Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ

Փետրվար 25,2004 00:00

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ Մնացածների հետ ոստիկանությունը «զրուցել է» Երեկ ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցություններից ահազանգել էին. ոստիկանությունը հետապնդումներ է սկսել այդ կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ: Երեկ առավոտյան ժամը 6-ին ՀՀ ոստիկանության 6-րդ բաժնի եւ Շենգավիթի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները զանգել էին «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի բնակարանի դուռն ու արթանցրել նրա ընտանիքի անդամներին, այդ թվում՝ մանկահասակ երեխաներին: Ռ.Մխիթարյանը դուռը չէր բացել ու ահազանգել էր կուսակցություն: «Մի երկու ժամ դռան զանգն անընդհատ հնչում էր: Նրանք զանգի կոճակը սքոչով կպցրել էին եւ գնացել»,- պատմեց Ռ. Մխիթարյանը: Տեսնելով, որ տանտերերը դուռը չեն բացում, ոստիկանները ջարդել էին ավտոտնակի ու մառանի երկաթե դուռն ու խուզարկություն իրականացրել՝ զենք ու զինամթերք էին փնտրել, որն այդպես էլ չէին գտել: Քիչ անց, դեպքի վայր էին հասել պատգամավորներ Ալբերտ Բազեյանը, Վարդան Մկրտչյանը, Սմբատ Այվազյանն ու Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս նախ ներկայացրել էր իր փաստաթղթերը, եւ խնդրել էր ոստիկանական համազգեստ հագածին ներկայանալ եւ բացատրել, թե ինչ են փնտրում եւ արդյոք խուզարկություն անցկացնելու համար համապատասխան թույլտվություն ունեն: «Համազգեստավոր մարդիկ առանց ձայն հանելու, սուս ու փուս շրջվեցին, մեքենան նստեցին եւ հեռացան»,- պատմեց Ս.Այվազյանը: Ռ. Մխիթարյանի պատմելով՝ «մենք՝ ազատամարտիկներով, դեռ մի քանի օր առաջ հավաքվել եւ որոշել էինք համաժողով անել. բազմաթիվ խնդիրներ կային, որոնց պետք է անդրադառնայինք: Երեւի տեղեկությունները տեղ են հասել եւ նման քայլերով իշխանությունները փորձում են մեր աչքը վախեցնել»: Իսկ Ս.Այվազյանի գնահատմամբ՝ «Սա քաղաքական ակցիա է կապված շրջաններ կատարվող մեր այցերի հետ: Մենք բազմաթիվ ահազանգեր ունենք, որ մեր ակտիվիստներին կանչում են զրույցների: Մեր տեղեկություններով նույն կարգի գործողություններ են եղել նաեւ ՀԺԿ Մալաթիա-Սեբաստիա համայնքի կառույցի քարտուղար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ»: Եվ ոչ միայն. երեկ Ավանի ոստիկանական բաժին «զրուցելու» էր հրավիրվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կառույցի ղեկավար Լյովա Եղիազարյանը: Երեկ ոստիկանության բաժին էին տարվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանի թիկնապահները՝ Արթուր Հարոյանն ու Արմեն Ռուբենյանը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեկնել են Ռ.Մխիթարյանի տուն՝ իմանալու, թե ինչ է կատարվում: Նրանց էլ տարել են «բաժին» զրուցելու եւ բաց չեն թողել, թեեւ հայտնի էլ չէ, թե ինչ կարգավիճակում են ոստիկանությունում: Այդ ընթացքում, ինչպես նրանցից մեկի՝ Ա. Ռուբենյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը պատմեց. «ժամը 11:30-ին 11-12 հոգի, որոնցից երկուսը ավտոմատներով, ներխուժեցին մեր տուն: Նրանցից մեկը միայն իր վկայականը ցույց տվեց ու ասաց, որ խուզարկելու են տունը. զենք էին փնտրում: Տունը, նկուղն ու ավտոտնակը տակնու վրա արեցին: Ես այնքան շփոթված ու վախեցած էի, որ այդ պահին նույնիսկ չկողմնորոշվեցի եւ խուզարկության սանկցիան չպահանջեցի»: Երեկ, երբ ոստիկանության հիշյալ գործողությունների առնչությամբ «Հանրապետություն» կուսակցությունում մամլո ասուլիս էին հրավիրել, ձերբակալվածների թվում էր նաեւ կուսակցության Շենգավիթի կառույցի նախագահի տեղակալ Աշոտ Պողոսյանը: Մյուսներին, մոտ 10 հոգի, ոստիկանությունը «զրուցելուց» հետո բաց էր թողել: Նման «զրույցներ» ոստիկանությունն այս օրերին ունեցել է «Հանրապետության» գրեթե բոլոր տարածքային կազմակերպությունների ղեկավարների հետ, թեեւ, ինչպես կուսակցության մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը հեգնեց՝ «Ոստիկանությունը ոչ փիլիսոփայական, ոչ էլ լուսավորչական ֆունկցիա չունի, որ մարդուն հրավիրի զրուցելու»: ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը հաստատեց այն լուրերը, որ անցած օրերին ու նաեւ երեկ ՀՀ ոստիկանությունը սկսել է ակտիվ գործողություններ իրականացնել եւ զբաղվել ՀԺԿ տարածքային կառույցների ակտիվիստներով: Ընդ որում, այդ ակտիվությունը տարբեր արտահայտություններ են ստանում: Ասենք՝ ՀԺԿ Մալաթիա-Սեբաստիա համայնքի կառույցի քարտուղար Գրիգոր Գրիգորյանին եւ նրա տեղակալ Ռաֆիկ Բարսեղյանին հրավիրում են ոստիկանություն՝ «զրուցելու»: ՀԺԿ Էրեբունու կառույցի քարտուղար Վարսիկ Ավետիսյանին փորձում են «մշակել» մանկապարտեզի տնօրեն աշխատող նրա դստեր միջոցով՝ համայնքի թաղապետարանի կրթության բաժին հրավիրելով եւ «զրուցելով»: ՀԺԿ Աշտարակի կառույցի ղեկավար Արմիկ Ասատրյանին են հրավիրել ոստիկանություն՝ դարձյալ նրա հետ «քաղպարապմունքներ» անցկացնելու համար: Նույն կառույցի ակտիվիստ Արուսյակ Ղամբարյանին են ոստիկանությունից այցելել ու հրավիրել զրուցելու, որից նա հրաժարվել եւ չի գնացել: ՀԺԿ Ոսկեպարի կառույցի քարտուղար Նվեր Ինջիղալյանին են նաեւ հրավիրել ոստիկանություն: Ի դեպ, երեկ մեզ հետ զրույցի ժամանակ ՀԺԿ մամլո քարտուղարը, նկատի ունենալով, որ ՀՀ նորանշանակ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դեռ գրասենյակ եւ կոնկրետ հասցե չունի, նրան մեր թերթի միջոցով դիմեց՝ խոստանալով, որ մինչեւ պաշտոնապես այդ պաշտոնը ստանձնելն էլ իրենք տիկին Ալավերդյանին «հանգիստ չեն տա»: «Դիմում եմ տիկին Ալավերդյանին՝ խնդրելով զբաղվել նաեւ այս եւ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալման փաստերով»: Ն. Մ. Հ. Գ. Ներկայացնում ենք նույն դեպքերը՝ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության մատուցմամբ. Փետրվարի 24-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների ընթացքում զննության են ենթարկվել մայրաքաղաքի Հրազդան 8 հասցեում գտնվող «Կանաչ այգի» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասը, Արշակունյաց պողոտայի 137/2 բնակարանը եւ Բագրատունյաց պողոտայի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակը։ Իրավապահների՝ օրինականության սահմաններում կատարած գործողությունների արդյունքում հիշյալ հասցեներից հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր տրամաչափի 294 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ, ինքնաշեն 5 դանակ, որոնցից մեկը՝ գաղտնի փականով, սվին-դանակ, 19 պայթուցիչ, 2 աէրոզոլ ռումբ եւ «Շմայս» տեսակի ինքնաձիգ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջողվել է պարզել, որ զենք- զինամթերքը պատկանել են մայրաքաղաքի բնակիչներ Կոլյա Հարությունյանին, Գուրգեն Պապիկյանին, Արմեն Սահակյանին եւ անզգույշ սպանության ու ապօրինի զենք-զինամթերք պահելու համար 2000 թվականին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ռոմիկ Մխիթարյանին։ Կոլյա Հարությունյանը, Գուրգեն Պապիկյանը եւ Արմեն Սահակյանը բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կոլյա Հարությունյանը եւ Արմեն Սահակյանը ձերբակալված են։ Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոմիկ Մխիթարյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել