ունի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Զինապարտության մասին» նոր օրինագիծը, որ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է ՀՀ Ազգայի ժողովում, շարունակում է մնալ ոչ միայն ԲՈւՀ-երի ուսանողների, այլեւ՝ հասարակական եւ քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի, պարտադիր զինծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է մեկ անգամ, պետական ԲՈւՀ-երի բարձրագույն մասնագիտական կրթության՝ բակալավրի որակավորման աստիճանը ստացողներին, նաեւ նրանց, ովքեր պետական պատվերով կամ միջպետական եւ դրանց հիման վրա միջգերատեսչական համաձայնագրերով մեկնում են արտերկիր՝ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բակալավրի աստիճան ստանալու համար ուսանելու: Մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորելու համար տարկետում այլեւս չի նախատեսվում: «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն անելու եւ ԲՈՒՀ-երում սովորողներին տարկետման իրավունքից զրկելու առաջարկությամբ դեռ 1997-ին հանդես էր եկել ՀՀ այն ժամանակվա կառավարությունը, իսկ օրինագիծը ԱԺ-ում ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Այն ժամանակ օրինագծում խոսքը գնում էր ընդհանրապես 18 տարին լրացած բոլոր արական սեռի ներկայացուցիչներին բանակ զորակոչելու մասին՝ անկախ այն բանից, նա ԲՈՒՀ- ում սովորում է, թե ոչ: Այն ժամանակ էլ, ինչպես այսօր, ոչ հրապարակայնորեն, ոչ ԱԺ ամբիոնից, բայց ավելի նեղ շրջանակներում բացահայտ էր ասվում, որ խնդիրը բանակին անհրաժեշտ մարդկային ռեսուրսով ապահովելն է, ինչը հատկապես վերջին տարիներին, ըստ երեւույթին, բանակի համար դառնում է պրոբլեմատիկ հարց: Հիշեցնենք, որ 97-ին ՀՀ ԱԺ-ում այս օրինագիծն այնքան բուռն քննարկումների առիթ հանդիսացավ, որ օրինագծի հակառակորդներից մեկն ու այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց: Իհարկե, ոչ նրա հրաժարականը, բայց ոչ էլ կառավարության ներկայացրած օրինագիծն այն ժամանակ չընդունվեցին: Օրինագծի դեմ փաստարկներն էլ, ի դեպ, նույնն էին, ինչ այսօր՝ գիտությունն այնքան արագ է զարգանում, որ երկու տարին անդառնալի կորուստ է գիտությամբ զբաղվող երիտասարդի համար: Երբ մենք փորձեցինք զուգահեռ տանել 97-ին առաջարկվող եւ այսօր շրջանառության մեջ գտնվող օրինագծերի միջեւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նկատեց. «97-ին քննարկման ներկայացված նախագիծը միանգամայն տարբերվում է նրանից, որը հիմա առաջարկվում է: Այն, ինչ առաջարկվում էր 97-ին, վերաբերում էր համընդհանուր զինակոչին եւ ոչ թե առանձին վերցրած մագիստրոսներին, ասպիրանտներին տարկետումից զրկելուն: Այն օրինագիծը նպատակ ուներ ապահովել սոցիալական արդարությունն ու բանակի ռեսուրսները, իսկ հիմա կայացող գիտնականին կտրում են գիտական աշխատանքից»: Այս նոր օրինագծի շարժառիթը ո՞րն է հարցին, նա պատասխանեց. «Սա «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքի ընդունման արդյունքն է, որի պատճառով մի կողմից ուղղակի մարդկային ռեսուրսներն են պակասում, մյուս կողմից՝ նաեւ բավականին մեծ ռեսուրսներ դուրս են գալիս մարտական ծառայությունից»: Հօգուտ այս օրինագծի ՀՀ Պաշտպանության նախարարի եւ փոխնախարարի բերած հիմնական փաստարկն այն է, թե բանակից խուսափելու համար սովորելը դարձել է ամենահարմար առիթը եւ շատերը, ովքեր հետագայում նույնիսկ գիտության հետ չեն էլ առնչվում ծանոթների եւ այլ եղանակներով խցկվում են ասպիրանտուրաներ եւ այլն: Համաձայնելով, որ սա, ինչպես հանգուցյալ իրավաբան Վլադիմիր Նազարյանը կասեր, «խելագարության կանխավարկած» է, պարոն Շիրխանյանը նաեւ հավելեց, թե «խուսափողը, միեւնույն է, խուսափելու սողանցքներ կգտնի, դա ամենալավ պատճառաբանությունը չէ: Այսինքն, ուզում են հայտարարել՝ քանի որ կաշառակեր ռեկտորների, կամ դասախոսների ձեռքը բռնել չենք կարող, եկեք սովորող երեխաներին էդ հնարավորությունից զրկե՞նք: Այստեղ մի ուրիշ վտանգ էլ կա. կառավարությունը նման օրինագծի ընդունմամբ նպաստում է նրան, որ այն երիտասարդ մասնագետը, որը սովորելու ձգտում ունի եւ առավել եւս տիրապետում է օտար լեզվի, ընդհանրապես մեկնի արտերկիր»,- կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը: Մեր զրուցակիցը նաեւ նկատեց, թե վաղուց արդեն ժամանակն է բանակում բարեփոխումներ անցկացնել: Նրա համոզմամբ, բարեփոխումները պետք է միտված լինեն բանակում ապահովելու ոչ միայն մարդկային կայուն ռեսուրսը, այլեւ՝ մարտական վիճակը: Նրա ասելով, դեռ 99-ից նախագիծ կար, որով նախատեսվում էր պայմանագրային հիմունքներով տարեկան գոնե մեկ գունդ կազմավորել, որտեղ ծառայության կանցներ 17.000 նախկինում ծառայությունից խուսափած զինակոչիկ: «Դա, անշուշտ, ֆինանսական միջոցների հետ կապված խնդիր է, բայց դա միակ ճիշտ ճանապարհն է»,- ասաց պրն Շիրխանյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829