Լրահոս
Օրվա լրահոսը

Ձողը կա՝ պարող կճարվի

Փետրվար 27,2004 00:00

Պարզվում է, Թումանյան անցուղի 13 շենքի նկուղային հարկում
գործող «Յոժիկ» գիշերային ակումբը թվով վեցերորդն Է Օպերա-Թումանյան-Սայաթ-Նովա
հատվածում։
Դրանցից մի քանիսը տեղակայված են բնակելի շենքերի տակ։ Տերերի համար սա, անշուշտ, եկամտի աղբյուր է։ Բայց ու՞մ հանգստի հաշվին։ Թումանյան 13 շենքի բնակիչների պատմելով, անցած տարվա հունիսից «Յոժիկ» ՍՊԸ-ի տնօրեն Լեոնիդ Աղաջանյանը շենքի նկուղում ստրիպտիզ ակումբ է բացել, որը խաթարում է բնակիչների հանգիստը։ Ի դեպ, շենքի այդ հատվածում գտնվում են մարդկանց ննջասենյակները։ Նրանց ասելով, «ամբողջ գիշեր երաժշտության բարձր ձայնից եւ հաճախորդների աղմուկից հնարավոր չէ քնել։ Ակումբի հարբած հաճախորդները մինչեւ ուշ ժամերի աղմկում են, բջջային հեռախոսներով բարձրաձայն խոսում են ու հայհոյում։ Բացի այդ, բնակելի շենքի տակ նպատակահարմար չէ նման օբյեկտի առկայությունը»։ Դժգոհողների կարծիքով, վերոնշյալը ապօրինի գործարք է, իսկ «Յոժիկ» ՍՊԸ-ի փաստաթղթերում սրճարան ձեւակերպումն էլ՝ ընդամենը աչքակապություն։ Բնակիչների՝ տարբեր ատյաններ հղած դիմում-բողոքների պատասխաններից «Առավոտը» տեղեկացավ, որ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի տարածքային կենտրոնի մասնագետների հետազոտությունից պարզվել է, որ «Յոժիկի» գործունեության ընթացքում հիշատակված թիվ 3 բնակարանում երաժշտության ձայնի մակարդակը սանիտարական նորմերի թույլատրելի սահմանը գերազանցել է 6 դեցիբալով (նորման 2-III-11.3 է)։ Դրանից հետո «Յոժիկի» տնօրենին առաջարկվել է օբյեկտում ձայնամեկուսացման աշխատանքներ կատարել։ Ակումբի տնօրենը հայտնեց, որ զգուշացումից հետո բնակիչներին չխանգարելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկել են, միաժամանակ հերքելով, որ դա ստրիպտիզ- ակումբ է, թեեւ ընդունեց, որ ձողը կա. «Մեզ մոտ ինտելիգենտ մարդիկ են հաճախում, մերը ինտելիգենտ ակումբ է, մենք գործում ենք որպես շուրջօրյա սրճարան։ Եվ եթե պարեր լինում էլ են, ապա աղջիկները մինչեւ վերջ չեն մերկանում»,՟- ասաց Լ. Աղաջանյանը։ Նա փաստաթուղթ տրամադրեց, որը վկայում է, որ ձայնի մակարդակն արդեն համապատասխանում է նորմերին։

Մինչդեռ, Չեխովի մոտիվներով շատերը պնդում են, որ եթե ձողը կա, ապա դրա շուրջ առնվազն մի օր անպայման ստրիպտիզ կպարեն։ Տնօրենը հերքեց նաեւ, որ օբյեկտի շրջակայքում իրենց հաճախորդները հավաքատեղի են սարքում կամ ծեծկռտուքի մեջ մտնում:

Երեկ Կենտրոն թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Արման Միրիջանյանից տեղեկացանք, որ թաղապետարանը գրությամբ դիմել է քաղաքապետարանին՝ «Յոժիկի» գործունեությունը դադարեցնելու համար։ Թեեւ «Առավոտի» հարցին ի պատասխան, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւս հաստատեց, որ օրենքում բնակելի շենքերի տակ գիշերային ակումբներ բացելուն խանգարող ոչ մի դրույթ չկա։

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒՂԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել