Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՄ ԵՆ ՊԵՏՔ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փետրվար 26,2004 00:00

ՈՒՄ ԵՆ ՊԵՏՔ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Դատելով պաշտոնյաների անտարբերությունից՝ ոչ իշխանություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ Վենետիկյան հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 24-27-ը Երեւանում անցկացվող «Ընտրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով կլոր սեղանի մասնակիցների կազմը դիտարկելիս պարզ է դառնում, որ մեր երկրում նորմալ ընտրություններ անցկացնելու մեջ շահագրգիռ են միայն ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները եւ, հավանաբար, որոշ չափով ԿԸՀ անդամները: Կլոր սեղանի երկու օրերի ընթացքում իշխանական կոալիցիայի անդամ կուսակցություններից որեւէ մեկի ներկայացուցիչն այդպես էլ չերեւաց, չհաշված Վահան Հովհաննիսյանին, որն առաջին օրը ողջունեց կլոր սեղանը, ապա «Հայլուրի» միջոցով իր տարակուսանքը հայտնեց մասնակիցների թվաքանակի կապակցությամբ եւ հեռացավ: Այնինչ, եվրոպական այս կառույցները բավականին լուրջ աշխատանք են կատարել մեր ընտրական համակարգը բարելավելու եւ Ընտրական օրենսգիրքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Նրանք քննարկման էին ներկայացրել ՀՀ ընտրական օրենսդրության եւ ընտրությունների կազմակերպման կարգի մասին համատեղ առաջարկություններ: Դրանք վերաբերում են ընտրությունների անցկացման ողջ ընթացքին՝ նախընտրական փուլից սկսած: Քննարկումների ընթացքում այդ առաջարկները բյուրեղանում էին, համադրվելով մեր իրականության հետ: Մասնավորապես, կասկածի տակ առնվեց նախընտրական շրջանում ստորագրահավաքների նպատակահարմարությունը, առաջարկ եղավ դրա փոխարեն ներդնել նախընտրական գրավի ինստիտուտը: Բավականին բուռն քննարկվեց «թանաքոտման» հարցը: Եթե եվրոպացիներն ու ընդդիմության հիմնական մասը համաձայն էին, որ մի քանի անգամ քվեարկելու դեմն առնելու համար անհրաժեշտ է ընտրողների մատների վրա չջնջվող թանաքով նշան անել, ապա ԿԸՀ անդամ Համլետ Աբրահամյանը (ՀՅԴ) հայտարարեց, որ դա հարված է մեր ժողովրդի արժանապատվությանը, եւ որ, օրինակ, ինքն այդ դեպքում չի գնա ընտրության, եւ որ այդպես կվարվեն շատ-շատերը: Քննարկվեց նաեւ «շրջիկ քվեատուփերով» կամ լիազոր ներկայացուցչի միջոցով ընտրություն կատարելու տարբերակը, ինչպես նաեւ վաղաժամկետ ընտրությունների հարցը: Թեեւ ներկաները համակարծիք էին, որ ընտրելու սահմանադրական իրավունքը կարեւորագույն դրույթ է, սակայն գտան, որ այդ «արտակարգ միջոցառումները» միայն ավելացնում են խախտումների ռիսկայնությունը: Լուրջ բանավեճ ծավալվեց նաեւ դիտորդների եւ վստահված անձանց իրավունքների շուրջ: Ներկաները եկան այն եզրակացության, որ քանի դեռ ընտրական հանձնաժողովների նկատմամբ վստահությունը փոքր է, պետք է վստահված անձանց եւ դիտորդների իրավունքների շրջանակները լայնացնել, գոնե հասցնել այն մակարդակին, որ նրանք իրավասու լինեն իրենց դիտարկումների արդյունքում դատարան դիմել, ստանալ իրենց անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները: Քննարկումներից դուրս չմնաց նաեւ լրատվամիջոցների հարցը: ՀՌԱՀ անդամ Շամիրամ Աղաբեկյանը կարծում էր, որ օրենքը թերի է եւ լղոզված, եւ իրենց հանձնաժողովին հնարավորություն չի ընձեռում վերահսկել քաղաքական գովազդի հեռարձակումը, գները եւ այլն: Նրան հակադրվեց Արշակ Սադոյանը, նկատելով, որ եթե այն հանձնաժողովին, որը փակեց միակ անկախ հեռուստաընկերությունը, տրվեն ավելի լիազորություններ, քան ունի, ապա մեր երկրի վիճակը շատ ավելի վատթար կդառնա: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել