Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազեները» խոսում են բոլորի անունից

Փետրվար 25,2004 00:00

«Բազեները» խոսում են բոլորի անունից Դասադուլ անող ուսանողները նրանց հետ համաձայն չեն Երեկ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ իրենց առաջարկներն էին ներկայացնում Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) անդամները: Նրանք առաջարկում են. ա) կրճատել տարկետման իրավունքով մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերը՝ սահմանելով ընդունելության կենտրոնացված վերահսկողություն՝ ՊՆ անմիջական մասնակցությամբ, բ) մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ ներկայումս դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ավարտական կուրսում տարածվի օրենքի հին տարբերակը, ինչը թույլ կտա բուհերում պահպանել գիտամանկավարժական կադրերի բնականոն սերնդափոխությունը, գ) եթե գոյություն ունի ազգային անվտանգության եւ սոցիալական հավասարության խնդիր, որպես ռազմավարական նպատակ՝ զորակոչի ենթարկել 18 տարեկանը լրացած բոլոր զինապարտ քաղաքացիներին: Ի դեպ, վերջին կետի առնչությամբ ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Աշոտյանը թեական կարծիք հայտնեց, որ «ի սկզբանե հանրապետականները պաշտպանել են 18 տարեկանից բոլոր զինապարտներին բանակ տանելու տարբերակը, իսկ թե հետո ինչ զարգացումներ են եղել կոալիցիայի ներսում, ենթադրել կարելի է միայն: Հեղինակներին փնտրեք կոալիցիոն այլ ուժերի մեջ, ովքեր ոլորտի պատասխանատու լինելով, զբաղված են գյուղերում օպտիմիզացիայի քարոզով: Նշանակման օրից, բոլոր ուսանողական խորհուրդները հերթով հրավիրել են պրն Երիցյանին՝ հանդիպելու բուհերի ուսանողների հետ: Բոլորին մերժել է: Երեկ նրան Մանկավարժական համալսարան են հրավիրել, իսկ նա ասել է, որ նոր է եկել եւ չունի ձեւավորված կարծիք»: Միեւնույն ժամանակ, Ա. Աշոտյանը նշում է, որ եթե նախագծի հեղինակ լիներ ՀՀԿ-ն, ապա մինչեւ հիմա գոնե դիրքորոշում կունենար: «Մենք ընտրել ենք օրինաստեղծ լոբբինգի մարտավարություն, մենք հանդիպել ենք պատգամավորների հետ, ֆրակցիաների ղեկավարների հետ, զրույցներ ենք ունեցել, իսկ երբ ՀՀԿ-ն այս հարցի շուրջ պաշտոնական դիրքորոշում ունենա, կհայտնի ԱԺ-ում»,- հավելեց Աշոտյանը: Ինչպես հայտնի է, մարտի 5-ին ԱԺ-ն կորոշի օրինագծի ճակատագիրը: Ասուլիսի ժամանակ հավաքված ԵՊՀ ուսանողները, լսելով ՀՈՒԱԱ առաջարկները, որ վերջիններս արեցին ողջ ուսանողության անունից, ընդվզեց՝ պահանջելով բոլորի անունից չխոսել, որովհետեւ առաջարկությունների քննարկումներին ո՛չ ԵՊՀ ուսխորհուրդն է մասնակցել, ո՛չ ԵՊՀ ուսանողությունը: Մասնավորապես, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին տարվա ասպիրանտ Սամվել Իսրայելյանն «Առավոտին» ասաց. «Համալսարանի ուսանողությունն ընտրել է դասադուլի միջոցով պայքարելու ձեւը, եւ դա մեր սահմանադրական իրավունքն է: Մենք շարունակելու ենք դասադուլը: Նրանք (ՀՈՒԱԱ-ն-Հ. Բ.) չեն ներկայացնում ուսանողության շահերը, նրանք նույն բազեներն են եւ ներկայացնում են իրենց մասնավոր շահերը: Հիմա նրանք փորձում են խոսել ամբողջ ուսանողության անունից: Մենք ընդհանրապես մերժում ենք ցանկացած զիջումների տարբերակը, մենք համոզված ենք, որ ուսումը անընդհատություն եւ շարունակականություն է պահանջում»: ՀՈՒԱԱ-ն իր հերթին ԵՊՀ ուսանողների պահվածքը գնահատեց իբրեւ «էմոցիոնալ ֆոն», իսկ դասադուլը՝ անիմաստ, որովհետեւ դասադուլ անելով, ըստ նրանց, ուսանողները մոռացել են բուն խնդիրը: «Բազեական» ուսանողները նաեւ նշեցին իրենց համագործակցության մասին՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի հետ, թե՝ «Հանուն»-ի հետ մեր տեսակետները համընկնում են»: Նախաձեռնության անդամ Արարատ Միրզոյանից այս առնչությամբ տեղեկացանք, որ, ճիշտ է, իրենք հանդիպել են ՀՈՒԱԱ-ին, զրուցել, սակայն նրանց առաջարկներին կողմ չեն, այլ պահանջում են ընդհանրապես նախագիծը հանել շրջանառությունից: Այս մասին նրանք կհայտնեն նաեւ այսօր, Կինոյի տանը, ժամը 15-ին: ՀՈՒԱԱ կազմում կային նաեւ արվեստի բուհերի ուսանողներ, սակայն մեր հարցը, թե ինչո՞վ պետք է զբաղվի բանակում արվեստաբանը, մնաց գրեթե անպատասխան. «Երեւի գործ կունենաք Սպայի տանը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել