Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՊԱՅՔԱՐԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Փետրվար 27,2004 00:00

Իսկ ռեկտորներն այսօր ավելի շատ են վախենում իշխանություններից, քան յոթ տարի առաջ

Ինչպես հայտնի է, «Զինապարտության մասին» օրենքի նոր նախագիծը առայժմ չի դրվելու ԱԺ օրակարգ:

Վիճելի օրինագծի առիթով երեկ պրն Մարգարյանը հանդիպել է երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ կառավարության տրամադրած տեղեկատվության, վարչապետը նշել է, որ օրինագիծը, ցավոք, պատշաճ եւ ամբողջական հիմնավորումներով չի ներկայացվել հանրությանը, բուհերի հետ մինչ այդ անհրաժեշտ մանրամասնությամբ քննարկումներ չեն կատարվել, ինչը հնարավորություն կտար փաստաթուղթը մշակել՝ աշխատանքային քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկությունները հաշվի առնելով: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ կառավարությունը ԱԺ-ում իր մեծամասնության աջակցությամբ կարող է օրենքի նախագիծը հավանության արժանացնել, սակայն գործադիրը ամենեւին խնդիր չունի կրթության, գիտության բնագավառի ներկայացուցիչների առաջարկների, տեսակետների անտեսմամբ խնդիրը լուծել: Մանավանդ որ, բնագավառի օրենսդրության մեջ, օրինակ՝ «Բուհական եւ հետբուհական կրթության մասին» օրինագծում եւս համապատասխան փոփոխությունների, բարելավման կարիք կա, ինչի կարեւորությունը ընդգծել են նաեւ ուսանողները:

Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ 1997-ին, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն այս օրենքում այնպիսի փոփոխություն էր առաջարկել, ըստ որի բանակ պետք է զորակոչվեին 18 տարին լրացած բոլոր զինապարտները, այսինքն՝ ուսումը շարունակելու համար տարկետումն ընդհանրապես հանվում էր: Այս նախագիծը շրջանառության մեջ մտավ 97-ի մայիսին: Սակայն ապրիլի 18-ին արդեն բուհերի ռեկտորները դիմում էին հղել պաշտպանության նախարարին՝ խնդրելով շրջանառությունից հանել օրենքի նախագիծը: Ռեկտորները, մասնավորապես, գրում էին. «Ի՞նչ ենք կորցնում եւ ի՞նչ ենք շահում այս նորամուծությամբ. կորցնում ենք կրթության բնականոն գործընթացին անհրաժեշտ անընդհատությունը, կորուստներ ենք կրում «թողարկվող մասնագետների» որակի առումով, ինչը բացասական, երկարաժամկետ ներգործություն կունենա տնտեսության զարգացման վրա: Գիտամանկավարժական ներուժի պահպանման եւ զարգացման համար ավելի քան կարեւոր է տարկետման իրավունքի պահպանումը նաեւ ասպիրանտուրայում եւ մագիստրատուրայում սովորողների համար»:

Գրությունը ստորագրել են 12 բուհերի խիզախ ռեկտորներ, այդ թվում՝ Ռադիկ Մարտիրոսյանը, Վիլեն Հակոբյանը, Սուրեն Զոլյանը, որոնցից առաջին 2-ը այս անգամ կողմ էին նախագծին, իսկ Ս. Զոլյանի ղեկավարած Լեզվաբանական համալսարանի ուսանողությունն այս օրերին շարունակ դժգոհություններ էր հայտնում մյուս բուհերի իրենց ընկերների կազմակերպած ակցիաների առնչությամբ եւ չէր մասնակցում դրանց:

Եթե բուհերի ռեկտորներից ոմանք այս անգամ որոշել են փոխել իրենց կարծիքը, ապա ոմանք կրթության նախարարի հետ միասին, իրենց կարծիքը բացահայտ ասել անգամ չէին համարձակվում: Եվ մինչ ուսանողները պայքարում էին նախագծի դեմ, կրթության նախարարը կրթակարգերի թեման էր կարեւորում՝ շրջելով հանրապետության շրջաններով: Երեկ հերթական հանդիպումն այդ թեմայով՝ Մանկավարժական համալսարանում էր, որից հետո Սերգո Երիցյանը դարձյալ չցանկացավ որեւէ կերպ անդրադառնալ ուսանողներին հուզող՝ այդչափ կարեւոր խնդրին:

Ի դեպ, 1998-ին Վազգեն Սարգսյանը՝ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց ուսանողներին: Պաշտպանության նախարարն այն ժամանակ խոստովանել էր, որ իսկապես պետք չէր իր առաջարկած փոփոխությունը:

Այսօր «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը Մատենադարանին կից հրապարակում կհանդիպի ասպիրանտների ծնողներին, ուսանողներին, մի խոսքով՝ բոլոր նրանց, ում հուզում է այս հարցը, եւ կշարունակի պայքարը՝ այս անգամ իշխանություններից պահանջելով երաշխիքներ, որ մի քանի ամսից այս ամենը չի կրկնվի:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Կառավարության երեկվա նիստում անհասկանալի եւ անընդունելի
է դիտվել կրթության եւ գիտության նախարարության ինքնամեկուսացված կեցվածքը,
ուսանողների հետ շփումներից խուսափումը՝ իր իսկ ոլորտին վերաբերող հարցի
քննարկումների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել