Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է լինի Եվրոպայում»

Փետրվար 28,2004 00:00

«Հայաստանը պետք է լինի Եվրոպայում» Քննարկման հարթ ընթացքն աշխուժացրեց Գալուստ Սահակյանը «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը երեկ հերթական քննարկումն էին կազմակերպել՝ «Հայաստանը Հարավային Կովկասում եւ ընդլայնված Եվրոպայում» թեմայով։ Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում Հարավկովկասյան տարածաշրջանի դերը փոխվել է՝ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներն իրենց ազդեցությունն են թողնում։ Բանախոսը դա պայմանավորեց վրացական դեպքերով, Իրանում ընթացող գործընթացներով, տարածաշրջանում ընտրական մարաթոնի ավարտով եւ ՌԴ-ի դերի, ըստ Դ. Շահնազարյանի, օրեցօր թուլացմամբ։ Այսինքն, տարածաշրջանն այլեւս դիտարկվում է ընդլայնված Եվրոպայի մաս։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, մեր երկրում ԱՄՆ-ն ու Եվրոպան ունեն թե՛ ընդհանուր շահեր, թե՛ շահերի հակասություններ։ Ուստի՝ «Հայաստանի դերն այնպիսին պետք է լինի, որ հիմնականում խթանի հիմնական շահերը՝ դրանով իսկ օգտագործի այս երկու կառույցների հնարավորությունները, ինտեգրացիոն սխեմաները՝ իր շահերն առաջ տանելու համար»։ Այլապես, Ա. Ենոքյանի համոզմամբ, այս երկրներն ավելի շատ մրցակցության կգնան ու Հայաստանը կդառնա հարաբերությունների պարզաբանման թատերաբեմ։ Վերջնահաշվարկում՝ «կտուժենք այս կառույցների ակտիվացումից»,- գտնում է քաղաքագետը։ Դրա համար՝ Աշոտ Բլեյանը, Եվրոպային ինտեգրվելու առիթով առաջարկում է, որպեսզի ձեւավորվի նոր տեսակի քաղաքական ուժ։ Որն էլ նոր Հայաստանի ստեղծման պատասխանատվությունն իր վրա կվերցնի։ Պրն Բլեյանը պատրաստ է իր աջակցությունը բերելու եւ մյուսներին էլ կոչ արեց այդ կերպ դրսեւորվել։ Ընդհանուր տրամադրությունն այն էր, որ օրվա կարեւորագույն խնդիրն օրինական իշխանություններն են, որոնց ճիշտ ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը կդառնա Եվրոպայի մաս։ Քննարկումն այդպես էլ կանցներ «կոնսենսուսի» մթնոլորտում, եթե դահլիճում ներկա հանրապետական Գալուստ Սահակյանի նյարդերը տեղի չտային, եւ նա ելույթ չունենար. «Ես կարծում եմ, որ քննարկվող հարցն ու ելույթները իրար չեն հավասարակշռում։ Անընդհատ նույն լապշայից ենք խոսում։ Շատ լավ գիտենք Եվրամիությունն ինչ է, ՌԴ-ն ինչ է, ԱՄՆ-ն ինչ է։ Պետք չէ դասեր տալ, հարկավոր է դասեր քաղել։ Ես ինքս էլ կարող եմ ասել, որ մեր դատական համակարգը բարեփոխված չէ, կոռուպցիա կա… խնդիրը պետք է որոնենք այն գործընթացների մեջ, որոնք իրոք իրողություն են։ Երեկ նորից Եվրախորհրդում ԼՂՀ հինգ շրջանների հարցն էին քննարկում, այսօր մեզ այստեղ դասեր են տալիս, թե Եվրախորհուրդն ինչ է։ Իմ կարծիքով, այսօր մենք չենք կարող ֆրանսիացու, իտալացու կամ մյուսների պես մտածել, որովհետեւ ունենք ռեգիոնալ խնդիրներ։ Եվրամիությունն ինքն էլ չափորոշիչներ է ունեցել։ Կողմ եմ, որ Թուրքիան մտնի այդ կառույցի մեջ, բայց ուր մնաց Ցեղասպանությունը, քաղաքակրթությունը։ Ինչ-որ խոսում ենք, քաղաքակիրթ աշխարհի մասին ենք խոսում։ Այո՛, ես էլ եմ ասում, որ մեր երկիրը կազմակերպված պետություն չէ, բայց գոնե կարող ենք հավաքվել եւ կազմակերպված խոսք ասել, աշխարհն արդեն մեզ չի հավատում։ Ի՞նչ ենք ուզում, վերջապես կարո՞ղ ենք կոնկրետ խոսել. ի՞նչ ենք ուզում ԼՂՀ խնդրում, հարեւանների հետ հարաբերություններում… երկիրը վատն է, իշխանությունը վատ ընտրություն է անում, սաղ թագավորներին ասել ենք ու ասում ենք՝ ոչ լեգիտիմ։ Ով ասեց՝ 88-ը կամ 90-ը չի կարելի նորից ոչ լեգիտիմ համարել։ Վերջին հաշվով ինչ ենք մենք ուզում, պիտի կարողանանք ժողովրդին հասցնել»։ Գ. Սահակյանը նաեւ ցանկություն հայտնեց, որ նման քննարկումները շատ լինեն, ու հեռուստաեթերից, որ ժողովուրդը մի բան հասկանա։ Այդ ամենն ասելով, պրն Սահակյանը վեր կացավ եւ լքեց դահլիճը՝ չսպասելով իր հնչեցրած մտքերի արձագանքին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել